Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենքի բացը կարող է լուծել միայն ՍԴ-ն»․ Չարչյանի պաշտպանը միջնորդեց դիմել ՍԴ

Նոյեմբեր 22,2021 15:41

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի գործով հերթական դատական նիստում այսօր նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը դատարանին միջնորդեց դիմել ՍԴ՝ քրեական դատավարության օրենսգրքի երկու հոդվածների՝ ՀՀ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով։

Պաշտպանը նշեց, որ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է ընթացակարգ՝ մինչեւ պատգամավորի կարգավիճակ ձեռքբերելը դատախազի կողմից դիմելու ԱԺ եւ ստանալու համապատասխան թույլտվություն՝ պատգամավորի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելու համար․ «Դա միջդատական վարույթն է։ Սակայն դատաքննության փուլում, երբ անձը արդեն ձեռք է բերում պատգամավորի կարգավիճակ, իսկ քրեական հետապնդումը շարունակվում է, չկա նախատեսված ընթացակարգ, որ անձի՝ պատգամավորական անձեռնմխելիությունը պետք է հաղթահարվի, որպեսզի նրա հանդեպ քրեական հետապնդումը շարունակվի։ Երբ հարուցվել էր քրեական գործ, Արմեն Չարչյանը դեռեւս չուներ պատգամավորական անձեռնմխելիություն։ Երբ ձեռք բերեց պատգամավորի կարգավիճակ, որը նոր է եւ հավասար չէ պատգամավորի թեկնածուի կարգավիճակին, դրանից հետո քրեական հետապնդումը շարունակելու տեսանկյունից չի հաղթահարվել նրա պատգամավորական անձեռնմխելիությունը։ Նոր կարգավիճակի ձեռքբերումից հետո անձեռնմխելիության հաղթահարման մեխանիզմ չնախատեսելն օրենսդրական բաց է, որը կարող է լուծել միայն ՍԴ-ն»։

Այս գործով մեղադրող դատախազն առարկեց՝ նշելով, որ այս փուլում չի քննարկվում Արմեն Չարչյանի խափանման միջոցի հարցը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին ղեկավար, վիրաբույժ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը): Նա մեղադրանքը չի ընդունում։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի վաղը 12:00-ին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930