«Եթե իշխանության ներկայացուցիչներ ներկա լինեին այս քննարկմանը, ամենեւին չէին համաձայնի, որ իրենք փակ եւ ոչ թափանցիկ են աշխատում»,-«Մեդիա կենտրոնի» կազմակերպած՝ կառավարության փակ աշխատանքին նվիրված «Ժողովուրդն է ամեն ինչ որոշում. մոռացված խոստում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Նրա խոսքով, իր շփումները իշխանության որոշ ներկայացուցիչների հետ եւս վկայում են, որ իրենք այդպես չեն կարծում. «Այստեղ անհրաժեշտություն է գալիս օրինակներ բերել, փաստարկներ խնդրել, թե ինչու է այսպես: Մյուս կողմից, իշխանությունների ոչ թափանցիկ կամ հաշվետու չլինելը, հանրությանն ինֆորմացիայի պակաս տրամադրելը միակ պատճառը չէ, որ այսքան ապատեղեկատվություն է տարածվում: Բայց որ տեղեկատվության սովը կարող է պատճառ դառնալ եւ խթանել այդ պրոցեսը, դա միանշանակ է»:
ԽԱՊԿ նախագահը օրինակ բերեց. «Հիշում ենք, որ 2016 թ նախորդ իշխանությունը Գնումների մասին օրենք ընդունեց, ըստ որի՝ պետության առաջին երեք դեմքերի գնումները՝ այդ թվում նաեւ ներկայացուցչական ծախսերը, համարեց պետական գաղտնիք: Դա բնորոշ էր այն ժամանակվա իշխանությունների գործունեությանը, ու մեր շատ ակտիվ քայլերը դրա դեմ ոչ մի արդյունք չտվեցին: 2018 թ. հեղափոխությունից հետո կարծում էինք, որ դա ուղղակի հեշտ լուծվելիք խնդիր է, եւ այս իշխանությունները միանգամից կփոխեն դա՝ ցույց տալով իրենց տարբերվող աշխատաոճը նախորդ իշխանություններից:
Հենց առաջին իսկ ամիսների ընթացքում մենք օրինագիծ ներկայացրինք, թե ինչպես սա կարելի է փոխել, հիմնավորեցինք դրա անհրաժեշտությունը, սակայն, դեռ այն ժամանակ վարչապետի մամուլի քարտուղարն ասաց, որ հեղափոխությունից հետո տեղեկատվության ազատության խնդիր Հայաստանն այլեւս չունի: Բայց այդ իրավիճակը երեք տարի է՝ շարունակվում է, բազմաթիվ ջատագովության քայլեր ենք արել, բազմիցս հանդիպել ենք պատգամավորների հետ, հիմնավորել: Իսկ վերջին հանդիպման ժամանակ իրենց կողմից մի տարօրինակ հիմնավորում հնչեց, թե ամեն ինչ այսպես թե այնպես հրապարակվում է: Ասացի՝ եթե այդ երեք դեմքերը գնում են գործուղման եւ հրապարակվում է ամեն բան, ստացվում է, որ օրենք են խախտում, որովհետեւ դա պետական գաղտնիք է, իսկ եթե հրապարկվում է՝ ուրեմն ինչո՞ւ օրենքը չեք փոխում, չէ՞ որ դա ոչ տրամաբանական մոտեցում է»:
Աշոտ Մելիքյանն ընդգծում է. «Մենք շատ լավ գիտենք, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ ԱԱԾ-ն համատեղ՝ կառավարության որոշման մեջ համապատասխան փոփոխություններ իրականացնելու նախագիծ էին ներկայացրել, որով որոշվում էր այլեւս e-gov.am-ում չհրապարակել գործուղումների հետ կապված ծախսերը, քննարկվելիք հարցերը, որոշումները… Սա արդեն բոլոր սահմաններն անցնում է: Նույնիսկ պատերազմական իրավիճակը եւ շատ այլ հիմնավորումներ թույլ չեն տալիս այսքան փակ լինել: Հաշվետու չլինելը եւ թափանցիկ չաշխատելը արդեն կամաց-կամաց դառնում է այնպիսի միտում, որը վտանգ է ներկայացնում ինֆորմացիոն ոլորտի եւ հասարակության տեղեկացված լինելու առումով»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ