«Փաստորեն, չսահմանափակվեցինք Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածը կորցնելով։ Կորցրինք նաեւ Կապան-Ճակատեն ճանապարհը։ Չորս գյուղի վեց հարյուր բնակիչներ Կապան գնալու համար ստիպված են շրջադարձ անել Մեղրիով եւ Քաջարանով՝ ընդհանուր 150կմ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Ճակատենի հատվածում ադրբեջանական մաքսակետեր տեղակայելու հետեւանքով Սյունիքի մարզի բնակիչների անվտանգային խնդիրներին՝ ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը։
Ինչ վերաբերում է Տաթեւով տանող այլընտրանքային ճանապարհին՝ նա նշեց․ «Ճանապարհը կառուցված է սխալ նախագծով։ Բավական է ասել, որ այն նեղ է։ Արդեն իսկ դժվարանցանելի է, որովհետեւ հիմա բոլոր մեքենաների հոսքն այդ ճանապարհով է։ H46 կոչված ճանապարհի մասին է։ Իսկ հենց ձյուն գա, սառույց լինի, ճանապարհը դառնալու է անանցանելի, մարդիկ շրջափակվելու են»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ