Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում երեկ նշանակվել էր դատական նիստ՝ անձի ոչ հոժարակամ հոսպիտալացման հարցով: Անձն առանց դատարանի որոշման՝ իր կամքին հակառակ գտնվում է հոգեբուժական հաստատությունում արդեն 18 օր, որի ընթացքում նրա նկատմամբ կիրառվում են բժշկական միջամտություններ, որոնց հիմնավորվածությունը նույնպես հասկանալի չէ։ ՀՔԱՎ իրավապաշտպան կազմակերպության պաշտոնական կայքը հրապարակել է Հոգեբուժական հաստատություններում դիտորդական խմբի հայտարարությունը, այն ներկայացնում ենք ստորեւ:
Հոգեբուժական հաստատություններում դիտորդական խումբը անհրաժեշտ է համարում ՀՀ առողջապահության նախարարության եւ ՀՀ ՄԻՊ անհապաղ միջամտությունը ՀՀ քաղաքացի Հ. Ս.-ի՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ոչ հոժարակամ հոսպիտալացման դեպքի առնչությամբ: Հարկ ենք համարում արձանագրել, որ անձի նկատմամբ դրսեւորվել է արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք, ֆիզիկական ուժի գործադրում եւ ապօրինի ոչ հոժարակամ բուժման ռիսկ։ Անձը ենթարկվել է հոգեբանական ճնշումների, դրսեւորվել է անհարգալից վերաբերմունք, հնչեցվել են խտրական եւ վիրավորական արտահայտություններ։ Անհրաժեշտ ենք համարում ՀՀ առողջապահության նախարարության եւ ՄԻՊ անհապաղ միջամտությունն անձի իրավունքների խախտումը վերականգնելու եւ Հաստատությունում բուժում եւ խնամք ստացող անձանց նկատմամբ անձնակազմի վերաբերմունքը քննության առնելու հարցով՝ ուշադրության կենտրոնում պահելով առկա դատական գործընթացը։
2021 թ. հոկտեմբերի 31-ին Խումբը արագ արձագանքման այց է կատարել «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, որի ընթացքում արձանագրվել է, որ անձը հոկտեմբերի 27-ին շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Հաստատություն, հրաժարվում է բուժումից, հոկտեմբերի 29-ին ոչ հոժարակամ հոսպիտալացնելու վերաբերյալ հայցով Հաստատությունը դիմում է ներկայացրել դատարան։ 2021 թ. նոյեմբերի 4-ին դատարանը որոշում է կայացրել դիմումը վերադարձնելու մասին՝ Հաստատության կողմից ներկայացված հայցադիմումում առկա թերությունները շտկելու պատճառաբանությամբ։ Դեռեւս 2021 թ. հոկտեմբերի 31-ի այցի ժամանակ բուժանձնակազմի ներկայացուցիչները Խմբի անդամներին տեղեկացրել էին, որ անձը հանգիստ է եւ որեւէ ագրեսիվ վարքագիծ չի դրսեւորում։ Սակայն այցից ի վեր Խումբը պարբերաբար տեղեկություններ է ստանում բուժանձնակազմի կողմից իրենց հսկողության ներքո գտնվող անձի նկատմամբ անհարգալից եւ բացասական վերաբերմունքի դրսեւորումների մասին։
2021 թ. նոյեմբերի 12-ին անձը կրկին ահազանգել է Խմբին՝ հայտնելով, որ անձնակազմը վերցրել է իր բջջային հեռախոսը եւ որ նա նոյեմբերի 11-ից սկսած հացադուլ է հայտարարել՝ Հաստատությունից դուրս գալու պահանջով։ Բուժանձնակազմի հետ առանձնազրույցի ժամանակ վերջիններս պնդում էին, որ չեն վերադարձնելու անձի հեռախոսը, մինչեւ վստահ չլինեն, որ նա բուժվել է։
Կարդացեք նաև
Նույն օրը Խմբի ներկայացուցիչների հետ առանձնազրույցի ժամանակ անձը տեղեկացրել է բաժանմունքի ավագ բուժքրոջ՝ բուժում եւ խնամք ստացող անձանց, այդ թվում՝ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին։ Անձը նաեւ նշել է, որ մի քանի անգամ դիմել է բաժանմունքի աշխատակիցներին՝ բժշկի եւ տնօրենի հետ հանդիպելու խնդրանքով, որպեսզի տեղեկացնի հացադուլ սկսելու իր մտադրության մասին, սակայն հանդիպում այդպես էլ չի կազմակերպվել:
Դեպքի առնչությամբ Խումբը ս.թ. նոյեմբերի 15-ին հրատապ գրություն է ուղարկել ՀՀ առողջապահության նախարար Ա. Ավանեսյանին, որտեղ ներկայացվել են դեպքի հանգամանքները՝ առողջապահության նախարարության ուշադրությունը հրավիրելով անձի իրավունքների խախտումների վրա, խնդրելով անհապաղ միջամտություն։ Նշված գրությամբ նախարարությանը հաղորդվել է, որ Հաստատության բուժանձնակազմի ներկայացուցիչները բարեխիղճ մոտեցում չեն ցուցաբերում անձի նկատմամբ։ Գրության կապակցությամբ Խումբն առ այսօր առողջապահության նախարարությունից որեւէ արձագանք չի ստացել։ Խմբին նաեւ չի հաջողվել բազմակի հեռախոսազանգերի միջոցով կապ հաստատել նախարարության հետ։
Հոգեբուժական օգնություն եւ սպասարկում իրականացնողների գործողությունների (ներառյալ՝ անգործության) նկատմամբ հասարակական մշտադիտարկում իրականացնող դիտորդների խումբ
«Առավոտ» օրաթերթ
20.11.2021