Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք դեռ կանք, չպետք է թույլ տանք, որ Սյունիքից մեկ սմ տրվի թշնամուն». քաղաքացիական հավաք՝ Հանրապետության հրապարակում

Նոյեմբեր 22,2021 19:01

«Մենք դեռ կանք», «Մենք դեռ կանք»,- այս վանկարկումներում Հանրապետության հրապարակում այս պահին անցկացվում է քաղաքացիական հավաք: Հավաքի նպատակն է  կանխել սահմանագծման և սահմանազատման հակահայկական ծրագիրը, այդ թվում՝ պահանջելով հրապարակել ստորագրման ներկայացված փաստաթղթերը, թույլ չտալ միջանցք տրամադրել թշնամուն, պահանջել, որ Հայաստանի իշխանությունները լիարժեք զինեն առաջնագիծը և պաշտպանեն ՀՀ տարածքային ամբողջականությունը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 20-ին Գորիսում կայացած հանրահավաքում տրվեց Գորիսի անվտանգության խորհրդի ստեղծման մեկնարկը։  Գորիսի մտավորականության հետ հավաքին մասնակցեցին լրագրող-վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը, նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որոնք հանրապետության այլ մարզերի բնակիչների հետ ավտոերթով հասել էին Գորիս։

Երևանում՝ Հանրապետության հրապարակում Նաիրի Հոխիկյանը հայտարարեց. «Չպետք է թույլ տանք, որ Սյունիքից մեկ սմ տրվի թշնամուն: Ազատագրական շարժումը խնդիր է դրել հնարավորինս արագ հասնել մեր պատկերացրած սպառնալիքների վտանգների չեզոքացմանը: Այս շարժումը քաղաքացիական նախաձեռնություն է, այն որևէ կուսակցության չի պատկանում, շարժումը կոնկրետ ազգային-հայրենասիրական նախաձեռնություն է և չի սպասարկում որևէ կուսակցության շահ: Այս շարժումը վերկուսակցական, վերանձնային է, թույլ չենք տա, որ որևէ քաղաքական ուժ փորձի օգտվել մեր ձեռքբերումներից»:

Նաիրի Հոխիկյանը հայտարարեց՝ չկան անպետք հողեր:

Այնուհետև տեղեկացրեց՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երբևէ սահմանագծում և սահմանազատում չի եղել ու պարզաբանեց. «Միջպետական սահմանի ճանաչում եղել է 1918-ին, երբ առաջին անգամ քարտեզի վրա հայտնվեց արհեստական պետություն կոչվող Ադրբեջանը: Դրանից հետո, երբ Հայաստանը և Ադրբեջանը դարձան խորհրդային պետություններ, որևէ օրինական սահմանագծում տեղի չի ունեցել: Միակ օրինական միջպետական փաստաթղթով ՀՀ տարածքի մեջ են մտնում Արցախը, Քարվաճառը, Քաշաթաղը, մինչև Կովսական՝ ՀՀ տարածքի մեջ է մտնում Նախիջևանը, Շահումյանի շրջանը: Սա է միակ իրավական միջազգային նորմը: Այսօր Ադրբեջանն ամեն կերպ փորձում է պարտադրել, որ մենք ստորագրենք այս խայտառակ փաստաթուղթը, որով ՀՀ-ն փաստացի ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն այնպիսին, ինչպիսին նրան է ձեռնտու, որի կազմում է լինելու Արցախը և մեր հայրենիքի բազմաթիվ տարածքներ: Համաձա՞յն եք տալ Արցախը, Քաշաթաղը»: Հավաքի մասնակիցները գոչեցին՝ ոչ: Նաիրի Հոխիկյանը վստահեցրեց՝ ազատագրական շարժումով տեր ենք կանգնելու մեր երկրի ամեն սանտիմետրին:

Նշենք, որ հավաքին մասնակցում են նաև ՀՀ ազգային փոքրամասնությունները՝ եզդիներն ու ասորիները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930