Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

«Տիկ-Տոկ»-ի  սիրահար 7-ամյա Նարեկը ներառման կարիք գրեթե չունի (տեսանյութ, ֆոտոշարք)

Նոյեմբեր 21,2021 22:50

Գյումրու «Մուշ» թաղամասի բազմաբնակարան շենքերից մեկի 4-րդ հարկում է մեծանում 7-ամյա Նարեկ Մնոյանը։

Նա ծնվել է դաունի համախտանիշով,  բակի երեխաների ու դասարանցիների հետ շփման որևէ խնդիր չունի, այնքան մարդամոտ է,  որ նրանց է ստիպում իրեն բակ կանչել, խաղալ, հարմարվել ի՛ր միջավայրին։

Նրանց բնակարանի դուռը թակելուն պես մայրիկի՝ Մետաքսյա Գալստյանի հետ մեզ լայն ժպիտով դիմավորում է փոքրիկ Նարեկը՝  տան սառնարանի դուռը բացելով, արագ սեղան փռելով ու ստիպելով հյուրասիրվել։

Փոքրիկը պարբերաբար փորձում է մասնակցել մեր զրույցին՝  բնականաբար հասկանալով, որ այն իր մասին է։

Մայրը՝  Շիրակի պետական համալսարանի լրագրության բաժնի շրջանավարտ Մետաքսյան, թեև մեծ ցանկություն ունի իր մասնագիտությամբ աշխատելու, սակայն չի կարողանում, ժամանակը չի ներում․ դպրոցահասակ երկու որդիներին անհրաժեշտ է խնամել ու  ժամանակի մեծ մասը հատկացնել Նարեկին, որպեսզի վերջինս  միջավայրին հարմարվելու որևէ դժվարություն չունենա։

Մեր զրույցի ընթացքում Նարեկը ցուցադրում է իր բոլոր հմտությունները․ երգում է, պատասխանում է մայրիկի հեռախոսազանգերին, հեռախոսով խաղեր խաղում, երբեմն էլ  խոհանոցի անկյունում տեղադրված խաղալիք մեքենան է վարում, պարբերաբար էլ փորձում ինչ-որ բան պատմել։

Մետաքսյա Գալստյանի խոսքով՝ Նարեկը խոսում է այն ժամանակ, երբ ինքն է ուզում, թվում է, թե խոսքը վարժ չէ, բայց երբեմն սահուն ձևակերպում է մտքերը։

Փոքրիկի նախասիրություններից է լուսանկարվելը, «Տիկ -Տոկ»-ում հայտնվելը, երգելն ու պարելը, երբեմն նաև նկարում է՝ վառ գույներ օգտագործելով։

Մայրիկի պատմելով՝ Նարեկը հետ չի մնում մեծ եղբորից՝ Ռոբերտից, նույնիսկ դասերը սովորելու ժամին ինքն էլ իր գրքերն է վերցնում ու նստում։

«Նարեկին մեծացնելը հաճույք է» , -ասում է մայրը ու ժպտալով պատմում, թե ինչպես է սկսվում իրենց ընտանիքի առօրյան։

«Նարեկը երկրորդ դասարանում է սովորում, հաճախում է թիվ 23 դպրոց։ Առավոտյան շատ վաղ ենք արթնանում․ ժամը 8․30-ին մեծ տղայիս դպրոց եմ ճանապարհում, հետո Նարեկի հետ մենք ենք գնում։

Դպրոցից  բացի հաճախում  է նաև «Էմիլի Արեգակ» կենտրոն, և՛ դպրոց է մեծ սիրով հաճախում, և՛ «Էմիլի Արեգակ» կենտրոն։ Շատ ընկերասեր է, այնքան հեշտությամբ է  շփվում, և՛ ինքն է սիրում ընկերներին, և՛ նրանք են իրեն սիրում, էնքան ջերմ են դասարանցիների հետ հարաբերությունները։ Ոչ մի բանից իրեն չի զրկում, ամեն ինչից օգտվում է, այնքան շուտ է ընկալում թե՛ լավը, թե՛ վատը։

 

Երաժշտական տաղանդ ունի, կարծում եմ իր ակտիվ պահվածքի վրա անմիջականորեն ազդում է եղբայրը՝ Ռոբերտը, մեծ որդիս շատ-շատ է օգնում։

Նարեկը նույն կյանքով է ապրում, ինչ սովորական երեխաները, բացարձակ ոչ մի տարբերություն չկա։

Ներառման հարցում, անխոս, մեծ դերակատարություն ունի ծնողը, ծնողից շատ բան է կախված՝ եթե շատ լավ ընդունի իր երեխային և տարբերություն չդնի երեխաների մեջ, կարող եմ ասել, որ այդ դեպքում խնդիրը որոշ չափով լուծված է։ Իսկ եթե երեխային ընդունես խնդիրներով, ապա ավելի մեծ խնդրի կբախվես»,- ասում է Մետաքսյա Գալստյանը։

Հասարակության վատ վերաբերմունքին երբեմն բախվել են, բայց Մետաքսյան նշում է՝ ամեն ինչ հաղթահարելի է։

Ծնողները որդուն կոչել են Ախուրյանում գտնվող Նարեկ Սրբի անունով։

«Երբ որդիս ծնվեց ու մեզ համար պարզ դարձավ, որ  նրա մոտ դաունի համախտանիշ է, ես երազ տեսա, որտեղ ինքս ինձ հետ կռվում էի, թե  ինչի համար մեծ տղաս առողջ, փոքրը պիտի  խնդիր ունենա, այն ժամանակ կարելի է  ասել գիտելիքներս չէին բավականացնում, որ իմանայի՝ ինչ է դաունի համախտանիշը։

Մեկ էլ երազումս լուսավոր տեսարան բացվեց ու զրնգուն մի ձայն ասաց՝  ինչի՞ համար ես լացում, ոչ մի տարբերություն չկա, ես եմ տվել ու ես էլ պիտի պահեմ։ Մինչև օրս այդ ձայնն է իմ ականջներում  ու մաշկիս վրա եմ զգացել, որ այդպես էլ  կա,  կյանքի բնականոն հունով մեծացող երեխա է։

Նարեկն անընդհատ շարժման մեջ է, անընդհատ վազքի մեջ, ամեն ինչ ուզում է փորձել, ոչ մի բանից հետ չմնալ։

Պարի ու երգի խմբակներ ենք կազմակերպում, աշխատում եմ այնպես անել, որ երեխաներիս կրթությունը չսահմանափակվի միայն դպրոցով,  կենտրոնով։ Տանը  զբաղվում եմ իր հետ, նկարչություն ենք անում, ջրաներկով նկարում է, վրձին չի բռնում, սիրում է մատներով նկարել ։ Հնարավորության սահմաններում ամեն ինչ անում եմ, որ իր բոլոր հետաքրքասիրությունները բավարարեմ։

Նկարներում վառ գույներ  է օգտագործում, նաև լուսանկարվել է շատ սիրում, եթե հետաքրքիր մի տեղ է կանգնած, հասկացնում է, որ անպայման իրեն լուսանկարենք։

Խոսում է այն ժամանակ, երբ որ ինքն է ուզում ու նկատել եմ, որ մեծամասամբ անգլերեն բառեր է արտաբերում, մուլտֆիլմերի ազդեցության տակ է։ Շատ է սիրում «Բուբա» մուլտֆիլմը», -պատմում է մայրը։

Մետաքսյա Գալստյանն ասում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց ներառվելը հին ժամանակների պես մեծ խնդիր չէ հայ հասարակությունում, մենթալիտետը փոքր-ինչ փոխվել է։ Օրինակ՝ դպրոցում Նարեկը դասարանի միակ երեխան է, որը  ներառման ենթակա է, սակայն այնպիսի վերաբերմունք են ցույց տալիս,  որ երբևէ չես զգում ոչ մի տարբերություն։

Նարեկը 45 րոպե կարող է առանց աղմուկի, խանգարելու դասի նստել, իր հետ դպրոցում մեծ աշխատանք են տանում։

Նարեկը հաճախում  նաև «Կարիտաս»-ի բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների  «Էմիլի Արեգակ» կենտրոն։  Կենտրոնը, ըստ Մետաքսյա Գալստյանի, անփոխարինելի դերակատարություն ունի ներառման կարիք ունեցող գյումրեցի պատանիների ու երիտասարդների կյանքում։

«Էմիլի Արեգակ» կենտրոն  հաճախելով՝  Նարեկը  շփվում է հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի հետ, նրա հետ ահռելի մեծ աշխատանք են տանում, որի շնորհիվ էլ  նա օր օրի հասարակության լիարժեք  անդամ է զգում։

Նարեկն  ինքնուրույն է հագնվում, ինքնուրույն սնվում, աստիճաններն  առանց որևէ մեկի օգնության բարձրանում-իջնում  է։

Մայրը մեզ  տեսանյութեր է ցույց տալիս, որտեղ Նարեկը սինթեզատոր է նվագում, հեծանիվ վարում, տարբեր խաղեր է փորձարկում։

«Ողբերգություն դարձնել չի կարելի, ես էնքան սիրով եմ մեծացնում  որդուս, կարող եմ ասել ՝ նման երեխաները Աստծո պարգև են ու կյանքի փորձ»,-եզրափակում է Մետաքսյա Գալստյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930