Այսօր Լոռու մարզի Դեբեդ գյուղում վերջին հրաժեշտը տվեցին նոյեմբերի 16-ին Սյունիքի մարտական գործողություններում զոհված պայմանագրային Դավիթ Ամիրյանին:
41-ամյա Դավիթը ՀՀ զինված ուժերում ծառայում էր մոտ 6 տարի: Սյունիք էր մեկնել նոյեմբերի 6-ին: Դավիթին հարազատները տեսել էին տելեգրամյան ալիքով՝ վիրավորում ստացած: Մինչ փորձել են տեսանյութի մասին տեղյակ պահեն ՊՆ-ին ու Կարմիր Խաչին, ճանապարհին լսել են զինծառայողի մահվան լուրը. «Զորամաս էինք գնացել, հետաքրքրվում էինք Դավիթի մասին: Տեսանյութը գտանք գիշերը: Եղբայրը զանգեց ասեց, որ տեսանյութը կա, վիրավոր է Դավիթը: Առավոտյան պայմանավորվեցինք, որ գնանք նախարարություն: Բայց ճանապարհին իմացանք մահվան լուրը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Դեբեդ համայնքի ղեկավար Աշոտ Ղազարյանը:
Դավիթն ամուսնացած չէր: Հերոսին հուղարկավորել են զինվորական կարգով: Դավիթը նաեւ 44-օրյա պատերազմի մասնակից էր:
Միեւնույն կռվի ժամանակ Դեբեդ համայնքից մեկ այլ զինծառայող՝ Հարություն Սարգսյանն էլ գերի է ընկել: Հարությունի ծնողները եւս իրենց որդուն ճանաչել են ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկով տարածված տեսանյութից. «Հարությունի ընտանիքի անդամները տեսահոլովակում տեսել են, ճանաչել են ու գնացել Պաշտպանության նախարարություն, հայտարարություն են տվել: Ապացույցներ են ներկայացրել»,-ասաց համայնքի ղեկավարը:
Կարդացեք նաև
Հարությունը նույնպես պայմանագրային զինծառայող է, երեք երեխաների հայր:
Իսկ նույն գյուղի բնակիչ Կառլեն Ստեփանյանից մինչ օրս որեւէ նորություն չունեն. «Կառլենն ընդհանրապես որեւէ տեսահոլովակում չի երեւում: Անընդհատ ուսումնասիրում ենք, որ ինչ-որ տեղ երեւալու դեպքում նույն գործողությունը Կառլենի համար անենք: Հիմա սպասում ենք, հետեւում ենք տարածվող տեսանյութերին, փորձում ենք նաեւ Կառլենին ճանաչենք»,- ասում է Աշոտ Ղազարյանն ու նշում, որ Կառլենն ամուսնացած է, ունի 1 երեխա:
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմին մասնակից էին նաեւ Դեբեդ համայնքի բնակիչները: Մոտ 40 հոգի մեկնել էր սահման, պաշտպանելու հայրենի հողը: Տղաներից 6-ը ստացել էր վիրավորում:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարում՝ Դավիթ Ամիրյանն է, լուսանկարը՝ Դեբեդի համայանքապետարանի ֆեյսբուքյան էջի