«Ազատություն». Պաշտոնական Թեհրանը հայտարարում է, թե Բաքվի հետ հարաբերությունները նոր մակարդակի են անցել՝ շաբաթներ շարունակված փոխադարձ մեղադրանքներից հետո։
«Հրապարակային դաշտում անցանկալի և անհարկի լարվածությունից հետո, որը երկու կողմն էլ խելամտորեն նախընտրեցին հաղթահարել, այժմ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններն անցնում են նոր փուլ», – այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարարության խոսնակը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանն ու Ադրբեջանը առաջիկա շաբաթների ընթացքում կարող են համաձայնագիր ստորագրել Կասպից ծովում նավթագազային հանքավայրերի համատեղ շահագործման շուրջ։
Ավելի վաղ` անցած շաբաթավերջին, Ադրբեջանում Իրանի դեսպան Աբաս Մուսավին էր հանդիպում ունեցել փոխվարչապետ Մուստաֆաևի հետ։ «Երկար ու կառուցողական քննարկում ունեցանք երկկողմ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների վերջին զարգացումների շուրջ», – գրել էր Մուսավին Թվիթերում՝ հավելելով, թե ուսումնասիրվել են հատկապես համատեղ նախագծերը և տարածաշրջանային համագործակցությունն ընդարձակելու հնարավորությունները։
Կարդացեք նաև
Երկու երկրների հարաբերությունները սրվել էին ամիսներ առաջ, երբ Բաքուն մաքսատուրքեր սահմանեց Իրան-Հայաստան ճանապարհի՝ Ադրբեջանի տարածքով անցնող հատվածները հատող իրանական բեռնատարների համար։ Ադրբեջանը նաև մեղադրում էր Իրանին «առանց Բաքվի համաձայնության, ապօրինի Լեռնային Ղարաբաղի տարածք մտնելու համար»։ Թեհրանն էլ, իր հերթին, հայտարարում էր, թե Բաքուն «սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչներ» և սիրիացի զինյալներ է կենտրոնացրել սահմանների մոտ։
Իրանական զինված ուժերի զորավարժությունները Ադրբեջանի հետ սահմանամերձ գոտում
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Հեղինե ԲՈՒՆԻԱԹՅԱՆ