Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի մասին գրառման համար Մանուել Մանուկյանի դեմ քրեական գործ է հարուցվել

Նոյեմբեր 20,2021 20:31

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանը հրավիրվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին։ Այս մասին Մանուել Մանուկյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ:

Մանուել Մանուկյանը ծանուցագրից է իմացել, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցված՝ անձին ծանր վիրավորանք հասցնելու, հայհոյելու կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ, անպարկեշտ եղանակով վիրավորելու դեպքի առիթով: Ի դեպ, նոյեմբերի 12-ին քննչական վարչություն ներկայանալու մասին ծանուցագիրը Մանուել Մանուկյանը ստացել է նոյեմբերի 18-ին: Քրեական գործը հարուցված է իր ֆեյսբուքյան գրառումներից մեկի հիմքով, որտեղ նա Նիկոլ Փաշինյանին է անվանարկել: Նա պնդում է, որ իր գրառման մեջ վիրավորանք, առավել ևս հայհոյանք, չկա: Aravot.am-ի հետ զրույցում, Մանուել Մանուկյանն  ասաց, որ իր գնահատմամբ, կոնկրետ այդ գրառումը էական նշանակություն չունի, այն պարզապես առիթ է հանդիսացել իրեն հետապնդելու, վախեցնելու եւ լռեցնելու փորձ անելու համար: Հայտարարում է՝ չի ստացվելու, ինքը չի լռելու:

«Ես կարծում եմ, որ հենց Նիկոլ Փաշինյանի ցուցումով է ամենը կատարվում: Քանի որ ես մշտապես բարձրաձայնում եմ ցավոտ թեմաներ եւ հարցեր, որոնք համապատասխանում են իրականությանը, իրենք այս կերպ փորձում են ինձ լռեցնել»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այն մարդիկ, ովքեր Հայաստանի հանրապետությունում հետապնդում են պետական եւ հանրային շահը, կարող են բացահայտել իշխանության դավաճանական ծրագրերը, այսուհետ նման հետապնդումների զոհ են դառնալու, որպեսզի վերջնարդյունքում լռեն: 44-օրյա պատերազմում տեղի ունեցածի վերլուծությունները եւ հայկական կողմի զոհերի թիվը մեր զրուցակցին հիմք են տալիս հայտարարելու, որ իշխանությունն այդ ժամանակ էլ փորձել է ազատվել հայրենանվեր եւ հայրենասեր մարդկանցից՝ նրանց առաջնագիծ գնալու կոչեր անելով, իսկ տեղում արդեն չկառավարելով պատերազմը, ընդհանուր առմամբ, եւ տարբեր ուղղություններով մարտական գործողությունները:

44-օրյա պատերազմում Մաունել Մանուկյանը նույնպես վիրավորվել է եւ չի հասկանում, թե ինչո՞ւ է իշխանական համակարգը զբաղված իրեն հետապնդելով՝ իր առողջությունը վերականգնելու հարցերով զբաղվելու փոխարեն:

Ինչեւէ, մեր զրուցակիցն ասաց, որ ինքը քննությունից չի խուսափելու՝ դրա համար որեւէ պատճառ չունի: Այսօր սպասել է քննիչի զանգին, որ հանդիպեն՝ չի զանգել: Կարծում է, առաջիկա աշխատանքային օրերին կհանդիպեն:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930