Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գորիսի անվտանգության խորհուրդը իրազեկման ցույց է իրականացնում: 44 րոպեով Երեւանում փողոցներ են փակվել: Այս պահին փակ է Արշակունյաց պողոտան: Այսպիսով, ցուցարարները քաղաքացիներին երեկոյան 17.00-ին հրավիրում են Հանրապետության հրապարակ՝ կասեցնելու սահմանազատման եւ սահմանագծման՝ ժողովրդի թիկունքում ընթացող գործընթացը:
Ցույցի կազմակերպիչներից Գորիսի անվտանգության խորհրդի անդամ Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ ոստիկաններն անօրինական գործողություն են իրականացնում՝ առանց հիմքի բերման ենթարկելով, քանի որ մարդիկ խաղաղ անհնազանդության ցույց են իրականացնում. «Մարդն այստեղ հանգիստ կանգնած զրուցում էինք՝ ֆիզիկական ուժ կիրառեց: Անհիմն ֆիզիկական ուժ կիրառելու համար ոստիկանությունը պիտի միշտ պատասխան տա, որ մենք այս օրը չընկնենք»:
«Երբ մեր ժողովուրդն այսպես անտարբեր վիճակում է գտնվում, բնական է, որ արդեն ՀՀ-ի հետ բանակցող պետությունները փորձելու են իրենց պահանջներն առաջ տանել»,- Արա Զոհրաբյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել։ Հանդիպումը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 15-ին՝ Բրյուսելում նախանշված ԵՄ և Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։ Այս մասին հայտնել էր Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը Twitter-ի իր էջում։
Տեղի ունեցող գործընթացներում Արա Զոհրաբյանը հակահայկական վերաբերմունք է տեսնում եւ ՀՀ իշխանության կողմից չի տեսնում կամք՝ հայկական շահերը պաշտպանելու:
Ցուցարարները պնդում են, որ իրենք ոչ մի քաղաքական ուժ չեն ներկայացնում, որեւէ ուժի շահը չեն սպասարկում, դուրս են եկել պայքարի՝ կանխելու համար Հայաստանին սպառնացող հերթական ողբերգությունը եւ պայքարի դուրս գալը յուրաքանչյուրի անհատական որոշումն է:
Տեղեկացնենք, որ ոստիկանական ուժերը մի քանի անգամ գերազանցում են ցուցարարներին: Ոստիկաններին հաջողվեց ցուցարարներին բռնի ուժով հեռացնել փողոցի երթեւեկելի մասից: Արա Զոհրաբյանի բոլոր ջանքերը՝ ոստիկաններին բացատրել՝ դադարեցնել անօրինական գործողությունները, սահմանված կարգով իրականացնել ծառայությունը, ապարդյուն անցան: Ոստիկանները պնդում էին, որ ցուցարարները կաթվածահար են արել երթեւեկությունը եւ, որ նրանց նախապես ժամանակ է տրվել՝ ցույցը դադարեցնելու համար: Արա Զոհրաբյանը հակադարձեց՝ 2018-ին երթեւեկկությունը կաթվածահար չէ՞ր լինում: Ցուցարարներից մեկն էլ նետեց, որ բերման ենթարկելով հարց չի լուծվելու, քանի որ վաղն ավելի շատ մարդ է փողոց դուրս գալու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ