Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախի համար նոր անվտանգային հարցեր են առաջանում՝ թշնամու խոշոր ուժերի կենտրոնացումը Արևմտյան հատվածում՝ Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում. Վլադիմիր Հարությունյան. Արցախպրես

Նոյեմբեր 22,2021 17:48

Թե ինչ սպառնալիքներ են առաջացել Արցախի համար, «Արցախպրես»-ի թղթակիցը փորձեց իմանալ ռազմական փորձագետ Վլադիմիր Հարությունյանից: Մեզ հետ զրույցում ռազմական փորձագետը նշեց, որ ՀՀ արևելյան սահմանների երկայնքով Ադրբեջանի ագրեսիան ու շարունակվող էսկալացիաները, որքան էլ զարմանալի չթվա, կանխատեսելի և սպասելի էին:

«Միջազգային հանրության լռության ներքո և ՀՀ ռազմաքաղաքական իշխանությունների կողմից համարժեք քայլեր չձեռնարկելու հետևանքով՝ Ադրբեջանը շարունակում է անպատիժ ներխուժել և դիրքավորվել ՀՀ սուվերեն տարածքում։ Ստեղծված է մի իրավիճակ, երբ կողմերից մեկը կարծես հստակ գիտի ինչ է անում, երբ և որտեղ, իսկ մյուսը բացարձակապես չգիտի իր անելիքները, կամ էլ չի իրագործում դրանք։
Ռազմաքաղաքական առումով՝ օգտվելով սահմանազատման և սահմանագծման անորոշություններից` Ադրբեջանը զբաղեցնում է ռազմավարական գերիշխող դիրքեր` հայկական բնակավայրերի և ճանապարհների վրա հսկողություն սահմանելու նպատակով։

Բարենպաստ բարձունքներին հենակետեր տեղադրելով` թշնամին նաև հետապնդում է մարտավարական նպատակ, այն է՝ փոքր ուժերով ավելի ընդգրկուն տարածքներ վերահսկելը և անընդունելի պայմաններ թելադրելը։ Նշվածին հասնելով` Ադրբեջանը դիվանագիտական առումով իր համար առավել լավ դիրքերից հանդես կգա առաջիկա բոլոր բանակցություններում, կփորձի պարտադրել ՀՀ–ի հետ խաղաղության կնքումն իր պայմաններով կամ պայմանագրերում ավելացնել իր համար շահեկան այլ կետեր։

Տնտեսական առումով՝ Թուրքիան Ադրբեջանի ձեռքով ձգտելու է առավել մոտենալ, կամ տիրանալ Սյունիքը ՀՀ–ի մյուս մարզերին կապող միակ մայրուղուն, ինչի «փոքր սցենարը» նրանք արդեն իրականացրել են Գորիս–Կապան հատվածում։

Ակնհայտ է, որ Ադրբեջանին համապատասխան ռազմաքաղաքական խորհրդատվությունների հետևանքով հատկացրել են որոշակի դերակատարություն՝ «ավագ» ընկերոջ՝ Թուրքիայի շահերը սպասարկելու և նրա առաջխաղացումը դեպի Կասպյան տարածաշրջան ապահովելու նպատակով։ Միաժամանակ, դա Իրանի դեմ ուղղված և սպասվող «Պարսից ծոց–Սև ծով» տնտեսական կապուղու դեմն առնելու քայլ է, քանի որ նշված մայրուղով ուղեբեռների փոխադրումները կազմակերպելու համար շահագրգիռ կողմերը ստիպված կլինեն հաշվի նստել ՀՀ–ով անցնող միակ խոշոր ճանապարհը հսկող երկրի հետ։

Վերոնշյալից ակնհայտ է, որ Արցախի համար նոր անվտանգային հարցեր են առաջանում՝ թշնամու խոշոր ուժերի կենտրոնացումը Արևմտյան հատվածում՝ Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններում, ինչը պարտադրում է ուժեղացնել մեր զինված ստորաբաժանումների ներկայությունը այդ ուղղություններով՝ դիմադրելու և պաշտպանվելու համար, իսկ Սիսիան–Գորիս ճանապարհի ցանկացած հատվածին տիրելով՝ Ադրբեջանը կփորձի վերջնականապես փակել ամբողջ Արցախի մատակարարումը և մեծ վերջակետ դնել Արցախի ինքնության և գոյության վրա», – ներկայացրեց Վ. Հարությունյանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930