Երևան քաղաքի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ 7-րդ դասարանի պատմության դասաժամին Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի նկատմամբ բռնություն կոչեր հնչեցնելու համար։ Քրեական գործն արդեն դատարանում է, այն մակագրվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին։
Aravot.am-ը այդ դպրոցի արդեն նախկին ուսուցչի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի տնօրեն Լիանա Պետրոսյանից: Տնօրենը նախ ասաց, որ դասերից դուրս այլ թեմաների մասին չի ցանկանում խոսել, ապա շտապեց շեշտել, որ Հակոբ Գրիգորյանը միջադեպից անմիջապես հետո նկատողություն է ստացել, ազատվել է աշխատանքից, եւ այժմ նրա վերաբերյալ որեւէ տեղեկություններ չունի:
Խնդրեցինք բնորոշել, թե ինչպիսի մանկավարժ եւ մասնագետ է եղել Փաշինյանի վերաբերյալ ըստ մեղադրանքի բռնության կոչեր հնչեցրած ուսուցիչը: «Շատ լավ ուսուցիչ էր, գիտությունների թեկնածու, դոցենտ, երեխեքն էլ իրեն շատ սիրում էին… Ուրիշ բան չեմ կարող ասել»,-ասաց Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի տնօրենը՝ պատմության ուսուցչի մասին:
Հետաքրքրվեցինք նաեւ Հակոբ Գրիգորյանը երկարամյա՞ մանկավարժ էր: Տնօրենն ասաց, որ նա դասախոսում էր բուհում, դպրոցում էլ համատեղության կարգով էր աշխատում:
Կարդացեք նաև
Հավելենք, որ ըստ մեղադրանքի՝ Հակոբ Գրիգորյանը, աշխատելով Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված՝ 2021 թվականի մայիսի 21-ին՝ 7-րդ դասարանի պատմության դասաժամին հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել։
Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226․2 հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետով՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով։ Հակոբ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ դպրոցի ֆեյսբուքյան էջից