Լրահոս
Օրվա լրահոսը

2. Հայոց Բերդաքաղաքը

Նոյեմբեր 22,2021 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Շուշիի ճանապարհին կրկին հայտնվեցինք մառախուղի թագավորությունում: Իսկ ղեկին նստած Սոնան կրկին աջ ու ձախ էր նայում, հիանում բնության պատկերներին առանձին խորություն հաղորդող մառախուղով: Տարիների ընթացքում ինքս հազարավոր լուսանկարներ եմ արել, ու չեմ էլ զգացել, որ աշխարհին կադրերով նայելը, գեղեցիկի ու արտահայտիչի որոնումները յուրահատուկ հետք են թողել դստերս վրա: Եթե զգում էի, որ մեքենայի ընթացքից աջ ու ձախ նայելն ու պատկերներով հիանալը ոլորաններում խիստ վտանգավոր է, կողքին նստած աջ ոտքով սեղմում էի հատակին, որտեղ ոչ մի արգելակող լծակ չկա, բայց եւ հիանում եմ տեսնելու եւ գնահատելու դստերս կարողությամբ:

Հսկա ապառաժի վրա Հայոց հինավուրց Շուշին է… Սիրտս սեղմվեց: Ինչ-որ զգացում բոլոր կողմերից սեղմեց մարմինս: Ո՛չ, ես իրավունք չունեմ ընկճվելու: Կարեւորը ներքին ուժն է, հավատը, այն իրար փոխանցելը: 1988-ին մենք Արցախում ավելի անհույս վիճակում էինք, սակայն հավատը, առողջ բանականությունը մեզ միավորեց, մենք հզոր դարձանք ու հաղթեցինք իր ռեսուրսներով տասն անգամ գերազանցող թշնամուն:

1920 թ. մարտի 3-ին հայ բնակչության կոտորածից հետո 70-ամյա տիրապետության ընթացքում թուրքերը փորձել են Շուշիի սարահարթում վերացնել հայկական մշակույթի, կենցաղի, նրանց գոյությունն ապացուցող բոլոր հետքերը: 1992 թ. մայիսի 9-ին ես փնտրում էի Շուշիի Հին գերեզմանոցը: Այնտեղ կիսակառույց առանձնատներ էին: Բաքվի իշխանությունների կարգադրությամբ ջարդել էին գերեզմանոցի տապանաքարերը, մանրացրել, լցրել առանձնատների հիմքում: Հին հանգստավայրում քարակույտեր տեսա: Քարաբեկորներին հայկական այբուբենի տառեր էին… Այդ քարակույտից մի քար վերցրի, որը իմ գրապահարանում է:

Բաքվի քարոզչությունը, Իլհամ Ալիեւը խոսքները մեկ արած պնդում են, թե Շուշին ադրբեջանական քաղաք է: Առաջին օտարականը, որը 1752 թ. ոտք է դրել Շուշիի սարահարթում, դա խորասանցի Փանահ Ալին է: Նրա թուրք լինելը ոչ մի կերպ չի հաստատվում: Սակայն Շուշի գյուղի մասին առաջին գրավոր տեղեկությունը մեզ 1428 թ. հայտնում է Երեւանի մատենադարանում պահվող Շուշիի Ավետարանի ստեղծող Տեր-Մանուելը, որը գործել է Շուշիի սուրբ Աստվածածին եկեղեցում: Հետագայում՝ Շուշիում: Այնուհետեւ 1813 թ. հաստատված ռուսները այն վերածում են ռուս-հունական եկեղեցու: Այն 1954 թ. հիմնովին քանդում են ադրբեջանական իշխանությունները:

Շուշիից երկու կիլոմետր դեպի հյուսիս, դեպի Ստեփանակերտ երկար հրվանդանի վրա էր գտնվում հինավուրց Կարկառ բերդաքաղաքը, որը կենսական էր մինչեւ XIII դ.: Այդ բերդաքաղաքի մասին վկայություն են թողել արաբ պատմիչ Ասիրին, աշխարհագետ Համավին, հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցին: Շուշին 1715 թվականից ամրացնում է հայ ազատագրական պայքարի հերոս, զորավար, ծնունդով Նախիջեւանի Շահկերտ քաղաքից Ավան Յուզբաշին: 1726 թ. օգոստոսին Բաքուն ռուսներից խլելու նպատակով Օրմանական Թուրքիայի 40 հազարանոց բանակը, համալրվելով լեզգիների առաջնորդ Դավուդ բեկի զորքով, Սարը-Մուստաֆա փաշայի գլխավորությամբ հարձակվեց իրենց ծրագրերին խանգարող Շուշիի սղնախի վրա: Ինչպես գրում է Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը, ութ օր տեւած ճակատամարտում թուրքերը պարտություն են կրում եւ շտապ նահանջում Թիֆլիս: XVIII դ. Կեսին Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարն ու Փանահ Ալին հենց Կարկառի բերդապարսպի ու շինությունների քարերով էլ կառուցում են Շուշիի պարիսպները:

«Շուշի» հիմնադրամի ջանքերով հնագետ Համլետ Պետրոսյանի հետ 2003 թ. հաշվառեցինք հայկական մշակութային ժառանգության շուրջ 520 հուշարձան, ի ցույց դրեցինք հանրությանը: Ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ Երեւանի Ճարտարապետական պետական համալսարանի ուսանողներից խումբ ստեղծեցինք, տեղավորեցինք բերդաքաղաքում եւ սկսեցինք հին շինությունների չափագրումը: Այս գործում մեզ ֆինանսական օգնություն ցուցաբերեց Հայոց Կաթոլիկ եկեղեցին, որը գնահատել էր մեր ծրագիրը: Ինչ խոսք, որ այս հարցում կարեւոր էր այն տարիներին Արցախի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի խոսքը: Ճարտարապետները այդ չափագրությունները թվայնացրել են եւ հանձնել Արցախի կառավարությանը:

Շուշիում իմ սցենարով նկարահանեցինք «Բերդաքաղաք» վավերագրական ֆիլմը:

Չորս տարի առաջ Արցախի Հանրապետության նախագահին բողոքեցի, որ հինգ անգամ փորձել եմ տեղափոխվել Արցախ, իմ կուտակած փորձը, կարողությունները ի նպաստ բերել իմ հայրենի եզերքին, սակայն ամեն անգամ խանգարել են: Եվ ահա Բակո Սահակյանը առաջարկեց առայժմ աշխատել մշակույթի նախարարությունում, հետո պարզ կլինի: Այն ժամանակ մշակույթի եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի հետ պայմանավորվեցինք, որ զբաղվեմ շուշեցի անվանի գործիչների տների հայտնաբերման ծրագրով: Ձմռանը հինգ ամիս մնալով հայոց բերդաքաղաքում, գտա մշակույթի, գիտության ու պետական շուշեցի 70 անվանի գործիչների տները, կենսագրական տեքստեր գրեցի, քարտեզ կազմեցի՝ դրանք քաղաքում տեղակայելու նպատակով, որն էլ անհերքելիորեն կապացուցեր, որ Շուշին հայկական քաղաք է: Ցավոք, այդ ծրագիրը մնաց թղթերում եւ համակարգիչում:

Հիմնադրամը ծրագրել էր վերականգնել բերդաքաղաքի 19-րդ դարի պատմա-ճարտարապետական մթնոլորտը: Արդեն վերականգնվել էր հինավուց շինությունների մի մասը: Բացվել էին մի շարք թանգարաններ: Աստիճանաբար վերակենդանանում է հինավուրց Շուշին, վերականգնվում հայոց մշակութային կենտրոնի երբեմնի համբավը:

Շուշի տանող ճանապարհի երկու կողմերում Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշներն են… Թուրքերը 28-ամյա ընդմիջումից հետո կրկին զավթեցին հայոց բերդաքաղաքը: Հիմա «քաղաքակիրթ» աշխարհի աչքի առաջ անարգել շարունակում են վերացնել հայկականը հիշեցնող ամեն ինչ:
Այս ամենը ինձ հուշեց, որ անպայման պետք է իրականացնել Շուշիի վիրտուալ թանգարան ստեղծելու գաղափարը, որի ջատագովներն են նաեւ գաղթականների վերածված շուշեցի Մհեր եւ Աշոտ Հարությունները: Կարծում եմ, որ Արցախի կառավարությունն ու մշակույթի նախարարությունը, համայն հայությունը կօժանդակեն «Շուշի» հիմնադրամին նման թանգարանի միջոցով կրկին ապացուցելու աշխարհին, որ Շուշի բերդաքաղաքը գերեվարված Անիի, Կարսի, Նանի, Սսի, Ջուղայի, Տիգրանակերտի հետ Հայոց բնօրրան է:

Մինչեւ 1992-ի մայիսին Շուշիի ազատագրումը թուրքերը Սարահարթից սկզբում ալազանի, ապա եւ գրադի կայանքներով սարահարթի բարձունքից հրետակոծում էին Ստեփանակերտը: Բնակիչները պաշտպանվելու միայն մի ելք ունեին՝ պատսպարվել նկուղներում: Սակայն այդ ցուրտ նկուղները հարմարեցված էին ապաստանելու համար: Շուշիի սարահարթը կրակակետի էր վերածվել, որը անհապաղ վերցնել էր պետք, ինչն էլ 1992 թ. մայիսի 9-ին իրականություն դարձավ:

Այս մտքերով էի տարված, երբ ճանապարհը բաժանվում էր, աջ կողմինը տանում էր դեպի Շուշի: Ճանապարհի երկու կողմերում Ադրբեջանի Հանրապետության եւ Թուրքիայի դրոշներն են: Երկու պետությունների միացյալ բանակը անցյալ տարի գրավեց Շուշին:

Երբ տեղեկացել էի, որ Շուշի է գնացել ծնունդով շուշեցի զորահրամանատար Սեյրան Օհանյանը, վստահ էի, որ նա կկազմակերպի հայրենի քաղաքի պաշտպանությունը: Սակայն ցավով տեղեկացա, որ նա հեռացել է Շուշիից: Իսկ թե ինչու են թույլ տվել, որ թշնամու դիվերսիոն խումբը հասնի Հայոց բերդաքաղաքը, որը բավականին հեռու էր ռազմաճակատից, անհասկանալի էր, իհարկե, եթե բացառում ենք ուղղակի դավաճանությունը:

Շարունակելի
Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930