Ներկայիս Թուրքիայի Հանրապետության սահմաններում գտնվող հայկական Մշո Սուրբ Առաքելոցն այցելած մի շարք քաղաքացիներ, որոնց թվում է եղել նաև «1071 Ալփարսլան» միության նախագահ Թուրգայ Օզլյուն, տեղի իշխանություններին կոչ են արել վերականգնել Մշո Սուրբ Առաքելոց կիսավեր վանքը։
Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ հիմնվելով «Անադոլու» թուրքական լրատվական գործակալության հրապարակման վրա։
Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրք քաղաքացիները շրջել են գանձագողերի կողմից ավիրված հայկական եկեղեցում և ցանկություն հայտնել, որ պատմական հուշարձանը վերանորոգվի՝ տվյալ շրջանում զբոսաշրջությունը զարգացնելու նկատառմամբ։
«1071 Ալփարսլան» միության նախագահը գործակալության թղթակցի հետ զրույցում մասնավորապես նշել է․ «Որպես քաղաքացիական հասարակական կազմակերպություն՝ առիթ ունեցանք այցելել այս վայրը, որտեղ ուսումնասիրություններ կատարեցինք։ Եկեղեցին ներկայում ավերակ վիճակում է, որի հիմնական պատճառը գանձ որոնողների և անգիտակից մարդկանց վերաբերմունքն է։ Խնդրում ենք, որ նմանատիպ տեսարժան վայրերը վերանորոգվեն՝ զբոսաշրջության զարգացմանը զարկ տալու համար»։
Թուրքական պետական գործակալությունը, բնականաբար, չի նշում վանքի հայկական լինելու փաստը։
Ինչպես հայտնի է, Մշո Սուրբ Առաքելոց վանքը, որը ներկայում գտնվում է Մուշ նահանգի կենտրոնին ենթակա Քեփենեք (Արաք) գյուղում, հիմնվել է դեռևս 4-րդ դարում Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից։ Մշո Սուրբ Առաքելոցը նախքան 1915 թ․ Հայոց ցեղասպանությունը տվյալ շրջանի ամենանշանավոր սրբավայրերից մեկն էր։ Վանքը 1960 թ․ դինամիտով պայթեցվել է Մշո նահանգապետարանի կողմից, որի հետևանքով այս վանական համալիրից մեր օրեր են հասել միայն 2 եկեղեցի։ Վանքը վերանորոգվել է 1125 թ․։ Վանքի արևելյան կողմում 9 խաչքարեր կային։ 1915 թ․ Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքերը հարձակվել են վանքի վրա և սպանել եկեղեցու վերջին սպասավոր Հովհաննես Վարդապետ Մուրադյանին։
Թարգմանեց Մելինե Անումյանը