Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստաբանն իր դիմումին կցել էր նաեւ «Առավոտի» հոդվածը, որը նույնպես առիթ էր հանդիսացել վարչական վարույթ հարուցելու համար

Նոյեմբեր 22,2021 13:30

Այս գործով այժմ դատարանի վարույթում է գտնվում միաժամանակ 3 հայց:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանը (լուսանկարում) դիմել էր ՀՀ առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին: Փաստաբանը հայտնել էր, որ ներկայացնում է խախտված աշխատանքային իրավունքների վերականգնման գործով Հասմիկ Խաչատրյանի ներկայացուցիչը, ով «Կոտայք» ջրօգտագործողների ընկերության հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատել է որպես օպերատոր-գործավար:

Ըստ փաստաբանի՝ տվյալ դեպքում մենք գործ ունենք աշխատանքային հարաբերություններում խտրականության դեպքի հետ, երբ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ունենալով որոշակի քաղաքական հայացքներ եւ կուսակցական պատկանելություն, ցանկացել է ազատվել այն աշխատակիցներից, որոնք թեպետ աչքի չեն ընկել այս կամ այն քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելությամբ, սակայն չեն հանդիսացել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի համակուսակիցը: Փաստաբանն ահազանգել է, որ իր վստահորդին աշխատանքից ազատման հրամանը տալուց առաջ արդեն իրեն փոխարինող աշխատողը եղել է ընկերությունում ու դրանից հետո անցել է աշխատանքի:

«Առավոտում» մենք նույնպես անդրադարձել ենք դատարանում առկա այս վեճին («Ինչ է ստացվում. կին աշխատակցին տույժ են տվել՝ աշխատանքային օրվա ընթացքում զուգարանից օգտվելու համար», հուլիսի 21, 2021թ.):

Փաստաբանը տեսչական մարմնին հայտնել էր, որ 2020թ. դեկտեմբերի 14-ին ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Աբրոյանը Հասմիկ Խաչատրյանին հրավիրել էր իր գրասենյակ եւ առաջարկել գրել ազատման դիմում՝ առանց որեւէ հիմնավորում ներկայացնելու, միայն ասելով՝ «այդպես է որոշված»: Հասմիկը չէր համաձայնել ազատման դիմում գրել, հետեւել էր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետեւյալ պահանջագիրը: «Ես՝ «Կոտայք» ՋՕԸ-ի տնօրենի ժ/պ Վ. Աբրոյանս, ընկերության աշխատակից Ս. Սուքիասյանից տեղեկացա, որ նա 21.01.2021թ.-ին, աշխատանքային ժամին, առանց նախապես թույլատվություն ստանալու մտել է տնօրենի սենյակ՝ պատճառաբանելով, որ ընդունարանում տվյալ պահին մարդ չի եղել: Այդ պահին եւ դրանից 5-10 րոպե հետո ես ներքին հեռախոսակապով զանգահարել եմ ընդունարան, սակայն գործավար-օպերատորը կրկին տեղում չի եղել: Իմ նախնական բանավոր պահանջին տալ բացատրություն՝ գործավար-օպերատոր Հասմիկ Խաչատրյանը մերժել է: Հաշվի առնելով վերոգրյալը՝ ընկերության աշխատակիցներ՝ ջրբաշխ Ս. Սուքիասյանից եւ գործավար-օպերատոր Հասմիկ Խաչատրյանից գրավոր պահանջում եմ բացատրություն վերոգրյալի վերաբերյալ»:

Հասմիկը ներկայացրել էր գրավոր բացատրություն. «Ի պատասխան ձեր պահանջագրի, ես՝ Հասմիկ Խաչատրյանս, հիշեցնում եմ, որ բացատրություն տալու ձեր բանավոր պահանջին ես, թեկուզ եւ անհարմար զգալով, բայց բացատրել եմ բանավոր: Այն է՝ ինչպես եւ մեր հիմնարկում աշխատող բոլոր հասարակ մահկանացուները, ես աշխատանքային օրվա ընթացքում մի քանի անգամ օգտվում եմ հարդարման սենյակից, որը գտնվում է առաջին հարկում: Այս իսկ պատճառով ձեր կողմից հիմնարկ կանչված ջրբաշխ Ս. Սուքիասյանի այցելության պահին ընդունարանում ֆիզիկապես չեմ գտնվել»:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը փետրվարի 2-ին Հասմիկին հայտարարել էր նկատողություն, առաջնորդվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասով եւ 223-րդ հոդվածի 1-ին մասով՝ աշխատանքային կարգապահությունը խախտելու համար:

Օրեր հետո մի քանի ժամ աշխատանքի ուշ ներկայանալու վերաբերյալ պահանջվում է բացատրություն: Հասմիկը, որը հայցվոր է դատավարական կարգավիճակով նաեւ, հայտնում է, որ աշխատանքի ներկայանալուց առաջ ունեցել է առողջական խնդիրներ, որի պատճառով առավոտյան աշխատանքի ներկայանալու փոխարեն, դիմել է «Կարդիոմեդ ընտանեկան բժշկության կենտրոն» բուժօգնության: Հիվանդի բժշկական քարտից քաղվածքի համաձայն նրա մոտ ախտորոշվել է ծանր սթրեսի հանդեպ ռեակցիա եւ հայցվորին բժշկի կողմից խորհորդ է տրվել խուսափել նյարդային լարվածություն բերող առիթներից, նշանակելով դեղամիջոցներ 1-ամսյա բուժման կուրսով:
Գեւորգ Մարտիրոսյանը առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնին տեղեկացրել էր նաեւ, թե ինչ է տեղի ունեցել իր վստահորդի՝ հիվանդանոցից դուրս գալուց հետո. «Հասմիկը ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր հայտնել է, որ ունի առողջական խնդիրներ, պետք է անցնի բուժման կուրս, ինչպես նաեւ գրավոր դիմումով խնդրել է իրեն տրամադրել հասանելիք արձակուրդը: Սակայն, ի հեճուկս վերը նշվածի, տնօրենի ժ/պ Վ. Աբրոյանը ոչ միայն Հասմիկին չի տրամադրում արձակուրդ, այլ նրա աշխատանքի ուշ ներկայանալը դիտարկել է որպես աշխատանքային կարգապահության խախտում եւ 23.02.2021թ.-ին ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասով եւ 223-րդ հոդվածի 1-ին մասով՝ կայացրել է թիվ N 57/Կ հրամանը՝ հայցվորին կարգապահական տույժի ենթարկելու մասին եւ վերջինիս հայտարարել է նկատողություն»: Նույն օրը տնօրենի ժ/պաշտոնակատարի կողմից արձակվում է թիվ N 58/Կ հրամանը՝ Հասմիկ Խաչատրյանին աշխատանքից ազատելու մասին:

Ըստ փաստաբան Գ. Մարտիրոսյանի. «Փաստորեն, պատասխանողը նույն արարքի համար Հասմիկին ենթարկել է 2 կարգապահական պատասխանատվություն՝ 57/Կ հրամանով հայտարարել է նկատողություն, իսկ 58/Կ հրամանով աշխատանքային պայմանագրի լուծում»:
Թե հայցվորը, թե հայցվորի ներկայացուցիչը վկայակոչում են ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 224-րդ հոդվածը, համաձայն որի՝ «Կարգապահական տույժի կիրառման դեպքում պետք է հաշվի առնվեն խախտման ծանրությունը եւ դրա հետեւանքները, աշխատողի մեղքը, այդ խախտման կատարման հանգամանքները եւ աշխատողի` նախկինում կատարած աշխատանքը»: Իսկ 225-րդ հոդվածի համաձայն՝ «Աշխատանքային կարգապահության յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ»:
Հայցվորի փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանն ասում է. «Եթե նույնիսկ մի պահ ընդունենք, որ Հասմիկը կատարել է կարգապահական խախտում, ապա միեւնույն է՝ նա այդ արարքի համար չի կարող ենթարկվել կրկնակի պատասխանատվության»:

Տեսչական մարմնին փաստաբանը խնդրել էր վարույթ հարուցել, կցել էր նաեւ «Առավոտի» հրապարակումներից: Տեսչական մարմնից՝ Կենտրոնի պետ Վահագն Նիկողոսյանը տեղեկացրել էր, որ նշյալ դիմումի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ` ՎՎ-0657 Ա:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930