Մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարության կողմից անցկացվող «Դպրոց առանց սահմանների» միջազգային մրցույթի հայտերի ընդունման գործընթացը։ Մրցույթին կարող են դիմել ԱՊՀ երկրների ուսուցիչները՝ ներկայացնելով լավագույն մանկավարժական գաղափարները և հմտությունները։ Ժյուրիի կազմում Հայաստանը ներկայացնում են բանասիրական գիտությունների թեկնածու Էլինա Շաքարյանը և FLY լեզվի դպրոցի հիմնադիր Բորիս Ֆոկինը։
Միջազգային մրցույթին կարող են հայտ ներկայացնել, թե՛ դպրոցների և ուսումնական կենտրոնների ուսուցիչները, թե՛ անհատ ուսուցիչները, ովքեր դասավանդում են ռուսաց լեզուն և՛ դասական մեթոդներով, և՛ նորարարական կրթական տեխնոլոգիաների ու իրենց մեթոդական մշակումների կիրառմամբ։
Ռուսաց լեզվի միջազգային մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ առաջինը նամակագրությունն է և երկրորդը՝ անմիջական մասնակցությունը։ Նամակագրության փուլում մասնակիցը կարող է մրցույթին ներկայացնել մինչև երեք օրիգինալ նախագիծ՝ ռուսաց լեզվի ուսուցման համատեքստում։
Ցանկացողները կարող են գրանցվել նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 10-ը՝ հետևյալ հղմամբ:
Առաջին փուլի արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերի 14-ին, իսկ եզրափակիչ փուլի մասնակիցները կմեկնեն Մոսկվա՝ մասնակցելու դեկտեմբերի 22-24-ը կայանալիք երկրորդ փուլին։ Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ կհրապարակվեն արդեն հաղթողների անունները։
Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կստանա անհատական վկայական, պարգև, հաղթողները՝ անհատականացված դիպլոմներ և մրցույթի պաշտոնական էլեկտրոնային հավաքածուում հրապարակվելու իրավունք։ Հաղթողները կստանան նաև 50 000 ռուսական ռուբլի դրամական պարգեւ։
«Դպրոց առանց սահմանների» միջազգային մրցույթի նպատակն է օգնել բարելավել դասավանդման որակը և ամրապնդել մասնագիտական կապերը տարբեր երկրների ուսուցիչների միջև, ովքեր մասնագիտացած են ռուսաց լեզվի ուսուցման մեջ:
«Դպրոց առանց սահմանների» մանկավարժական գաղափարների և հմտությունների միջազգային մրցույթի մասին ողջ տեղեկատվությունը տեղադրված է մրցույթի պաշտոնական կայքում:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ