Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորոնավիրուսային թոքաբորբի գրեթե 90% դեպքերում հակաբիոտիկ նշանակելու կարիք չկա»․ Սամվել Հայրումյան

Նոյեմբեր 22,2021 14:34

Հակաբիոտիկների օգտագործումն, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում չարաշահվում է, ինչը վտանգավոր երեւույթ է։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասացին բժիշկները։

«Կարդիոմեդ» ընտանեկան բժշկության կենտրոնի ղեկավար Սամվել Հայրումյանն ասուլիսում ասաց՝ կորոնավիրուսային համավարակի ժամանակ բժշկական ցուցումներում Ազիտրոմիցին հակաբիոտիկը ընդգրկված էր բուժման համար նախատեսված հիմնական դեղերի ցանկում, սակայն 1-2 ամիս անց պարզվեց, որ դրա նշանակումն արդյունավետ չէ, ուստի հետագայում բազմաթիվ հետազոտություններն ու վիճակագրությունը ցույց տվեց, որ նույնիսկ կորոնավիրուսային թոքաբորբի գրեթե 90% դեպքերում բորբոքումը պայմանավորված է միայն վիրուսով, հետեւաբար հակաբիոտիկ նշանակելու կարիք չկա։ Ապա, ըստ Հայրումյանի, ՀՀ ԱՆ-ն եւ ԱՀԿ ուղեցույցերում նշվեցին՝ հակաբիոտիկների նշանակման կարիք է լինում թոքաբորբի 10% դեպքերում, երբ կա երկրորդային բակտերիալ վարակի միանալու կասկած։

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանն էլ նշեց՝ դեղերի գործակալության ուսումնասիրությամբ պարզվել է՝ 2020-21 թվականերին սպառման տեսանկյունից Ազիտրոմիցին դեղամիջոցն է գերակշռել, ինչպես նաեւ հակասնկային Ֆլյուկանազոլը։ Մինչդեռ, ըստ բժիշկների, վիրուսային հիվանդությունները չեն բուժվում հակաբիոտիկներով, բուժվում են հակավիրուսային դեղորայքով։ «ԱՀԿ-ն եւ մեր առողջապահության նախարարությունը բազմիցս հորդորել են չկիրառել հակաբիոտիկներին զուգահեռ Ֆլյուկոնազոլ դեղամիջոցը։ Այս տեսակի դեղամիջոցները պետք է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ եւ այն էլ նպատակային։ Համավարակի ընթացքում շատ էին կիրառում հակաբիոտիկներ, եւ շատ դեպքերում անգամ տանը ինքնաբուժման եւ ոչ ճիշտ կիրառման հետեւանքով շատերը բավականին ծանր կլինիկական ընթացքով դիմում էին բժշկական կազմակերպություններ, որտեղ ուղղակի հնարավոր չէր կազմակերպել բժշկական օգնությունը, եւ մահեր էին գրանցվում։ Կորոնավիրուսային հիվանդությունը նպաստեց այդ դեղերի կիրառմանը, շատ դեպքերում հենց առաջին օրվանից նշանակում էին հակաբիոտիկներ, որոնց անհրաժեշտությունը չկար, եւ եթե ոչ նպատակային է օգտագործվում՝ վատթարացնում է բուժառուի վիճակը։ Հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառելու արդյունքում մանրէները ձեռք են բերում կայունություն եւ գալիս է մի փուլ, որ սպառվում են հիմնական հակաբիոտիկների խումբը եւ սովորական վարակիչ հիվանդությանը չեն օգնում, ու լինում են մահվան դեպքեր»,-ասաց տիկին Աբովյանը։

Սամվել Հայրումյանն էլ հավելեց՝ հակաբիոտիկներ ե՛ւ բժիշկներն են ոչ նպատակային նշանակում, ե՛ւ նաեւ առանց բժշկի նշանակման մարդիկ ինքնաբուժման համար են օգտագործում․ «Հիվանդները թոքաբորբ բառը լսելիս՝ խուճապի մեջ են ընկնում, անմիջապես վազում են դեղատուն ու գնում ամենաուժեղ հակաբակտերիալ դեղամիջոցները ու սկսում օգտագործել։ Մյուս կողմից էլ՝ տարբեր բժիշկների են դիմում, օրինակ՝ եթե պոլիկլինիկայի բժիշկը չի նշանակում, հիվանդը գնում է այլ բժշկի մոտ եւ գտնվում են բժիշկներ, որոնք բազմաթիվ հակաբակտերիալ միջոցներ են նշանակում եւ հաճախ սկսելով հատկապես 3-րդ շարքի հակաբիոտիկներով, որոնք ավելի են նպաստում հակաբիոտիկակայունության զարգացմանը»։

Հակաբիոտիկակայունության զարգացմանը նպաստում է նաեւ այն, ինչպես ասաց տիկին Աբովյանը, որ հիվանդները հաճախ կիրառում են այլ հիվանդների համար նախատեսված դեղատոմսերը, մեկը մյուսին փոխանցելով իրենց դեղատոմսերն՝ ինքնաբուժմամբ են զբաղվում։ Սակայն ախտանշանների դեպքում պետք է դիմել բժշկի, քանի տվյալ բուժումը տվյալ հիվանդի օրգանիզմի եւ հիվանդության վիճակից ելնելով են նշանակում։

Մեկ այլ խնդիր էլ կա, որը նպաստում է հակաբիոտիկական կայունությանը՝ կորոնավիրուսային հիվանդությամբ շատ հիվանդներ, որոնք նաեւ հակաբիոտիկներ են ընդունում, ինքնուրույն ընդհատում են բուժումը, երբ իրենց վիճակը մի քիչ լավանում է։ Բժիշկն ասում է՝ հակաբիոտիկների ընդունումն ու դադարեցումը պետք լինի միայն բժշկի ցուցումով։

Հակաբիոտիկական կայունության նպաստում են նաեւ գյուղատնտեսության մեջ մեծ քանակությամբ օգտագործվող հակաբիոտիկները, եւ ինչպես ասաց Սամվել Հայրումյանը, դրանք սննդային հավելման հետ տրվում են կենդանիներին, նրանց մոտ հիվանդությունների կանխարգելելու եւ բուժելու համար․ «Եվ դա փոխանցվելով մսի միջոցով մարդուն՝ նպաստում է հակաբիոտիկական կայունության առաջացմանը։ Նույնը նաեւ մշակաբույսերի դեմ հակաբակտերիալ միջոցներ կիրառելու դեպքում է լինում»։

Բացի այս, ինչպես նշեցին բժիշկները, ոչ նպատակային հակաբիոտիկի օգտագործելը նշանակում է՝ օրգանիզմում կան օգտակար բակտերիաներ, որոնք իմունիտետի համար կարեւոր նշանակություն ունեն, իսկ ոչ նպատակային հակաբիոտիկ օգտագործելով ոչնչացվում են այդ օգտակար բակտերիաները եւ դժվարացնում հիվանդի ապաքինումը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930