Տեղեկատվական ու հեռահաղորդակցային տեխնոլոգիաները որոշիչ դեր են խաղում ցանկացած երկրի տնտեսության զարգացման գործում: Ըստ այդմ՝ տնտեսության թվայնացումն ու պետության թվային օրակարգի իրագործումը նախ և առաջ ենթադրում են ՏՀՏ ոլորտի ընկերությունների թվային վերափոխում:
Ի՞նչ է թվային վերափոխումը։ Դա թվային տեխնոլոգիաների ու լուծումների կիրառումն է ոչ թվային տեխնոլոգիաների ու լուծումների փոխարեն՝ ծառայություններն ու բիզնեսը վերափոխելու նպատակով, ինչպես նաև՝ արդեն իսկ գործող թվային տեխնոլոգիաների արդիականացումը: Այսպիսով՝ թվայնացումը տեխնոլոգիաների և դրանց վրա հիմնված՝ լուծումների որակապես նոր մակարդակի ներդրումն է, այլ ոչ թե գործող հզորությունների ավելացնելը։
Թե՛ աշխարհում, թե՛ մասնավորապես Հայաստանում, ՏՀՏ ոլորտի ընկերություններն կանգնած են եղել երկընտրանքի առաջ. սեփական ենթակառուցվածքը ծառայեցնել թվային լուծումների համար իբրև միջնորդ հարթակ, թե թվային ծառայություններ մատուցել անմիջականորեն՝ շուկային առաջարկելով սեփական լուծումներ: Շատ կարևոր է նաև պետության ու հանրային շահերը ներկայացնող՝ կարգավորող մարմնի դերը տնտեսության, ինչպես նաև ՏՀՏ ոլորտի թվայնացման օրակարգին ուղղություն տալու և համագործակցության ասպարեզում:
Հայաստանի թվային օրակարգին վերաբերող այս և նման այլ խնդիրներ են քննարկվել Խելացի լուծումների կիրառությանը նվիրված՝ Silicon Mountains 2021 տեխնոլոգիական միջազգային գագաթնաժողովի ընթացքում՝ «ՏՀՏ ենթակառուցվածքը՝ որպես թվային տնտեսության հիմք» խորագրով պանելային քննարկման ժամանակ: Քննարկման մասնակիցներն են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, Յուքոմ ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը, Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու «Ռոստելեկոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Գագաթնաժողովի հատուկ հյուրն էր Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Չի-Ֆուն Չանը (Chi-Foon Chan), ով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի (GIT Award 2020) մրցանակակիրն է։
«Երբ տարիներ առաջ, 2006 թվականին ՀԾԿՀ-ն ստանձնեց ոլորտի կարգավորման գործառույթը, խնդիր էր դրված մեծ ուշադրություն դարձնել ենթակառուցվածքների զարգացմանը: Համատեղ ջանքերով, մրցակցային սկզբունքներին հավատարիմ՝ մեր երկրում հաջողվեց լուծել այդ հարցը: Այսօր արդեն այլ մարտահրավերներ կան: Նոր տեխնոլոգիաների համար պահանջվող ներդրումներն ահռելի են, իսկ ներկայումս թվային ծառայությունների սպառման ծավալները՝ ցածր: Ուստի, այստեղ մեծ է պետության դերն այդ ծառայությունների լայն տարածման, դրանց պատվերների ապահովման միջոցով խթանելու մասնավոր հատվածի ներդրումները նոր տեխնոլոգիաներում», – ասել է ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը:
«Ըստ փորձագետների 2022 թվականին ինտերնետին միացված սարքերի թիվն աշխարհում կգերազանցի 29 միլիարդը, իսկ դրանց 40%-ը կլինեն շարժական։ Հայաստանում թվային տնտեսության մասին խոսելիս, մենք ոչ միայն պետք է մտածենք խելացի տան, ամպային, արհեստական բանականության հիման վրա աշխատող տեխնոլոգիաների ներդրման ու հանրայնացման մասին, այլև արագացնենք թվայնացումը հասարակական առավելապես մեծ արժեք ունեցող ոլորտներում, ինչպիսիք, օրինակ, փոքր ու միջին ձեռնարկություններն են, որոնք, կարելի է ասել՝ չեն օգտվում առաջադեմ ամպային ծառայություններից։ Դպրոցներից սկսած թե՛ պետության, թե՛ Ucom-ի, թե՛ գործընկեր օպերատորների անելիքը շատ է», – ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
«Շատ կարևոր է հեռահաղորդակցության դերը՝ որպես թվային տնտեսության կայացման, զարգացման և առաջխաղացման հիմնական ենթակառուցվածք։ Այս համատեքստում իր ուրույն դերակատարությունն է ունենալու հեռահաղորդակցության էվոլյուցիոն հաջորդ փուլը՝ անցումը ենթակառուցվածքային նշանակության ծառայությունների մատուցումից դեպի բովանդակություն, ՏՏ լուծումների՝ ներառյալ ամպային ծառայությունների տրամադրումը, ինչն էլ արդեն մեկնարկել է մեր ընկերության կողմից։
Թվային տնտեսության կայացման գործընթացում կարևոր է նաև թվային ծառայությունների առկայությունը և հետագա զարգացումը պետական ոլորտում։ Եվ այստեղ, հիմք ընդունելով զարգացած երկրների փորձը, կարևոր է, որ պետությունը ստանձնի առաջատարի դերը՝ կիրառելով բոլոր համապատասխան ենթակառուցվածքներն ու լծակներն առաջադեմ թվային էկոհամակարգ ձևավորելու նպատակով», – նշել է «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
««Հեռահաղողորդակցությունը որպես «Խելացի խողավակ» (Smart pipe) կամ «Կույր խողովակ» (Blind pipe) բանավեճի ելքը հօգուտ առաջինի, կանխորոշեց հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հետագա ընթացքը: Այսօր նորարարական տեխնոլոգիաների զարգացումը մեծապես խթանում են հենց ՏՀՏ ոլորտի ընկերությունները՝ քանի որ սպառողների կողմից կա պահանջարկ՝ ավելի հարմարավետ թվային գործիքների՝ հարթակների ու հավելվածների, ամպային պլատֆորմների։ Միաժամանակ՝ ՏՀՏ ոլորտը խթանում է զարգացումը ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում և այս ոլորտի ընկերությունների՝ ներառյալ հայկական սթարթափների արտադրանքի, առկա կամ պոտենցիալ սպառողն է՝ քանի որ հենց ինքն է հասկանում թվային վերափոխման հրամայականը։ Որակապես նոր կերպով օպտիմալացվում, ինտեգրվում են տարբեր սարքեր, սարքավորումներ և ենթահամակարգեր՝ թույլ տալով առավել արդյունավետ կառավարում, ավելի բարձր կանխատեսելիություն, ծախսերի ու ռիսկերի նվազեցում՝ ապահովելով բիզնեսի զարգացման համար ավելի հարմարավետ միջավայր և ի վերջո՝ կյանքի որակի բարելավում։ Այս ամենի հետ մեկտեղ առկա են այնպիսի մարտահրավերներ, որոնցում մրցակցությունն առաջնային չէ և որոնց լուծման բանալին ՏՀՏ ոլորտի ու պետության սերտ ու անկեղծ համագործակությունն է», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Միջոցառման կազմակերպիչը Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն էր: Գագաթնաժողովի գլխավոր հովանավորը «Յունիքոմփ» ընկերությունն է, աջակիցներն են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն ու «ԱԿԲԱ բանկ»-ը:
«Յուքոմ» ՓԲԸ մամլո ծառայություն