«Ես դիմում եմ ամբողջ աշխարհի հայերին՝ բոլորս պետք է արթնանանք եւ տեր կանգնենք մեր սահմանադրական իրավունքին, կա նաեւ մեր պետական եւ ազգային իրավունքը: Մենք իրավունք ունենք իմանալու, թե ինչ է կատարվում, ինչ է կատարվել եւ ինչ է կատարվելու մեզ հետ: Այսօր մենք ապրում ենք ժողովրդավարական հանրապետության մեջ: Լինելով ժողովրդավար պետություն՝ այսօր մեծամասնությունը չի իմանում ինչ է կատարվում: Ես, իմ ընկերները, բոլորս այստեղ ենք՝ որպես ժողովրդի մի մասնիկ»,- այսօր Հանրապետության հրապարակում «5165» շարժման նախաձեռնությամբ բողոքի ցույցի ժամանակ ասաց երգիչ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն:
Հիշեցնենք, որ ցույցը ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման ստորագրվելիք փաստաթուղթը հրապարակելու պահանջով է:
Կարդացեք նաև
Արսեն Գրիգորյանը հորդորեց. «Անընդհատ ասում ենք՝ միասնականություն, ահա՛ միասնականության քայլ: Կա համաժողովրդական պահանջ, մենք բոլորս պահանջում ենք հանրայնացվեն այն փաստաթղթերը, որոնք պիտի ստորագրվեն, որոնք կապ ունեն մեր բալիկների, ապագա սերունդների կյանքի, մեր զինվորների վիճակի հետ: ժամանակն է արթնանալ, հերի՛ք է մտածենք մեր անձնական խնդիրների մասին: Պետք է գերակայություն լինեն պետական ու ազգային խնդիրները: Տեր կանգնենք մեր երկրին, մեր իրավունքներին ու մեր ապագային: Կողքը լինենք մեր զինվորի, որը հենց հիմա սահմանը պահպանում է: Պետք է համալրել զինվորների շարքերը: Հենց այսօր իմ տղան ծառայում է Արցախում, եկեք տեր կանգնենք իմ տղային, բոլորի տղաներին: Սա է մեր առաջնային խնդիրը, ուրիշ խնդիր չունենք, ինչ ենք ուտելու, ինչ ենք խմելու՝ դա այնքան կարեւոր չի: Կարեւոր է մեր ապագան: Տեսնում ենք ինչ է կատարվում՝ անտերություն է, որտեղից ուզում՝ մտնում են: Թող վերազինեն մեր բանակը, ուժեղացնեն մեր բանակը: Մեր զինվորը հզոր է, սակայն տեխնիկական համալրում է պետք: Պետք է մեր զինվորին ապահովել ժամանակակից, արդիական զենքերով: Խնդրում եմ, եկեք բոլորս իրար ձեռք բռնենք, մենք ուրիշ ճար չունենք, անճարությունից պետք է միանանք իրար: Մեր պատմության մեջ բոլոր մեծերը կոչ են արել միասնականության Կողքի դրեք բոլոր խնդիրները, եկեք իրար հետ միանանք եւ տեր կանգնենք մեր երկրին, մեր ժողովրդին»,- ասաց Արսեն Գրիգորյանը:
Շարժման անդամները դժգոհում էին, որ ժողովրդին ասվել է, թե խաղաղության դարաշրջան է բացվում, բայց ժողովրդին չի ասվել դրա գինը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ