Լրահոս
Օրվա լրահոսը

Ես ներդրում եմ անում մարդկանց ժպիտի մեջ․ Կարինե Ավանյան

Նոյեմբեր 21,2021 23:00

Կարինե Ավանյանին գիտեն շատերը. որոշ մարդիկ նրան ճանաչում են որպես հետաքրքիր պատմվածքների հեղինակի, որոշ մարդիկ՝ որպես արվեստի մեծ սիրահարի, որոշ մարդիկ էլ՝ որպես հայկական արտադրանքներն անվճար ու անաչառ գովազդողի, սակայն բոլորին շատ լավ հայտնի է էկո-ակտիվիստ Կարինեն, որի հետ զրուցել ենք խելամիտ սպառման փիլիսոփայության, հարաբերությունների էկոլոգիայի և այլ հետաքրքիր թեմաների շուրջ։

-Կարինե, այսօր ամբողջ աշխարհում շատ նորաձև է դարձել խելամիտ սպառման միտումը և հնարավոր բոլոր միջոցներով բարձրաձայնվում է վերջինիս կարևորության մասին։ Ո՞րն է խելամիտ սպառման Ձեր փիլիսոփայությունը։

-Ես ժլատ եմ, ժլատ ու ալարկոտ, ես չեմ սիրում, որ երբ ինչ-որ մի բան ունես, գնաս այդ նույն բանից գնես, բայց արծաթագույն կոճակներով։ Ունե՞ս ինչ-որ մի բան, կոշիկներդ հարմա՞ր են, ոտքիդ ամեն ծալքը ճանաչո՞ւմ են՝ հագիր այնքան, որ հողաթափի նման հարմար դառնան։ Պատահական չէ, որ «էկոնոմիա» և «էկոլոգիա» տերմիններն ընդհանուր սկիզբ, արմատ ունեն՝ էկո․․․ Բնությունը մեզ ձրի տալիս է ամեն ինչ, որից մենք հաճույք ենք ստանում, ինչո՞ւ օրերից մի օր մենք պետք է էդ ամենից զրկվենք, զուտ նրա համար, որ ուզում ենք ավելի ու ավելի շատ սպառել․․․ Եվ դա նաև շատ ծախսատար է, ի վերջո, պայուսակը, որն արժե հազարավոր դոլարներ, կարող է մի տարվա ապրուստի միջոց լինել մեկ ուրիշի համար։

-Տեսեք, դուք ասում եք, որ ժլատ եք, բայց շատերին է հայտնի ձեր անսահման հյուրասիրությունը, նվերներ տալու մեծ սերը․․․

-Դա ներդրում է, ես ներդրում եմ անում քո մեջ, քո ժպիտի մեջ, քո բարեհամբյուր լինելու մեջ։ Իմ մոտ ցանկություն կա, որ մարդիկ իմ շուրջը ժպտան, դրա համար պատրաստ եմ ամեն ինչ անել․ դա էլ է էկոլոգիա՝ էմոցիոնալ էկոլոգիա, երբ քո շուրջը հավաքում ես էն մարդկանց, որոնք քեզ հաճելի են, ու որոնք քեզնից են հաճույք ստանում։ Այդ «էկոն» որ մտնում է քո մեջ, սկսում է անցնել ողջ կյանքիդ միջով՝ կարմիր թելի նման։

-Իսկ ե՞րբ և ինչպե՞ս սկսվեց հետաքրքրությունը բնապահպանության, էկոլոգիական սպառման նկատմամբ։

-Փոքր ժամանակվանից քույրս հիշում է, որ երբ մեր տետրերը վերջանում էին, ես ազատ թղթերը թելերով կարում ու բլոկնոտներ էի սարքում, հետո նվիրում բոլորին․․․

Դա երևի միշտ է եղել իմ մեջ, հերպեսի նման՝ քնում ու արթնանում էր, հետո մի օր պարզվում է, որ դու արդեն էկո ակտիվիստ ես՝ փողոցում թղթի մի կտոր որ տեսնում ես, նյարդայնանում ես․․․

Ինձ անչափ հոգեհարազատ է իրերի վերամշակման փիլիսոփայությունը․․․ Դեռ այն ժամանակ, երբ ապրում էինք Աֆղանստանում, մամաս մի երանգավոր թել էր առել, որը էդ ժամանակ շատ չճարվող էր, ու դրանից ինձ ու քրոջս համար զգեստ էր գործել, հետո քանդեց՝ սվիտեր գործեց, հետո՝ մի ուրիշ բան, ու կարծես էդ թելը մեր ողջ կյանքի ընթացքում միշտ մեզ հետ էր․․․ Հետո էդ թելից մամաս սկսեց գործել քրոջս երեխեքի համար, հետո թոռնիկի․․․ էդ թելով արդեն երրորդ սերնդի համար է մայրիկս գործում, ու այն կարծես մեր ընտանիքի պատմության մի մասնիկն է՝ հիշողության թելը, որը կապում է մեզ մեր մանկության հետ։

-Իսկ ինչպե՞ս լինել ոճային, համահունչ նորաձևությանը և միևնույն  ժամանակ խուսափել արագ նորաձևության թելադրած կանոններից։

-Ոճային լինելն իրականում բարդ չէ, օրինակ, ես մի գլխարկ ունեմ, որով ինձ ճանաչում են։ Այդ գլխարկով ինձ կարող են ճանաչել, անգամ եթե 20 տարի չեն տեսել ու ես դիմակով եմ։ Գլխարկս գնել եմ 2001 թ․-ին Քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարությունների ժամանակ։ Այն 20 տարեկան է և ընդամենը մեկ անգամ ենթարկվել է ռեստավրացիայի մի հրաշալի կնոջ կողմից, որը ևս էկո ակտիվիստ է։ Նշեմ, որ էս վերջերս Սանկտ Պետերբուրգում նորաձևության օրեր էին, որի շրջանակներում ներկայացվում էր հագուստ, որը վերամշակման եղանակով է ստացվել․․․ Նորաձևությունն անգամ գնում է դրան, քանի որ բոլորն են հասկանում, որ տարբերակ չկա, և եթե դու ուզում ես անընդհատ նոր բաներ գնել, ուրեմն գնելու ես բաներ, որոնք ստացվել են վերամշակման եղանակով․․․

«Աննա Կարենինա» կոլաժը

-Կարինե, արդեն քանի տարի է՝ Ձեզ կարելի է տեսնել ամենուր, առավոտյան ժամը 6-ին՝ աշխատանքային ձեռնոցներով և ուսապարկով, ձեր ձեռքին՝ աղբի մեծ տոպրակներ․․․ Ի՞նչն է ձեզ մղում էդպիսի կամավորության։ 

-Ես եսասեր եմ և ուզում եմ, որ իմ շրջապատը մաքուր լինի, ուզում եմ պատուհանից նայել ու ոչ թե աղբի կույտեր տեսնել, այլ սիրուն-պուպուշ բաներ․․․ Հետո քաղաքն էլ է չէ՞ իմ բնակարանի մի մասը, երկիրն էլ է լրիվ իմը, և այստեղ ես ինձ իրավունք եմ վերապահում իմ պայմանները դնելու․․․ Եթե ուրիշներն ինձ չեն լսում՝ դա իրենց խնդիրն է, ես կանեմ այնքան, որքան իմ ուժը հերիքում է․․․ Կամաց-կամաց մարդիկ կտեսնեն, որ մաքուր է ու էլ աղբ չեն շպրտի փողոցում․․․ Օրինակ՝ ես արդեն նկատում եմ, որ իմ շրջապատում մարդիկ ավելի քիչ են աղբ շպրտում, թերևս ես եմ բացառություն, որ խնձորի մնացուկը կարող եմ գցել՝ հողին վերադարձնելով էն, ինչ մեզ տվել է։

Այն, ինչ բնությունից եկել է, պիտի վերադառնա բնությանը, բայց պլաստիկը բնությունից չի եկել, դա չգիտես որտեղից է եկել ու պիտի գնա էնտեղ, որտեղից հայտնվել է։ Գովելի է, որ շուտով Հայաստանում որոշ հաստության պլաստիկե տոպրակներն արգելվելու են, ու այսօր  մեզնից անցնում է պլաստիկը վերամշակել, մինչև որ դա լիովին կվերանա․․․ Առանց պլաստիկի իրականում շատ ավելի հեշտ է ապրել․․․ Չէ՞ որ մի ժամանակ կարողացել ենք առանց դրա յոլա գնալ։

-Դուք ոչ միայն ուշադրություն եք հրավիրում խելամիտ սպառման, շրջապատի մաքրության պահպանման ու աղբի վերամշակման խնդիրների վրա, այլև հուշում, որ աղբը ստեղծագործական մեծ պոտենցիալ ունի նաև, լավ օրինակ է ամռանը ձեր կազմակերպած միջոցառումը․․․

– Էդ նախագիծը կոչվում էր Reuse and Reduce․ այն միջազգային միջոցառում էր՝ ճամբարի նման, որի մասնակիցները եկել էին տարբեր երկրներից՝ Անգլիայից, Իտալիայից, Վրաստանից, Ռուսաստանից։  Պայմանն այն էր, որ երկու-երեք շաբաթվա ընթացքում այդ ստեղծագործող անձինք իմ տված աղբից պետք է ստանային արտ-օբյեկտներ: Իհարկե, ընթացքում ես ներկայացնում էի, թե ինչպես են նյութերն իրար հետ խոսում, ինչպես կարելի է դրանք միմյանց կպցնել, քանի որ աղբի հետ աշխատելու համար տեխնոլոգիական, ինժեներական մոտեցումներ պետք է ունենալ։

Դա շատ հետաքրքիր էքսպերիմենտ էր, որի արդյունքում եղան իսկապես ուշագրավ աշխատանքներ։ Հետո մենք մեծ ցուցահանդես արեցինք, իսկ շատերն իմ կողմից անակնկալ կերպով մրցանակներ ստացան՝ այդպես փորձեցի խրախուսել լավագույն աշխատանքների հեղինակներին։

Նշեմ, որ ես էլ էի մասնակցում այդ աշխատանքներին և այդ ընթացքում ծխախոտի տուփերից կազմված մի պաստառ սարքեցի, որն անվանեցի «մոտիվացիա»․․․ Քանի որ երբ հաշվում ես, թե որքան բան կարող էիր գնել այդ ծխախոտի փոխարեն, ուղղակի սարսափում ես․․․

«Մոտիվացիա»

«Խաչակ»

Հիմա ես երազում եմ, որ Հայաստանում լինի «էկո-արտ»-ի կենտրոն՝ ինդուստրիալ մի գոտի, որտեղ մարդիկ կարող են ստեղծագործել, շփվել և արդյունք ստանալ։ Չէ՞ որ շփման արդյունքում նոր գաղափարներ են ծնվում, ու թափոնների վերամշակման կամ վերանորոգման բոլորովին այլ մոտեցումներ կարող են առաջանալ արդյունքում․․․ Կարծում եմ՝ այդպիսի մի վայրը, որտեղ տարբեր մարդիկ անընդհատ աշխատում ու ստեղծագործում են, կարող է դառնալ աշխատատեղ․ մարդիկ կվաճառեն իրենց արտադրանքը ու կվերամշակվի աղբը․․․

Եթե դու բնապահպանության ֆրոնտում ես՝ բոլոր միջոցները լավ են․․․ Ուզում եմ նաև նշել, որ կրիտիկական պահն անցել է, երբ մենք նոր էինք սկսել և մարդիկ մեզ զարմանքով էին նայում, որ մենք շիշ ենք հավաքում փողոցում․․․ Բայց կարևորը դա չէր, այլ էն բավականությունը, երբ օրվա վերջում տեսնում ես, թե քանի տոպրակ աղբ ես հավաքել ու արդյունքում Երևանի քանի փողոց է մաքրվել․․․

Մանավանդ որ դու կամավոր ես ու քո ուզած ժամանակ կարող ես դադարեցնել․․․ Այսօր ես ուրախանում եմ, որ քաղաքապետարանը տեսակավորման աղբամաններն է տեղադրել ու հույս ունեմ, որ կգա ժամանակ, որ դրանք լիովին կծառայեն իրենց նպատակներին։ Բայց քանի դեռ խնդիրը կա, ես ինձ մոտիվացնում եմ ամեն օր արթնանալ ու գնալ, երբեմն ինքս ինձ ասում եմ, դե գոնե Արարատը կտեսնես․․․

«ԷկՕզոն․ սառնարանը»՝ Կենդանաբանական այգում

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930