Լրահոս
Օրվա լրահոսը

«Կապ չունի տարիքը. ամեն մեկը իր անելիքը պետք է անի». 69-ամյա սիսիանցին միացել է ՈՄԱ-ին

Նոյեմբեր 22,2021 18:37

Մասնագիտությամբ ինժեներ-հիդրոտեխնիկ 69-ամյա Գևորգ Ասատրյանը Սիսիանում ՈՄԱ-ի (Ողջ մնալու արվեստը) Սիսիանի մասնաճյուղի արագացված դասընթացների մասնակիցներից է: Նա 17 տարի բանկի կառավարիչ է աշխատել, սակայն Արցախյան երկրորդ պատերազմից հետո որոշել է միանալ ՈՄԱ-ին և մարտ ամսից արդեն մասնակցում է պարապմունքներին:

«Արդեն մենք ազգովի պետք է պատրաստ լինենք, որ մենք մեզ կարողանանք պաշտպանենք: Եթե մենք մեզ չպաշտպանենք, ոչ մեկը մեզ չի պաշտպանելու»,- ասում է պարոն Գևորգը:

Նա հիշում է, որ նոյեմբերի 16-ին կրակոցների ձայներ են լսվել Սիսիան քաղաքում, սակայն ոչ բոլորն են գիտակցում իրավիճակի լրջությունը. «Մենք պետք է միանգամից ազգ-բանակ դառնանք, երկիրն էլ՝ ամրոց: Ամեն մի համայնք պետք է ամրոց լինի: Սա է ստիպում: Եվ կապ չունի տարիքը. ամեն մեկը իր անելիքը պետք է անի»:

Պարոն Գևորգը պատմում է, որ միշտ սպորտով է զբաղվել, և միշտ էլ խմբում ամենաավագն ինքն է եղել. «Չեմ կարող ասել, որ դժվարություններ են եղել, ընդամենը ցանկություն է պետք, որ ինչ-որ մի բանով պիտանի լինենք: 44-օրյա պատերազմի ժամանակ շատ վատ էինք զգում, որ ոչինչով չէինք կարող օգնել: Մտածում էինք գնանք, բայց որ գնանք պետք է թիրախ լինենք թշնամու համար, որովհետև ո՛չ զենք օգտագործել, ո՛չ նորմալ մարտավարություն գիտեինք: Ոչինչ չիմանալով գնալով ավելի մեծ վնաս կտայինք: Դա ստիպեց, որ այսպիսի մեծ տարիքում սովորենք: Քանի ապրում ենք, պետք է սովորենք»:

Իսկ եթե տարիքի պատճառով իրեն թույլ չտան մասնակցել ռազմական գործողությունների, պարոն Գևորգը պատրաստ է նաև թիկունքում աշխատանքներ կատարել. «Համապատասխան օգնություն կարող ենք ցուցաբերել բանակին: Եվ մեր կազմակերպությունն էլ, հասարակական կազմակերպություն է, որը բանակից դուրս չէ: Եթե որևէ գործողությունների մասնակցում ենք, բանակի կազմում պետք է լինենք, որովհետև արդեն պետություն ունենք: 90-ականներին, երբ պետականություն չունեինք, կամավորական ջոկատներով էինք կռվում: Հիմա, երբ բանակը կա, բանակի կազմում պետք է լինենք, որ մի օգուտ տանք»:

Պարոն Գևորգը ընդգծում է, որ իրենք մտածում են միայն Հայաստանի սահմանները անառիկ պահելու մասին. «Իսկ իրենք (նկատի ունի Ադրբեջանը, խմբ.) վատ են զգում, որ չեն կարող այդ սահմանները խախտել: Եվ խաղաղության միակ գրավականը ուժն է, ցավոք սրտի, բայց ուժն է, որովհետև ոչ բոլոր ժողովրդներն են հասկանում խաղաղության գինը: Մանավանդ, մեր հարևանները: Իսկ խաղաղություն ցանկացողը պետք է միշտ պատրաստ լինի պատերազմի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930