Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուր հայ մարդու առաքելություն պետք է լինի զինվոր լինելը». ՈՄԱ-ն արագացված դասընթացներ է սկսել

Նոյեմբեր 22,2021 18:29

Նոյեմբերի 16-ին տեղի ունեցած սահմանային լարվածությունից հետո, ՈՄԱ-ն (Ողջ մնալու արվեստը) Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում արագացված դասընթացներ է սկսել: Դասընթացներին մասնակցում են և՛ կանայք, և՛ տղամարդիկ՝ անկախ տարիքից: Սովորում են ինչպես կրակել, տարբեր մարտավարություններ, առաջին օգնություն, ինչպես նաև ազգային պարեր: Իսկ առաջադրանքը սխալ կատարելու դեպքում՝ «ժիմի դիրք»:

Հրահանգիչը սիսիանցի 30-ամյա Նարեկ Հայրապետյանն է: Չնայած Երևանում աշխատում է որպես փոխտնօրեն և երկար տարիներ զբաղվել է ազգային պարով, բայց ժամանակ է գտնում է Սիսիանում այս դասընթացները անցկացնելու համար:

«ՈՄԱ-ին անդամագրվել եմ այս տարվա հունվարին: Տարեսկզբին հրահանգիչների դասընթացներ էին, և մենք Սիսիանից երկու հոգով գնացինք պատրաստվեցինք, որ Սիսիանում ունենանք ՈՄԱ-ի մասնաճյուղ»,- հիշում է Նարեկը:

Նա համարում է, որ յուրաքանչյուր հայ մարդու առաքելություն պետք է լինի զինվոր լինելը. «Մեր չորս բոլորը թշնամիներ են, մենք՝ մի փոքր երկիր: Լինելով ուսուցիչ առաջնային եմ համարել զբաղվել ՈՄԱ-ով, նաև մարտական գործին տիրապետեմ, ինչ-որ մի ձևով, ինչ-որ մի կարգավիճակով պիտանի լինեմ հայրենիքին»: Սկիզբը դժվար է, բայց Նարեկը համարում է՝ ցանկացած նոր բան սովորելիս դժվարություններ միշտ լինում են. «Ցանկացած նոր բան բարդ է: Մեր մարզումները չեք պատկերացնում՝ ինչ սարսափելի էին, ես չէի կարողանում ձիգ քայլել: Բայց ես գիտակցել եմ, թե դա հանուն ինչի է: Դրա համար՝ ինչ-որ չափով՝ 10 տոկոսով, բավարարվածություն եմ զգում իմ անձի նկատմամբ, որ կարողանում եմ հասարակությանը, իմ հայրենակիցներին սովորեցնել, կրթել, ռազմական գործին ծանոթացնել»:


Ըստ նրա, դասընթացները բավականին արդյունավետ են, քանի որ ֆիզիկատակտիկական և ուժային մարզումներ են կատարում. «Այս պահին դասընթացները արագացված են, բայց առհասարակ ծրագիրը բավականին ծավալուն է: Ծրագրի մեջ ներառված է ատրճանակ, ալպինիզմ, առաջին բուժօգնություն, մարտավարատակտիկական պարապմունքներ, ֆիզիկական պարապմունքներ, դանակի նետումներ, և այդպես շարունակ: Այս պահին արագացված ենք անում, անում ենք միայն առաջին բուժօգնություն և մարտավարատակտիկական և ֆիզիկական: Այսինքն՝ այս վերջին իրավիճակով նաև պայմանավորված կարող է մեր ռեսուրսը օգտագործելու խիստ անհրաժեշտություն լինի, որ անպայման ինչ-որ մի կերպ կարողանանք մասնակից դառնալ»:

Երբ ՈՄԱ-ի մասնաճյուղը բացվել էր Սիսիանում, այն մոտ 70 մասնակից ուներ: Սակայն, ըստ Նարեկի, շատ էր հետաքրքրվածների տարիքային տարբերությունը: Դեռահասների համար առանձին խումբ ստեղծվեց՝ ոչ շատ ծանրաբեռնված: Սակայն, վերջերս այդ պարապմունքները դադարեցվել են: «Քանի որ փոքր են, ողնաշարի հետ կարող է խնդիր առաջանալ: Չի՛ կարելի»,- ասում է Նարեկը: Այժմ հիմնական խումբը բաղկացած է 25 հոգուց, որոնք ավելի քան 8 ամիս մասնակցում են դասընթացներին. «Կարող եմ վստահ ասել, որ այդ 25-ն էլ վստահ տիրապետում են առաջին օգնությանը: Եվ միայն պատերազմի մասին չի խոսքը, քաղաքացիական ինչ-որ խնդիրների, բնական աղետի դեպքում էլ՝ երկրաշարժ, ջրհեղեղ, իրենք ի վիճակի են մարդկանց առաջին օգնություն ցուցաբերել»:

Նարեկն ընդգծում է, որ դարեր շարունակ հայերը գտնվում են պատերազմական գոտում, և միայն այդ հանգամանքը պետք է ստիպի, որ յուրաքանչյուրը թե՛ պատերազմական, թե՛ քաղաքացիական ամենահասարակ նորմերին տիրապետի. «Եթե մենք ազգովի համախմբվենք այս մարզումների շուրջ, այս նախաձեռնության շուրջ, հավատացե՛ք, թուրքը այդ մասին իմանալու է, և հաստատ նախահարձակ չի լինի: Պատահական չէ, որ ՈՄԱ-ն իր համար շատ լուրջ խնդիր է, իրենք ՈՄԱ-ն ահաբեկչական կազմակերպություն են համարում: Ցավալի է, բայց դա է: Բայց դա մեզ չի հետաքրքրում: Շատ արագ կազմակերպված վարժություններ կան, այսինքն՝ եթե դու ունես մկանային հիշողություն, պատերազմի ժամանակ արագ անում ես, ու ապահովագրում ես ինքդ քեզ: Եթե ընկերդ վիրավորվեց, արյունահոսություն ունի, շատ արագ կարողանում ես ընկերոջդ առաջին օգնություն ցուցաբերես»:

15-ամյա Բասենցի Ազոյանը այստեղ ամենակրտսերներից է, 10 ամիս է, ինչ միացել է ՈՄԱ-ին. «Ինձ հետաքրքրեցին դասընթացները, քանի որ սիրում եմ զինվորական կյանքը, և փոքրուց ուզել եմ դառնալ զինվորական՝ հետախույզ: Եվ այստեղ շատ բաներ եմ սովորում, ու մինչև հիմա էլ այցելում եմ: Պապիկս նույնպես զինվորական էր, հայրս էլ է զինվորական, մայրս նույնպես մասնակցում է ՈՄԱ-ի դասընթացներին: Քանի որ պատերազմական իրավիճակ է, մենք բոլորս էլ պարտավոր ենք այստեղ գալ: 14 տարեկան երեխան գնում է իր հորը օգնելու՝ սահման, և մենք էլ կարող ենք սահմանի զինվորներին օգնել»:

Հրահանգիչ Նարեկը ժամանակ առ ժամանակ կրկնում է, որ դասընթացի մասնակիցները ապագայում հրահանգիչ են լինելու և գործը շարունակելու են: Այդպես նոր մասնակիցներին ավելի փորձառուներն են նախապատրաստում և կիսվում իրենց գիտելիքներով:

Այդպես 18-ամյա Գոռ Մաթևոսյանը օգնում էր նոր մասնակիցներին: Նա արդեն մոտ մեկ տարի է մասնակցում է դասընթացներին՝ մասնաճյուղի բացման օրվանից այստեղ է. «Վստահ եմ, որ առանց պատրաստվածության չենք կարող կանգնել մեր զինվորների կողքին ու պահպանենք մեր սուրբ հողը»:

Կատյա Բաբայանը մասնակցել է մի շարք վերապատրաստումների և այժմ էլ ՈՄԱ-ի աշխատանքներում ներգրավված է որպես բուժակ և առաջին օգնություն է սովորեցնում դասընթացի մասնակիցներին: Չնայած դրան՝ մասնակցում է նաև ֆիզիկական պարապմունքներին. «ՈՄԱ-ին միացել եմ ամռանը: Եկավ մի պահ, որ հասկացա, որ անպայման պետք է միանամ, որովհետև իմ կարիքն էլ կա՝ որպես առաջին օգնության դասավանդող և փորձեցի համատեղել: Իսկ հիմա ամբողջությամբ եմ ժամանակս տրամադրում, որովհետև այս պահին մեր տարածաշրջանում լարվածության հետ մեկտեղ ավելի եմ կարևորում այս աշխատանքը»:

Հիշում է, որ սկզբում դժվար էր. «Ամբողջ մարմինս էր բռնվում ու ցավում, դժվար էի քայլում, դժվար էի գնում աշխատանքի: Բայց ընկերների օգնությամբ շատ արագ հաղթահարեցի այդ շրջանը, քանի որ բոլորն էին պատրաստ սովորեցնել: Վերապատրաստման ժամանակ էլ սկսեցի տիրապետել գրեթե ամեն ինչին: Եվ երբ սկսում ես զբաղվել, մկաներդ էլ են սովորում, հեշտանում է շատ»:

Կատյան սովորեցնում է մյուս մասնակիցներին ինչպես դադարեցնել արյունահոսությունը, կատարել ճնշող վիրակապեր, զարկերակային արյունահոսությունը դադարեցնել, վերականգնել գիտակցության կորուստը. «Այսինքն՝ այնպիսի բաներ, որոնք անհրաժեշտ կլինեն ինչպես մարտի դաշտում, այնպես էլ առօրյայում: Նաև առաջիկայում կսովորենք վիրավորների տեղահանում»:

Իսկ անդրադառնալով խմբում առկա տարիքային տարբերություններին՝ Կատյան ասում է. «Իհարկե՛, տարիքով ավելի մեծ մասնակից ունենալը մեզ համար ոգեշնչում է: Որովհետև երբ օրինակ, մենք հոգնում ենք վազելուց ու սկսում ենք տրտնջալ նայելով մեր պապիկին ոգևորվում ենք, ու սկսում ենք անել ավելին»:

 

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930