Նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ աշխարհի 2022թ առաջնության որակավորման փուլի Հայաստան-Գերմանիա հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Խաղում հաղթեց Գերմանիան 4։1 հաշվով։ Խաղի վերջում 12-ամյա Գոռ Վարդանյանին հաջողվեց շրջանցել անվտանգության աշխատակիցներին, մտնել խաղադաշտ և վերցնել Գերմանիայի հավաքականի և անգլիական «Չելսի» ակումբի կիսապաշտպան Կայ Հավերցի մարզաշապիկը։ Այս ամենի մասին զրուցել ենք Գոռի հետ։
-Ինչպե՞ս որոշեցիր, որ պետք է մտնես խաղադաշտ։
Հանդիպումից օրեր առաջ էի որոշել, որ պետք է անպայման մտնեմ դաշտ։ Խաղին ներկա էի հորաքրոջս, եղբայրներիս և քույրերիս հետ։ Նրանք տեղյակ էին, որ պետք է մտնեմ դաշտ։
-Հե՞շտ էր անվտանգության աշխատակիցներին շրջանցելը։
Նախքան դաշտ մտնելն անգամ չէի էլ մտածում նրանց մասին (ծիծաղում է)։ Այնքան մեծ էր ցանկությունս, որ նույնիսկ չնկատեցի հսկիչներին, միանգամից մտա դաշտ և վազեցի դեպի Կայ Հավերցը։
-Նախապե՞ս էիր որոշել, որ պետք է մոտենաս հենց Հավերցին։
Չէի գիտակցում, թե ում մոտենամ, չնայած նախապես որոշել էի մոտենալ Լերոյ Սանեին։ Ցավոք նա այդ պահին խաղադաշտում չէր։ Այդ պատճառով էլ մոտեցա Հավերցին։
-Ինչպե՞ս բացատրեցիր նրան, որ ցանկանում ես նրա մարզաշապիկը։
Մոտեցա նրան և անգլերենով ասացի. “Give me your shirt”։ Նա միանգամից հանեց մարզաշապիկը և տվեց ինձ։
-Ի՞նչ զգացիր այդ պահին։
Ճիշտն ասած շոկի մեջ էի և հուզված, չէի հասկանում, թե ինչ էր կատարվում։ Ինձ այնքան հպարտ էի զգում։
-Աշխատակիցները քեզ հեռացրին խաղադաշտից։ Դրանից հետո խնդիրներ չառաջացա՞ն։
Նրանք միայն հեռացրին դաշտից, ոչ մի խնդրի առջև չկանգնեցի։
-Հավերցը քո նկարը ինստագրամում տեղադրել էր իր սթորիում։ Ի՞նչ զգացիր, երբ տեսար սթորին։
Եղբայրս ինձ ասաց այդ մասին։ Շատ-շատ էի ուրախացել։ Այնքան եմ հիացել նրա այդ քայլից, չէի սպասում նման բանի։
-Հավերցի մարզաշապիկն ի՞նչ ես արել։ Ընկերներդ ինչպե՞ս արձագանքեցին քո այդ քայլին։
Մարզաշապիկն ինձ մոտ է, չեմ պատրաստվում բաժանվել դրանից։ Ընկերներս շատ էին ուրախացել, որ վերցրել եմ Հավերցի մարզաշապիկը։
–Դասերին զուգահեռ ինչո՞վ ես զբաղվում։
5 տարեկանից զբաղվում եմ ֆուտբոլով։ «Ուրարտու» ակումբից եմ։
-Առաջի՞ն անգամ էիր ներկա գտնվում Հայաստանի հավաքականի խաղին։
Ոչ, գրեթե բոլոր տնային խաղերին ներկա եմ գտնվում ընտանիքիս անդամների հետ։
Արուսյակ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ