Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիքը կենդանի ապրող մարմին է եւ իր զավակների արյան կարիքն ունի, սնվում է իր զավակների արյունով». Վաչագան Մանուկյան

Նոյեմբեր 20,2021 18:46

«Պինդ մնացեք, իմ լույս ճրագներ». սա երիտասարդ գրող Վաչագան Մանուկյանի վերջին գրառումն է: Վաչագանը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին՝ Շուշիի մատույցներում: Վերջին անգամ Վաչագանն ընտանիքի անդամների հետ խոսել է նոյեմբերի 5-ին: Հետո նրանից լուր չի եղել, միայն նոյեմբերի 17-ին Վաչագանի հայրը՝ գրող Խաչիկ Մանուկյանն իմացել է որդու մահվան մասին: Անցած մեկ տարվա ընթացքում Խաչիկ Մանուկյանը մեկ առ մեկ փորձել է անցնել այն ճանապարհով, որով որդին է անցել պատերազմի օրերին, խոսել է տղայի զինակից ընկերների հետ՝ ում Աստված շնորհեց ապրել, ամբողջացնելու համար որդու ապրած վերջին օրերը: Շատ բաներ է լսել ու իմացել. տխրել, որ գոնե առաջնագիծն անհրաժեշտ զինամթերքով ապահովված չի եղել: Միակ մխիթարանքն այսօր այն է, որ տեղանքը, որտեղ Վաչագանն էր իր ջոկատով, այժմ Հայաստանի վերահսկողության տակ է գտնվում:

Այսօր Հայաստանի գրողների միությունում երիտասարդ գրողին նվիրված հուշ-ցերեկույթ էր, գրքերի շնորհանդես՝ նրա ստեղծագործությունների, որոնք հրապարակվել էին ռազմաճակատ մեկնելուց մի քանի օր առաջ, այն ստեղծագործությունների, որոնք հրատարակվեցին իր մահից հետո եւ իր մասին գրքի, որը վերնագրված է՝ «Ազգային հերոս. Վաչագան Մանուկյան»: Այդտեղ Վաչագանի ընկերների, հարազատների ու նրան ճանաչողների մեկնաբանություններն են նրա մասին:

Նժդեհի գաղափարակիր Վաչագանը չէր կարող ռազմի դաշտ չմեկնել: Լրագրողների հետ զրույցում, երիտասարդ գրողին է ներկայացնում Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը. «Վաչագանը արմատական, հայրենասիրական  մտածելակերպ ուներ, Նժդեհի գաղափարներն էր կրում»: Ասում է՝ նա այսպիսի կանխազգացում ուներ. «Եթե մի հրեշավոր դիպվածով ես կյանքը լքեմ, զոհվեմ, ուրեմն թող իմ հարազատները, ընկերները, բոլորը՝ իրենց մեջ լույսը կրեն, որի համար մենք կռվում ենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

«Այս տղան քեզ գերազանցելու է. ինքը կմնա գրականության մեջ, դու կմնաս, որպես ուղեկից գրող, որովհետեւ, առաջին աստիճանը Վաչագանն է»,- Խաչիկ Մանուկյանին, կես կատակ-կես լուրջ, ասել է գրականագետ Սերժ Սրապիոնյանը, երբ առաջին անգամ ծանոթացել է Վաչագանի ստեղծագործություններին: Վաչագանին գրականագետը չորս տարի առաջ է հանդիպել առաջին անգամ: «Նրա կյանքի այս ողբերգական ընդհատումը, գրականության մեջ նրա տեղը թողեց Վաչագան Մանուկյանի տեղ. անկրկնելի, բայց ոչ ծավալված, որովհետեւ ծավալվելու շատ տեղ կար: Վաչագանի գիրն ու գրականությունը տարբերվում էր իր սեփական գույնով ու երանգով, համոզվածությամբ: Այն, ինչ գրում էր Վաչագանը, իր ներքին համոզմունքի արդյունքն էր: Գրի փոխարեն, նա զենքը վերցրեց ու այսօր նրա անկրկնելի գրականությունը քարոզում եմ միայն մի քանի նվիրյալներ: Նա չհասցրեց դասական դառնալ՝ զուտ կյանքի իմաստով, բայց նա դասական կարող է դառնալ իր գրական դասերի իմաստով՝ հաջորդ սերնդի, անկախության սերնդի համար, որն ապրել է անկախ երկրում: Նրանք պետք է տեսնեն, որ իրենց պոետների կյանքն ինքազոհմամբ է ընդհատվել: Ես հավատում եմ Վաչագանի անմահությանը»,- ասում է Սերժ Սրապիոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

«Մեռելներն անոնք են, որոնց համար մենք մեռանք». Սիամանթոյի կերտած կերպարներից մեկին է մեջբերում Սերժ Սրապիոնյանը եւ գրականությունն արտապատկերելով մեր իրականության վրա, կարծում է՝ մենք այդ մեռելներն ենք, որովհետեւ մեզ համար զոհվածների նահատակության արժեքը չենք գիտակցում եւ չենք փորձում արժեւորել այդ նահատակությունը: «Դարձ պիտի կատարենք մեր սուրբ նահատակներին, որպեսզի ինքներս մեռելների չվերածվենք՝ ապրելով: Ստրուկները նույնպես խաղաղ էին ապրում, բայց փորահացով. այն խաղաղությունը, որը մատուցվում է մեզ՝ իբրեւ փրկություն, հենց մեր կործանման մեծ դարպասն է: Մենք հիմա արդեն խաղաղության դարաշրջանում ենք եւ մեզ ոչ ոք հաշվի չի առնում»,-ասում է մեր զրուցակիցը՝ նկատելով, որ սա է պետություն չունենալու ամենալավ ցուցիչը: «Իսկ հաշվի չեն առնում մեռելներին եւ բոլոր նրանց, ովքեր այդ խաղաղության ջատագովներն են: Երկու տարբեր երկրների ղեկավարներ նստած՝ գծում են մեր երկրի սահմանները, մենք ա՞յդ խաղաղությունն ենք երազում». գրականագետի հարցը հռետորական է, բայց եթե թուրքի ձեռամբ խաղաղության մեջ պետք է ապրենք՝ ինքը Բակունցի լեզվով է պատասխանում. «Շնորհակալ եմ, ինձ այդ ցեղից չեմ համարում: Ես ուզում եմ պայքարի դարաշրջանում լինել, բայց իմ երկիրը մնա, քան խաղաղության դարաշրջանում լինեմ եւ իմ պապերի գերեզմանների տեղը չիմանամ»: Եթե պայքարողներին ռեւանշիստներ են անվանում, ապա ինքն էլ է ռեւանշիստ, բայց մի բան չի հասկանում՝ ի՞նչ են այդ ռեւանշիստներն ուզում. այն իշխանությո՞ւնը, որը «փտած դիակի նման ընկած է գետնին» եւ ոչ ոք չի ցանկանում վերցնել, քանի որ հոտն իրեն է կպնելու:

Անկախ նրանից, Վաչագանը ֆիզիկապես ներկա է, թե՝ ոչ, նա մշտապես առաջնորդող է մնալու՝ իր անմահությամբ, իր մտածելակերպով, իր գործով, իր գրչով. Բագրատ Սրբազանն է համոզված: «Մենք նրան երբեք չենք կարողանալու հեռացնել մեր կյանքից, Վաչագանի բառերով ասած՝ «օտարված լինենք միմյանցից»,- ասում է Սրբազանը՝ հավելելով, որ մեր պատմության կարեւորագույն եւ դժվարագույն ժամանակահատվածն է. մենք ապրում ենք մեր եղբայրների եւ զավակների անմահության երթով, միեւնույն ժամանակ՝ հայրենիքի կորստով: Իրենց մեծարելը, կարծում է, որեւէ կերպ նրանց ոչինչ չի ավելացնի, բայց մենք մշտապես Վաչագանի եւ մյուսների ծնողների ներկայության եւ նրանց հայացքի ներքո ենք ապրում. «Իրենք մեզ պարտքի տակ են թողել. իրենց կյանք ենք պարտք մնացել, հայրենիք ենք պարտք մնացել, պետություն ենք պարտք մնացել… Իրենց նահատակությունը տեղի է ունեցել ամբողջական հայության, մեր ինքնության, մեր հավատքի, մեր արժեքների, մեր հայրենիքի, մեր պետականության եւ մեր արժանապատիվ գոյության համար: Սա հերոսների ճանապարհն է»: Վաչագանին է մեջբերում. «Հայրենիքը կենդանի ապրող մարմին է եւ իր զավակների արյան կարիքն ունի, սնվում է իր զավակների արյունով»: Ասում է՝ այդ գիտակցությամբ է Վաչագանը գնացել առաջնագիծ, իր կռիվը տվել եւ այդ գիտակցությամբ էլ մահացել եւ հերոսացել: Հիմա հետագիծը մեզ է մնացել եւ իր համար հարցադրումը՝ իրենք մահացա՞ծ են, թե՞ մենք ենք մեռած, արդիական է. «Իրենք այրվել են, մենք՝ մոխրացել եւ սրանք խոսքեր չեն պարզապես, սա այն իրականությունն է, որում մենք ապրում ենք ամեն օր, ամեն ժամ: Մեր հայացքը նաեւ երկինք է ուղղված՝ վաչագաններին, ովքեր գնացել են ճիշտ ճանապարհով եւ վստահ եմ, մեզ էլ առաջնորդելու են»:

Մանրամասները՝ տեսանյութում

«Պատերազմը չի ավարտվելու, քանի դեռ մենք, իբրեւ ազգ, որոշում ենք կայացրել՝ ապրել այս տարածաշրջանում, այս հայրենիքում, այս երկրում: Սա մեր ազգի ինքնության հավերժական կռիվն է, որին միշտ պետք է պատրաստ լինենք: Կեղծ խաղաղությամբ առաջ գնալու ոչ մի երաշխիք չունենք, մեր խաղաղության միակ նվաճումը՝ գիտակցությունն է, որ մենք որոշում ենք կայացրել ապրել աստվածատուր այս երկրում, մեր սրբազան հայրենիքում, որտեղ ջրերից ավելի արյունն է շատ՝ մեր զավակների ու հայրերի: Մենք մեր ներքին պատերազմը, մեր հոգու պատերազմը պիտի հաղթենք, որ մեր վճռական հաղթանակը տանենք՝ ինքնության, արժանապատվության հաստատումով». Սրբազանի խոսքն ուղղված է բոլոր նրանց, ովքեր խաղաղության կեղծ թեզերով են առաջ գնում: Ասում է՝ ուզում ես խաղաղություն՝ պիտի ձեռք բերես հաղթանակ, ռազմասեր եւ պատերազմասեր լինես: Պատերազմասեր մարդկանց ինքը ռեւանշիստ չի համարում, այլ՝ հաղթանակածներ:

«Չեմ կարողանում մոտենալ այն արժեհամակարգին, որին ինքը դավանել է, որով գրել է, որով իրեն հայրենիքի զինվոր էր կերտում՝ ոչ միայն զենքով զինվոր: Ազգային պատկանելիությունը աստվածային մեծ պարգեւ էր համարում, հայ լինելը՝ մեծ գնահատանք»,- որդու մասին Խաչիկ Մանուկյանն է ասում ու հավելում՝ «դժվար է, երբ ճանապարհում ես նրան, ով քեզնից ուժեղ էր»:

«Կարոտի թախիծը ողբերգության հետ չշփոթենք». Վաչագանի խոսքերն են: Հոր՝ Խաչիկի մոտ թանձրացողը կարոտի թախիծն է, իսկ ողբերգություն չկա. «Հերոսապատումը ողբերգություն չի ենթադրում, հերոսությունը, սխրագործությունը բացառիկ բան է, որին տղաները տիրել են»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930