Լրահոս
Օրվա լրահոսը

«Կռվին մենք պատրաստ ենք, ժողովրդին վախեցնել պատերազմով, նշանակում է հերթական մանիպուլյացիան անել». Կարին Տոնոյան

Նոյեմբեր 22,2021 21:40

«Ես երեկ գիշեր եմ վերադարձել Սյունիքից, կուզեմ ներկայացնեմ, թե ինչպիսի «խաղաղություն» է Սյունիքի համար բացվել»,- այսօր Հանրապետության հրապարակում «5165» շարժման նախաձեռնությամբ բողոքի ցույցի ժամանակ ասաց «Իմ քայլի» նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Հիշեցնենք, որ ցույցը ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման ստորագրվելիք փաստաթուղթը հրապարակելու պահանջով էր:

Սոֆյա Հովսեփյանը հիշեցրեց, որ երբ ամիսներ առաջ գաղտնի փաստաթղթերից մեկը հրապարակվեց, ԱԺ-ում բողոքում էին, թե ի՞նչ հիմքերով է Շուռնուխում, Որոտանում եւ առհասարակ Գորիս-Կապան ճանապարհահատվածին հայտնվել ադրբեջանական անցակետը եւ արդյոք դա կար նոյեմբերի 9-ի պայմանավորվածության մեջ. «Վարչապետը ներկայացրեց, որ դա բանավոր պայմանավորվածության հիմքով է: Ամիսներ հետո բացի այդ ճանապարհից, դրված է նաեւ անցակետ, 5 գյուղ գտնվում է շրջափակման մեջ»:

Շարժման անդամները երթով շարժվեցին դեպի նախագահական ու Ազգային ժողով՝ հայտնելով, որ այդ երկու մարմիներն են սահմանադրությամբ պատասխանատվություն կրում. «Մենք չենք ընտրել Նիկոլ Փաշինյանին, ԱԺ-ն է ընտրել: ՀՀ նախագահն էլ հանդիսանում է տարածքային ամբողջականության կրողը, նաեւ սահմանադրության երաշխավորը»:

Շարժման հիմնադիր Կարին Տոնոյանն ասաց, որ մինչ օրս Նիկոլ Փաշինյանի ստորագրած բոլոր փաստաթղթերը եղել են ի վնաս մեզ, ի վնաս Արցախի ու վստահել նրան, ոչինչ չանել՝ նշանակում է ազգադավ լինել. «Յուրաքանչյուր հայ պետք է իր իրավունքի տերը դառնա ու պահանջի, որ հանրաքվեով այդ հարցը լուծվի»: Ըստ Տոնոյանի, այս իշխանությունները ուրիշի կամքն են կատարում, արտաքին ուժերի ազդեցության տակ են. «Կռվին մենք պատրաստ ենք: Ժողովրդին վախեցնել պատերազմով, դա նշանակում է հերթական անգամ մանիպուլյացիա անել, որովհետեւ պարզ տեսնում ենք, որ պատերազմը շարունակվում, սողալով առաջ է գալիս ու մենք ամեն անգամ կորցնում ենք զավակներ, ունենում ենք գերիներ ու ամեն անգամ ավելացնում ենք մեր հերոսների թիվը: Մենք այլեւս ոչ հերոսներ ենք ուզում, ոչ զոհեր ենք ուզում, ուզում ենք մեր զավակները ծառայեն ու վերադառնան»:

Նրա խոսքով՝ բանակը պետք է զինել ու ազգադավ հրաման տվողները, որոնք չկրակելու հրաման են տվել, պետք է պատասխան տան. «Պետք է պատասխան տան ԳՇ պետը՝ Արտակ Դավթյանը, որը 2018-ից սկսած՝ անընդհատ հողեր է հանձնում՝ սկսած Նախիջեւանի սահմանից: Ով  այս ամենը թելադրում, ով է այս քաղաքականությունը վարում, մեզ որ կողմն էլ տանում են, ընդամենը պահանջում ենք իրազեկել, թե ուր են տանում»:

Երթի մասնակիցները նախագահականի նստավայրի դիմաց ներկայացրեցին իրենց հորդորը. «Եկել ենք խնդրելու, հորդորելու ՀՀ նախագահին իր ունեցած լիազորությունների, իր կարողությունների, հեղինակության շրջանակներում գործադրել այդ ամենը՝ ազդելու Նիկոլ Փաշինյանի վրա, որպեսզի վերջինս հրապարակի իր սեղանի վրա դրված փաստաթուղթը, որը վերաբերում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի սահմանազատման, սահմանագծման աշխատանքներին, որի հետ կապված մենք ունենք ռիսկեր, վտանգներ, որ այդ փաստաթղթով կարող են պարտադրվել ոչ հայանպաստ զիջումներ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930