Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ը նոր բանաձևով դատապարտեց Իրանում մարդու իրավունքների ոտնահարումը

Նոյեմբեր 22,2021 10:39

Հայաստանն, ինչպես միշտ, դեմ կամ ձեռնպահ է

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր Ասամբլեայի երրորդ կոմիտեն իր 17 նոյեմբերի 2021 թվականի նիստում քննարկել է մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակն աշխարհում, վավերացրել է մի շարք բանաձևեր և այդ շարքում դատապարտել է մարդու իրավունքների ոտնահարումն Իրանում։ Իրանի Իսլամական Հանրապետությանը (ԻԻՀ) դատապարտող բանաձևը վավերացվել է 79 կողմ, 30 դեմ և 71 ձեռնպահ քվեով. քվեարկությանը չեն մասնակցել 13 երկրի պատվիրակներ։

Համաձայն այս բանաձևի, Իրանում դեռ գործում է մահապատիժը, արձանագրվել է կալանավորների անբնական և կասկածելի մահ՝ բուժսպասարկման հասանելիության բացակայություն՝ ցուցմունք կորզելու համար կտտանք՝ ցուցարարների հալածանք ու նաև անչափահասների մահապատիժ։ Թեհրանը մերժում է այս մեղադրանքները։

Ո՞ր երկիրը ինչպե՞ս է քվեարկել

ՄԱԿ-ի կոմիտեներում և հանձնաժողովներում հաճախ է քննարկվում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակն աշխարհում. հետաքրքիր օրինաչափությամբ ԻԻՀ-ին վերաբերող քվեարկությունների արդյունքը համարյա թե մնում է անփոփոխ. ԱՄՆ-ն ու մի շարք այլ երկրներ հիմնականում Եվրոպայից քվեարկում են Իրանի դեմ, Ռուսաստանն ու Չինաստանը և նրանց թիմակիցները, այդ շարքում նաև Հայաստանը կանգնում են Իրանի կողքին, մի շարքն էլ ձեռնպահ են մնում կամ նախընտրում են քվեարկության պահին դահլիճում չլինել։ Այս տարի Իրանին դատապարտող բանաձևի օգտին քվեարկել են 79 երկիր, դեմ են եղել 30 երկիր, ձեռնպահ են մնացել 71 երկիր, նիստից բացակայել է 13 երկրի պատվիրակ։ Անցյալ տարվա պատկերը հետևյալն է եղել՝ 79-32-64-18:

Հայաստանից, Ռուսաստանից ու Չինաստանից բացի՝ Իրանին դատապարտող բանաձևին դեմ են եղել Ադրբեջանը, Աֆղանստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենիան, Ղրղզստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Բանգլադեշը, Շրի Լանկան, Սիրիան, Իրաքը, Լիբանանը, Օմանը, Կուբան, Վենեսուելան, Նիկարագուան, Էրիթրեան, Հյուսիսային Կորեան, Վիետնամը, Կամբոջան, Ֆիլիպինները, Ինդոնեզիան, Զիմբաբվեն, Բրունեյը և Իրանը։

Մեզ հետաքրքրող երկրներից Թուրքիան ու Վրաստանը չեն մասնակցել քվեարկությանը. Եգիպտոսը, Հորդանանը, Քուվեյթը, Կատարը, Թունիսը, Լիբիան ու Տաջիկստանը ձեռնպահ են քվեարկել. Ուկրաինան, Հունաստանն ու Մերձբալթյան երեք երկրները և Պարսից Ծոցի մի շարք արաբական երկրներ միացել են Իրանին դատապարտող բանաձևին։

Մի օրինաչափության մասին

Հայաստանն իր անկախությունից ի վեր փոխել է չորս ղեկավար, իսկ Իրանն այդ ընթացքում ունեցել է մեկ առաջնորդ և հինգ նախագահ։ Երկու երկրների իշխանությունների հարաբերություններն այդ ընթացքում մնացել են բարեկամանական և անփոփոխ. հարևան երկրների փոխադարձ քաղաքականությունը երբեք չի ազդվել ղեկավարների փոփոխությունից։ Վկան նաև միջազգային ատյաններում երկուստեք համագործակցությունը. չեմ հիշում մի դեպք, որ Հայաստանը միջազգային որևէ ատյանում Իրանին դատապարտող բանաձևերին կողմ քվեարկած լինի։ Ահա այդ մասին է վկայում նաև Հայաստանում ԻԻՀ-ի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, 14 հունվարի 2021 թվականին Թավրիզում, Արևելյան Ատրպատական նահանգի գործարարների հետ կայացած հանդիպման ժամանակ:

«Հայաստանը մարդու իրավունքների բանաձևերի հարցերում միշտ ԻՀՀ-ի հետ է եղել»

«Հայաստանն այն երկրներից է, որ միշտ մեզ պաշտպանում է և միջազգային բոլոր ատյաններում մեր օգտին է քվեարկում… Հայաստանը մարդու իրավունքների բանաձևերի հարցերում միշտ ԻՀՀ-ի հետ է եղել և /Իրանին դատապարտող բանաձևերին/ դեմ է քվեարկել … Դուք քիչ երկրներ կարող եք գտնել, որ Հայաստանի նման լինեն մեր կողքին, Հայաստանը վստահելի երկիր է, որին կարելի է վստահել. պետք է ուշադիր լինել և օգնել մի երկրի, որը մեր կողքին է կանգնած… մեր հարաբերությունները Հայաստանի հետ խորքային են և հայ դիվանագետները բոլոր տեղերում մեզ են պաշտպանում… մենք կարող ենք օգտվել նաև հայերի տասնմեկ միլիոնանոց սփյուռքի քաղաքական, մշակութային և տնտեսական հնարավորություններից… մենք դեռևս երկու երկրների կատարյալ ներուժից չենք օգտվել և դրա պատճառները քննարկելու համար պետք է նաև ախտաճանաչում կատարենք…մենք բարի դրացիական հարաբերությունների օրինակելի նմուշ ենք ստեղծում և մեր հեղափոխության մեծ առաջնորդը անձամբ ընդունելով Իրանի հայ նահատակների ընտանիքներին, փաստում է այդ մեծ ներուժի առկայությունը»։

Պետք է ուշադրություն դարձնել, որ Իրանի դեսպանի այս անկեղծ խոստովանությունները կատարել է Արցախի 44-օրյա պատերազմի ավարտին, Իրանի թուրքալեզու շիադավան ամենամեծ նահանգի կենտրոնում։ Իրանցի շիա թուրքալեզու էթնոսով բնակեցված տարածքներ, որոնց բնակիչները նկատում են, որ Իրաքի, Լիբանանի, Սիրիայի, Եմենի և աշխարհի ցանկացած վայրի շիաներին օգնող իրենց պետությունը հավասարության նշան է դնում թուրքախոս շիա Ադրբեջանի և քրիստոնյա Հայաստանի միջև։ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ դժվարությամբ, բայց կարողանում է առաջ տանել իր արտաքին քաղաքականությունը և իր դեսպանի օրինակով փաստում է, որ երբեմն առաջնահերթ են դառնում այլ շահեր և այլ իրավիճակներ։

Ահա այստեղ համընկնում են նաև մեր ազգային անվտանգության շահերը և մենք ևս իրավիճակը գնահատելիս ելնում ենք մեր առաջնահերթություններից։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930