«Ամեն ինչ սկսվել է նրանից, որ այսօրվա իշխանությունը՝ այն ժամանակվա հեղափոխական ընդդիմությունը, որպես հասարակության հետ հաղորդակցման միջոց առաջինն ընտրել էր հրապարակը, որտեղ երկկողմանի կապ հաղորդակցության մյուս մասնակցի հետ չկար: Լավագույն դեպքում դրանք վանկարկումներն էին, բայց դա հաղորդակցության վստահելի կամ արդյունավետ ձեւ չէր:
Երկրորդը սոցցանցերն են, որտեղ հաղորդակցության ինտենսիվությունը ավելի լայն է, հնարավորություն կա մեկնաբանություններ դնել, հարցեր տալ: Բայց ամեն դեպքում նույն սոցիալական ցանցերում, երբ բավականին հաճախ անմիջապես հեղափոխության ընթացքում եւ դրանից հետո երեւում էին մեր առաջատար քաղաքական գործիչները, կար բավականին լուրջ խնդիր: Այդ հաղորդակցության ընթացքում եւ տեղեկություն տարածողը, եւ հաղորդակցության մոդերատորը նույնն է, ինքն է ընտրում՝ որ մեկնաբանություններին պատասխանել, որը արհամարհել, որ հարցերին ուշադրություն դարձնել, որոնք շրջանցել»,-«Մեդիա կենտրոնի» կազմակերպած՝ կառավարության փակ աշխատանքին նվիրված «Ժողովուրդն է ամեն ինչ որոշում. մոռացված խոստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նրա խոսքով. «Որքան էլ փոխվում է իրավիճակը, որքան էլ զարգանում են տեխնոլոգիաները, ավելի արդյունավետ մոդերատոր, քան լրատվամիջոցներն ու լրագրողներն են, չկա: Եթե անմիջապես լրագրողների հետ բրիֆինգի, հարցազրույցի, մամուլի ասուլիսի ձեւով է շփվում իշխանության ներկայացուցիչը, լրագրողը ներկայացնելով հասարակության հետաքրքրությունները՝ ձեւակերպում է հարցերը, փորձում է շատ դեպքերում բանավեճի մեջ մտնել: Այսինքն, դա է մնում ամենաաշխատող եւ օգտակար հաղորդակցության ձեւը հասարակության հետ:
Բայց այստեղ մենք ունենք խնդիրներ, որովհետեւ բազմաթիվ որոշումներ եւ օրենքներ են ընդունվել, որոնք սահմանափակում են լրագրողների իրավունքները՝ շփվել իշխանության հետ: Դա եւ ԱԺ-ում տեղաշարժի սահմանափակումներն են, եւ զրպարտության եւ վիրավորանքի համար փոխհատուցումը, ծանր վիրավորանքի քրեականացումը: Մի խոսքով, բոլոր առումներով լրագրողների աշխատանքը կարծես սահմանափակվում է, եւ մենք տեսնում ենք, որ այսօր շատ քիչ են իշխանության ներկայացուցիչները, որոնք ազատ կարող են շփվել լրագրողների հետ: Այնպիսի տպավորություն է, որ մեծ մասը հրահանգ է ստացել ընդհանրապես որեւէ ինֆորմացիա չփոխանցել, հարցազրույցներ չտալ, ինչը սահմանափակում է հասարակության իրազեկ լինելու հնարավորությունը»:
Կարդացեք նաև
ԵՄԱ նախագահն ընդգծում է. «Այս միակողմանի հաղորդակցությունը կարող է շատ կարճ ժամանակ արդյունավետ լինել, երբ իշխանությունը կամ որեւէ քաղաքական ուժ ունի հասարակության կողմից անվերապահ վստահություն, եւ հասարակությունը հարցեր չունի, համարում է, որ այն, ինչ իրեն ասում են, բավարար է: Բայց ժամանակի ընթացքում իշխանությունը կարող է սխալվել, հասարակության վստահությունը նվազել, մանավանդ պատերազմից հետո հենց այդ փուլում ենք, երբ հասարակությունը չունի վստահություն, բայց ունի բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը չի գտնում:
Ու հենց այդ փուլում իշխանությունը փակվում է, ինչն առաջացնում է լարվածություն հասարակական հարաբերություններում: Ընդհանրապես երկրում կառավարման համակարգը փլուզվում է, եւ դա նա է, ինչ այն այսօր տեսնում ենք: Մի խորհրդանշական դրվագ բերեմ այս համատեքստում, դա այն փաստաթուղթն է, որը կարող է ստորագրվել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ