Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ութ աշակերտով դպրոց պահող տնօրենի դեմ ոստիկանություն հաղորդում է ներկայացվել

Նոյեմբեր 22,2021 12:55

Aravot.am-ի տեղեկություններով, Սյունիքի մարզի Անգեղակոթի դպրոցի շախմատի ուսուցիչ Սեւակ Մուսաթյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՝ Արեւիսի դպրոցի տնօրեն Ռիտա Գրիգորյանի դեմ։

2018թ-ի սեպտեմբերից մինչեւ 2021թ-ի օգոստոսը՝ Սեւակ Մուսաթյանը շախմատ է դասավանդել նաեւ Արեւիսի դպրոցում, սակայն ըստ իր հաղորդման՝ աշխատանքի ընդունվելիս եւ ազատվելիս իրեն չեն ներկայացրել ընդունման եւ ազատման հրամանները, չծանոթացնելով դրանց բովանդակությանը:

Ոստիկանության ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ տնօրենի կողմից կատարվել են մի շարք անօրինականություններ։ Մասնավորապես աշխատողների հրամանագրքի սկիզբը նշված է 2013թ. օգոստոսի 30-ից, բայց վերջին գրառումը կատարվել է 2018թ.-ի հունվարի 1-ին։ Տարիֆիկացիայի աշխատանքի ընդունելու եւ ազատելու թույլտվությունների հրամանագրումը կատարվել է սեւագիր թղթերի վրա կամ հրամանագրումները կատարվել են բանավոր ձեւով:

Բացի այդ, Լ․ Ա-ն եւ Մ․Ա-ն չունենալով բարձրագույն կրթություն, լինելով ԲՈՒՀ-ի ուսանողներ՝ առանց հրամանագրման դասավանդել են տարբեր առարկաներ: Դպրոցի տարիֆիկացիոն ցուցակի ուսումնասիրությամբ պարզվել է, որ մանկավարժներից մեկը՝ լինելով կենսաբանության ուսուցչուհի, դասավանդել է այլ առարկաներ։ Տնօրեն Ռ. Գրիգորյանը լինելով տնտեսագետ՝ դասավանդել է «ՆԶՊ» եւ «ՔՊ» առարկաները:

Նշենք, որ 2014-ին «Հետքին» տված հարցազրույցում Ռիտա Գրիգորյանն ասել էր. «Էստեղ ուսուցիչը դառնում է ունիվերսալ, հետեւաբար որակն էլ չի կարող այնպիսին լինել, ինչ ակնկալում ենք: Բայց եւ ամեն առարկայի համար ես չեմ կարող մասնագետ հրավիրել: Ենթադրենք ֆիզիկա պետք է պարապեն. շաբաթական նախատեսված է 2 ժամ, բայց քանի որ դասարանում 1 աշակերտ է, մենք վարձատրվում ենք 1/4-ով, այսինքն` ձեւավորվում է 0.25 դասարան, վարձատրությունն էլ ստացվում է շաբաթական 0,5 ժամի դիմաց: Կես ժամի համար էդ ով պետք է ծախս անի, 2500 դրամ տաքսուն վճարի` գա, նույնքան էլ վճարի, որ հետ գնա, այն դեպքում, երբ երթեւեկող ուսուցիչների համար 500 դրամ տրանսպորտի վճար է նախատեսվում»:

2015-ի մեկ այլ հարցազրույցում Ռիտա Գրիգորյանը պատմել էր, որ երբեմնի մարդաշատ Արևիսում հատուկենտ ընտանիքներ են մշտական բնակվում. «Դպրոցը որն ա, երեք դասարանում երեք աշակերտուհի ունենք, երեքն էլ նույն ընտանիքից, ստիպված ծնողներին դպրոցում որպես հավաքարար, պահակ աշխատանքի ենք ընդունել, որ չգնան գյուղից»: Նրա խոսքով, դպրոցը տարեկան 8 միլիոն դրամի չափով ֆինանսավորվում է, մեկ ուսուցիչ ունեն, որը Սիսիանի քոլեջի թարգմանչության ֆակուլտետն է ավարտել և ռուսերենի, անգլերենի հետ նաև դասվարություն է անում: Ինքն էլ, չնայած մասնագիտությամբ տնտեսագետ է, ութերորդցի աշակերտին աշխարհագրություն ու պատմություն է պարապում. «Մեզնից չի կախված էս իրավիճակը ոչ էլ վատ բան եմ տեսնում, որ երեք աշակերտով դպրոց ենք պահում, մեկ էլ տեսար, մեկը որոշեց գյուղ գա, գոնե կիմանա, որ դպրոց ունենք: Նաև չենք սպասում, որ Արևիսում դպրոց են կառուցելու, բայց գոնե ճանապարհը եթե բարեկարգեն, հնարավոր է, որ բնակլիմայական պայմանների պատճառով մարդիկ վերադառնան գյուղում ապրեն,  անասնապահությամբ զբաղվեն, միայն թե համոզված լինեն, որ գոնե շաբաթը մեկ անգամ կարող են քաղաք՝ Սիսիան հասնել»:

Սյունիքի մարզպետարանից «Առավոտին» հայտնեցին, որ Արեւիսի դպրոցում հիմա 8 աշակերտ կա:

Այժմ ոստիկանության ուսումնասիրություններից պարզվել է նաեւ, որ դպրոցի հաշվապահն ու օպերատորը օրերով աշխատանքի չեն եկել։ Դպրոցում ուսումնասիրությունները շարունակվում են։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Ռիտա Գրիգորյանի լուսանկարը՝ «Հետքի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930