«Ուժերն անհավասար են, և միայնակ ՀՀ-ն չի կարող դիմակայել արտաքին թշնամիներին, պայքարել Մոսկվայի և նրան սատարող կեղծ ընդդիմության դեմ»,-ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ հայտարարեց Ազգային ժողովրդական բևեռի (ԱԺԲ) խորհրդի անդամ Արա Պապյանը՝ ընթերցելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված նամակը:
Այս պահին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ ընթանում է Ազգային ժողովրդական բևեռի հավաքը: Հավաքի նպատակն է շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ին, քանի որ 1920 թվականի նոյեմբերի 22-ին նախագահ Վիլսոնը ստորագրել է փաստաթուղթ ՀՀ սահմանների մասին:
Շնորհակալությամբ վերհիշելով ԱՄՆ համակարգված դերը ՀՀ պետականության կերտման հարցում, Բևեռի խորհրդի նամակում ամրագրված է. «Ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն շատ ավելի ակտիվ ու լայնամասշտաբ ձևով շարունակի ՀՀ-ին աջակցությունը և աջակցի հայ ժողովրդի ինքնիշխան և ժողովրդավար ապագային, Մինսկի խմբի ձևաչափով Արցախի հարցի արդարացի լուծմանը»: Արա Պապյանը Ջո Բայդենին ուղղված նամակը փոխանցեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին:
Կարդացեք նաև
ԱԺԲ անդամները Վիլսոնի իրավարար վճռի 101-րդ տարեդարձին նվիրված ցույցի ընթացքում ահազանգեցին, որ ՀՀ-ն այսօր ևս կրկին կանգնած է լինել-չլինելու հարցի առաջ: Արա Պապյանը հայտարարեց. «Ռուս-թուրք-ադրբեջանական գործակցությունն Ադրբեջանի անմիջական կատարմամբ իրականացնում է գործընթաց, որը ներկայումս հասել է նրան, որ ցանկանում է Սյունիքը կտրել ՀՀ-ից»:
ԱԺԲ անդամները հայտարարեցին՝ շարունակելու են պայքարը: Այսօր՝ ժամը 17.30 Ազատության հրապարակում կընթանա ջահերով ցույց:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարները՝ ԱԺԲ ֆեյսբուքյան էջից