«Մեզ համարեք ձեզնից մեկը: Այս պայքարը, որ սկսվել է բավականին երկար ժամանակ ու հիմա ծավալվում է, ընդունեք՝ ընդդիմադիր մանդատները ձերն են»,- «5165» շարժման ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Շարժման մասնակիցներից Մենուա Սողոմոնյանը, դիմելով պատգամավորներին, ասաց. «Պատգամավորներին` որպես ՀՀ-ում իշխանության առաջնային մանդատ ունեցող մարմնի ներկայացուցիչների, որն ըստ Սահմանադրության վերահսկողություն է իրականացնում կառավարության նկատմամբ, հորդորում ենք՝ գործադրի անհրաժեշտ բոլոր լիազորությունները, ջանքերն ու կարողությունները Նիկոլ Փաշինյանից պահանջելու, որպեսզի բացահայտի այն փաստաթղթի բովանդակությունը, ինչի մասին ԱԺ-ում հայտարարել է, որն իր կարծիքով ընդունելի է իր համար, սակայն մեր կարծիքով՝ առկա են ռիսկեր այդ փաստաթղթի հետ կապված, որ դրանով կարող են զիջվել կենսական նշանակության տարածքներ, բարձունքներ, ռիսկ կա, որ Արցախը կճանաչվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս»:
Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց՝ նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԺ-ում նախատեսվում են լսումներ՝ օրակարգում ունենալով այդ հարցերը:
Արծվիկ Մինասյանը վստահեցրեց՝ հետևողական են լինելու պայքարում և հիշեցրեց՝ մենք էլ փողոցային պայքարի մեջ էինք ձեզ հետ:
Կարդացեք նաև
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն էլ շեշտեց՝ այս պայքարում կուսակցական, կամ այլ պատկանելիությունը էական չէ, էականը երկրի շահն է:
Արծվիկ Մինասյանը նաև նշեց, որ ՀՀ ԱԺ-ում կազմակերպվելիք լսումներին կմասնակցեն նաև շարժման մասնակիցները:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ