Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի հետազոտող, «Նոր Արեւելյան Եվրոպա» ամսագրի (Լեհաստան) վերլուծաբան Անետա Ստրժեմժալսկան ուսումնասիրում է հետպատերազմյան շրջանում հանրային տրամադրությունները եւ ներքին քաղաքական իրավիճակը Ադրբեջանում:
«Խաղաղության դիսկուրսն ադրբեջանական հասարակության շրջանում պաշտոնական մակարդակով պատվիրված դիսկուրս է»,- «Առավոտի» հարցին՝ ի՞նչ են Ադրբեջանի քաղաքացիները մտածում խաղաղության դիսկուրսի մասին, ինչպիսի՞ տրամադրվածություն ունեն, այսպես պատասխանեց Սանկտ Պետերբուրգի Եվրոպական համալսարանի հետազոտող, «Նոր Արեւելյան Եվրոպա» ամսագրի (Լեհաստան) վերլուծաբան Անետա Ստրժեմժալսկան:
Վերլուծաբանն իրականացնում է «Հանրային տրամադրությունները եւ ներքին քաղաքական իրավիճակը ետպատերազմյան Ադրբեջանում» թեմայով հետազոտություն ադրբեջանական հասարակության շրջանում:
Նրա հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ ադրբեջանական հասարակության շրջանում ղարաբաղյան հակամարտությունն ավարտված են համարում արցախյան 44-օրյա պատերազմից հետո: Այս առիթով մանրամասնեց. «Ադրբեջանում պաշտոնական մակարդակով թելադրված դիսկուրս է խաղաղության մասին դիսկուրսը: Ընդհանուր մոտեցումն այն է, որ ղարաբաղյան հակամարտությունն ավարտվել է: Իհարկե, հասկանալի է, որ դա այդպես չէ, հասկանում եմ նաեւ, որ հայկական կողմից էլ է դա այդպես: Սակայն Ադրբեջանում տարածված է այն համոզմունքը, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է եւ արդեն կարելի է խաղաղության մասին խոսել»:
Վերլուծաբանի կարծիքով՝ Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ ուղիղ հարաբերությունների միջոցով լուծել խնդիրները եւ բարելավել հարաբերությունները, սակայն ըստ նրա՝ Ադրբեջանի իշխանությունները դեռ հստակ չեն ձեւակերպել, թե ինչպես պետք է այդ խաղաղությունը կառուցվի:
Կարդացեք նաև
Անետա Ստրժեմժալսկան շրջանցեց ադրբեջանցի զինվորականների կողմից հայ քաղաքացիական անձանց, զինվորների նկատմամբ բռնությունները, հիշեցնելով, թե հայերն էլ Գյանջայում են հարձակվել ադրբեջանցի բնակչության վրա: Այնուհետեւ փորձեց համոզել՝ պատերազմի ընթացքում Ադրբեջանը մնացել է այն սահմաններում, որոնք ընդունելի են եղել Արեւմուտքի համար:
Այսպիսի կարծիք արտահայտելով՝ վերլուծաբանը միեւնույն ժամանակ նշեց, թե գիտի, հասկանում է, որ այնպիսի բաներ է խոսում, որոնք Հայաստանում ընդունելի չեն:
Փաստմանը՝ 19-րդ դարի վերջին Բաքվում հայեր են ապրել եւ հարցին՝ ադրբեջանցիների մոտ կա՞ հիշողություն, որ Բաքվում, Շահումյանում, ինչպես նաեւ այլ շրջաններում ապրում էին հայեր եւ ամենեւին նրանք իրենց կամքով չեն լքել այդ տարածքները, Անետա Ստրժեմժալսկան այսպես արձագանքեց. «Իհարկե, սա ակտուալ թեմա է, բայց Բաքուն այժմ լրիվ ուրիշ է, ինչ 20-30 տարի առաջ: Սակայն չի փոխվել Բաքվի ընկալումը՝ որպես միջազգային եւ մշակութային քաղաք: Դա շատ ակտուալ թեմա է, այն գոյություն ունի պաշտոնական դիսկուրսում եւ այդպես է ընկալվում նաեւ բաքվեցիների մոտ, որոնք բնիկներ են: Ես լավ գիտեմ նրանց, քանի որ նրանք ռուսախոս են, եւ ես նրանց հետ շփվել եմ, նրանք խորհրդային մշակույթի կրող են»:
Խոսելով այն հայտարարությունների մասին, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի համար պատերազմն անհրաժեշտ էր իր իշխանությունը պահելու համար՝ Անետա Ստրժեմժալսկան ասաց. «Լուրեր էին պտտվում, որ Արցախյան վերջին պատերազմը նրա համար էր, որ Ալիեւն իր իշխանությունը պահի: Մի կողմից դա ճիշտ է, քանի որ տեսանք՝ պատերազմի օրերին ինչպես էին ընդդիմադիրները պատերազմական գործողությունները պաշտպանում»:
Ըստ նրա՝ Իլհամ Ալիեւը նաեւ Արցախյան 44-օրյա պատերազմն օգտագործեց, որպեսզի համախմբի բոլոր սոցիալական խմբերին, էթնիկ փոքրամասնություններին: Նա ուշադրություն հրավիրեց, թե պատերազմի օրերին ինչ սոցիալական արշավներ էին կազմակերպվում, մասսայաբար հոլովակներ էին ցուցադրվում, որտեղ երեւում էր, թե իբր լեզգիները, թալիշները մեծ ոգեւորությամբ էին գնում պատերազմ:
Ըստ փորձագետի՝ այս սոցիալական արշավների նպատակն էր, որ Ադրբեջանի հասարակությանը ցույց տային, որ չնայած ադրբեջանցիներն ունեն էթնիկ տարբերություններ, բայց նրանց բոլորին պատերազմը միավորեց:
Անետա Ստրժեմժալսկան շեշտեց այն հանգամանքը, որ պատերազմի ավարտից հետո, երբ Շուշիում կազմակերպվեց փառատոն, որին մասնակցում էին Ադրբեջանի էթնիկ փոքրամասնությունները, Իլհամ Ալիեւն իր ելույթում օգտագործեց ժողովուրդ բառը, ոչ թե ազգային փոքրամասնություններ եզրույթը: Ըստ փորձագետի՝ սա խորհրդանշական է:
Իր խոսքի վերջում Անետան Ստրժեմժալսկան, դիմելով հայերին, այսպիսի կարծիք հայտնեց. «Գուցե լավ չե՞ք ճանաչում ձեր հարեւանին, չե՞ք գնահատում նրա հնարավորությունները: Այս պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանի՝ այսպես կոչված երիտասարդ պետություն լինելու հանգամանքը նրան չի խանգարում միջազգային հարաբերություններ կառուցել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.11.2021