Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում մանկահասակ երեխաների աչքի առջև հորը սպանելու քրգործով դատական նիստը մեկնարկել է

Նոյեմբեր 22,2021 19:07

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր պիտի լսվեր Գյումրու «Մուշ» թաղամասում  այս տարվա մարտի 15-ին տեղ ունեցած վենդետայի գործով դատական նիստը, սակայն այն հետաձգվեց  ամբաստանյալին  կալանավայրից  տեղափոխել չկարողանալու պատճառով։

Ուղեկցող ջոկի հրամանատարի ժ/պ-ն հեռախոսազանգով դատարանին տեղեկացրել  էր, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով  չեն կարող ամբաստանյալի ներկայությունն ապահովել։

Այս գործով դատավորը  Նարեկ Բեգլարյանն է։

Հիշեցնենք՝ սպանության մեջ մեղադրվում է  34-ամյա Հրաչյա Արտուշի Թամոյանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 34-104 հոդվածի 1-ին մասով, 112 հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով։

Նա մեղադրվում է մարտի 15-ին՝ ժամը  14․00-ի սահմաններում, իրենց  շենքի բակում հարևանի՝ 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանի մարմնի տարբեր մասերին` կոկորդին, աչքի տակ, որովայնին, թևերի հատվածում դանակով ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով սպանելու, ինչպես նաև  դեպքին միջամտող Ռաֆիկ Մնացականյանի կնոջը և հորաքրոջ տղային մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։

Վերջինս, ըստ էության, վրեժ էր լուծել այն բանի համար, որ  Ռաֆիկ Մնացականյանի մեքենայով Երևան ուղևորվելիս՝ սառցակալված ճանապարհների պատճառով տեղի ունեցած ավտովթարից դժբախտ պատահարի զոհ էին դարձել իր եղբայրն ու հայրը։

Վթարը տեղի էր ունեցել հունվարի 30-ին, դրանից դեռ երկու ամիս չանցած՝  Թամոյանների կրտսեր որդին վրեժ է լուծել։

Վթարը տեղի էր ունեցել Արագածոտնի մարզում, վթարի զոհ դարձած 36-ամյա Էմիլ Թամոյանն աշխատել է ոստիկանության «Մուշ» բաժնի քրեական հետախուզության բաժնում՝ որպես ավագ օպերլիազոր։ Նա մասնակցել էր արցախյան գոյամարտին ու Շուշիի մշակույթի տանը տեղի ունեցած ռմբակոծությունից կորցրել էր ձեռքը։ Վերջինս իր հոր՝ Արտուշ Թամոյանի հետ հունվարի 30-ին իրենց հարևանի՝ Ռաֆիկ Մնացականյանի մեքենայով մեկնել էին Երևան՝ ձեռքը պրոթեզավորելու։

Ռաֆիկ Մնացականյանը, որը երկու մանկահասակ երեխաների հայր է, տունը պահել էր՝ տաքսու վարորդ աշխատելով։ Ողբերգական ավտովթարից Էմիլ Թամոյանը տեղում մահացել էր, իսկ նրա հայրը, որին տեղափոխել էին հիվանդանոց, մահացել էր մի քանի օր անց։
Ռաֆիկ Մնացականյանի կինը՝ Անուշ Սարդարյանը,  Aravot.am-ին պատմել էր,  որ իր երկու երեխաները պատուհանից տեսել են հոր սպանվելը,  նրանց աչքի առաջ կտրել էին հոր կոկորդը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930