«ԷկոԼուր», «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և չեխական «Առնիկա» ՀԿ-ները հոկտեմբերի 1-ին տարածել են «Մկնդեղը դառնում է իրական սպառնալիք Արմանիսի և Ուրասարի բնակիչների համար» վերնագրով մամուլի հաղորդագրությունը, որով բացահայտվել էր Լոռու մարզի խոշորացված Ստեփանավան համայնքի Ուրասար և Արմանիս բնակավայրերի հողատարածքներում, գետերում և բնակիչների օրգանիզմում ծանր մետաղների առկայությունը:
Մկնդեղի, քրոմի, պղնձի, նիկելի, կապարի, ցինկի ու կադմիումի հայտնաբերված քանակները մի քանի անգամ գերազանցել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:
Ուրասար և Արմանիս բնակավայրերի հարևանությամբ են գտնվում «Սագամար» ՓԲԸ-ին պատկանող Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրն ու արդյունաբերական թափոնները, որոնք այս տարածքների հիմնական աղտոտման աղբյուրն են: Այս օբյեկտներից արտահոսքերն անխոչընդոտ տարածվում են շրջակա միջավայրում, լցվում Չքնաղ գետը, տեղի բնակիչների դաշտերն ու տնամերձ հողերը, տարածվում քամու հետ, փոշու հետ ներթափանցում տներ:
Մամլո հաղորդագրության հրապարակումից մի քանի օր անց «Սագամար» ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել՝ հերքելով հանքավայրի հարակից տարածքներում ծանր մետաղների առկայությունը:
Կարդացեք նաև
«Բնապահպանական որոշ հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ հրապարակված հոդվածում ներկայացված է Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շրջակայքից, հողում և ջրում որոշ քիմիական էլեմենտների պարունակության փորձանմուշների վերլուծության արդյունքներ, որոնք մասնագիտական տեսանկյունից անհավանական են: Ներկայացված հոդվածի հեղինակները չունեն ներկայացված քիմիական էլեմենտների լաբորատոր հետազոտության արդյունքները և ըստ էության հոդվածում ներկայացված տվյալներն անհիմն և մտացածին են: Ընկերությունը դեռևս արտադրական ամբողջական գործունեություն չի իրականացնում, սակայն ներկայացված նյութերի հետքերով պատրաստվում է համապատասխան միջոցառումները նախաձեռնել հասարակությանը ճշմարիտ տվյալների ներկայացման նպատակով:
Տեղեկացնենք նաև, որ շրջակա միջավայրի պարբերական մոնիտորինգի արդյունքերով ներկայացված տվյալները չեն հաստատվում:
Բացի վերոգրյալը ցանկանում ենք հայտնել, որ «Միջուկային անվտանգության կարգավորման» կոմիտեն 2021թ. իրականացրել է Արմանիսի հանքի և հարակից տարածքների շրջակա միջավայրի ճառագայթային (սկրինինգային) մոնիթորինգ, համաձայն որի արդյունքները նորմաների սահմաններում են: Գրավոր պատասխանը (եզրակացությունը) ստանալուն պես կներկայացվի:
Հարգանքով՝ «ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ ադմինիստրացիա»,- գրված էր հայտարարության մեջ:
Արձագանքելով ընկերության այս հաղորդագրությանը՝ «ԷկոԼուրը» հայտնում է, որ 2021թ. հուլիս–օգոստոս ամիսներին չեխական «Առնիկա», «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» և «ԷկոԼուր» ՀԿ-ների հետ համատեղ հավաքագրվել է թվով 136՝ սենյակային փոշու, հողի, գետային նստվածքների, կաթնամթերքի և կենսանյութերի (մարդու մեզի և մազերի) նմուշ: Չեխիայի Առողջապահության ինստիտուտի՝ Ուստի նադ Լաբեյում գտնվող հավաստագրված լաբորատորիայում կատարվել է նմուշների բազմակողմանի ուսումնասիրություն՝ դրանցում ծանր մետաղների առկայությունը պարզելու նպատակով:
Կից ներկայացնում ենք լաբորատորիայի՝ մեզ տրամադրած արդյունքների մասին փաստաթղթերը:
Նաև հավելենք, որ «Սագամար» ընկերությունն իր հաշվետվություններում պետք է ներկայացնի ոչ միայն հանքաքարի հաստատված պաշարները, այլև՝ դրանց վերամշակումից հետո դեպի շրջակա միջավայր՝ արտադրական թափոններում առկա քիմիական տարրերի բաղադրությունն ու պարունակությունը: Ընկերությունը պատասխանատվություն է կրում նաև շրջակա միջավայրի մոնիթորինգի համար, որը չի իրականացնում։ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում ընկերության կողմից ներկայացված հաշվետվության համաձայն՝ ընկերությունը չի իրականացրել ջրի, օդի, հողի, բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև աղմուկի մոնիթորինգ՝ գործունեություն չծավալելու պատճառով:
«ԷկոԼուր», «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»