Նիկոլ Փաշինյանի՝ հայ ռազմագերիների մասին ԱԺ ամբիոնից օրերս հնչեցրած հայտարարությունը փորձագիտական-իրավապաշտպան հանրույթում քննադատության մեծ ալիք առաջացրեց։ Երբ պատգամավորներից մեկը հետաքրքրվեց, թե օրերս ՀՀ տարածք Ադրբեջանի ԶՈՒ ներխուժման հետեւանքով գերեվարված հայ զինվորներից ի՞նչ տեղեկություններ կան, Փաշինյանն առանց բուն հարցադրմանը պատասխանելու՝ ակնարկեց, թե գերեվարման ամեն դեպքը պատշաճ հետաքննելու ժամանակն է։ «
Գուցե սխալ ենք վարվել զգացմունքային ֆոնի վրա։ Պետք է քննվի, թե ինչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում։ Զինվորական կանոնագրերը սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։ Ամեն դեպքում պետք է քննենք՝ այդ դեպքի հետ գործ ունե՞նք, թե՞ ոչ։ Եթե մարդը վիրավոր կամ անգիտակից վիճակում է գերեվարվում, ապա ոչ մի «պրետենզիա» չի կարող լինել»,- ասաց նա։ Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Փաշինյանի խոսքից տպավորություն է ստացել, որ վերջինս սա ասել է պահի ազդեցության տակ՝ առանց խորանալու։ «Մի բան, որը վայել չէ երկրի ղեկավարին։ Վարչապետը պետք է հասկանա, որ իր ամեն մի խոսք կարող է ունենալ կոնկրետ ազդեցություն մարդկանց եւ երկրի ճակատագրի վրա,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Վարդան Հարությունյանը եւ շարունակում,- բացի այդ, նրա խոսքից ես հասկացա, որ ինքը, փաստորեն, թեւաթափ է եղել, եւ որ ինքն ու իր իշխանությունը ոչինչ չեն կարող անել հայ ռազմագերիների վերադարձի հարցում։ Նման պատկերացումները, որոնք գրքերից, ֆիլմերից, ԽՍՀՄ ժամանակի դաստիարակությունից են մնացել մարդկանց մեջ, իրականում մարդատյաց պատկերացումներ են։ Մարդը բարձրագույն արժեք է. երկիրը, երկրի սահմանները, հայրենիքը՝ ամեն ինչ մարդու համար է։ Եթե մարդն արժեք չունի, այդ ամենը եւս արժեք չունի։ Այս իմաստով զարմացած եւ զայրացած եմ Փաշինյանի այդ արտահայտությունից։ Կարծում եմ՝ այո, գերիների վերադարձի հարցում, փաստորեն, մենք փակուղում ենք հայտնվել»։
Հիշեցրինք, որ պատերազմից հետո մեկ տարի է, ինչ Ադրբեջանի նախագահը հայ ռազմագերիներին «ահաբեկիչ» է որակում, այդ թվում՝ միջազգային հարթակներում։ Ի պատասխան՝ Վարդան Հարությունյանը փաստեց. «Իհարկե, Ադրբեջանը կփորձի ամեն խոսք ու բառ օգտագործել իր օգտին՝ մի բան, որ անում են։ Այդ իմաստով մերոնք անընդհատ սխալներ են թույլ տալիս։ Փաշինյանն այն խոսքը, որը կարող էր ասել խիստ նեղ ընկերական միջավայրում՝ երկու-երեք ընկերոջ հետ զրուցելիս, արտահայտում է ԱԺ ամբիոնից կամ կառավարության նիստի ժամանակ։ Բնականաբար, այդ ամենը կօգտագործվի ՀՀ-ի դեմ, մեր քաղաքացու, գերիների, բանակի, սահմանների դեմ։ Չէ՞ որ Ադրբեջանը ցիտում է Փաշինյանի խոսքերն այն մասին, որ մեր այս կամ այն տարածքն ադրբեջանական է։ Նրանք կառչում են նրա խոսքերից: Նա չգիտի ու չի հասկանում, թե ինչ է նշանակում վարչապետի աշխատասենյակ, կառավարության շենք։ Նա իր կյանքը պատկերացնում է այնպես, ինչպես այն եղել է 3, 5, 10, 15 տարի առաջ, եւ այդպես էլ շարունակում է»։ Վարդան Հարությունյանը նաեւ նշեց, որ 2020թ. նոյեմբերից մեր բանակն, ըստ էության, բարոյալքված է, եւ իշխանություններն այս մեկ տարում ոչինչ չեն արել՝ ամրապնդելու համար բանակի բարոյահոգեբանական վիճակը. «Եվ վերջին արտահայտություններն էլ ավելի են մարդկանց հուսահատեցնելու։ Զինվորը հասկանալու է, որ եթե հանգամանքների բերումով հայտնվի հակառակորդի ձեռքերում, ապա անպաշտպան է, եւ չկա պետություն, որն իր ճակատագրով կհետաքրքրվի։ Սա, իհարկե, բացասական ազդակ է՝ ուղղված զինվորին ու բանակին եւ առհասարակ քաղաքացուն»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.11.2021