Այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած մայոր Գևորգ Գասպարյանի հիշատակին: Նախաձեռնությունը հերոսի քրոջ` Արփի Գասպարյանինն էր։
Միջոցառմանը ներկա էին Գևորգի հարազատները, ծառայակից ընկերները, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի բարձրաստիճան սպայական և դասախոսական կազմը, Փոքր Մհեր կրթահամալիրի ուսուցիչները, հերոսածին մայրեր և հայրեր, հյուրեր:
Կարդացեք նաև
«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ կանգնել, որովհետև սա եղել է իմ եղբոր 2-րդ տունը, այստեղից է նա հայրենասիրական ոգով կրթված դուրս եկել:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել կուրսանտներին: Ձեր ամենքի մեջ կա Գևս, և դուք եք շարունակելու Գևորգի հերոսական ճանապարհը»,- իր խոսքում նշեց հերոսի քույրը:
Միջոցառումն ուղեկցվել է գեղարվեստական և երաժշտական կատարումներով, հերոսի մասին վերհուշի տեսաշարերով:
Միջոցառման վերջում ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Արթուր Մարտիրոսյանը մասնակիցներին պարգևատրեց պատվոգրերով:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ