ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը «Լը Ֆիգարո» օրաթերթին
Նոյեմբերի 11-ին` Փարիզ աշխատանքային այցի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց էր տվել ֆրանսիական հեղինակավոր «Լը Ֆիգարո» (Le Figaro) օրաթերթին, որը ներկայացված է ստորև.
Ինչպիսի՞ն է իրավիճակը սահմանին և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից մեկ տարի անց։
Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան ավարտվեց 2020թ. նոյեմբերի 9-ին կրակի դադարեցման վերաբերյալ եռակողմ հայտարարությամբ։ Այնուամենայնիվ, իրավիճակը շատ լարված է մնում։ Այս մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի կողմից արձանագրվել է հրադադարի շուրջ երեսուն լուրջ խախտում, որի արդյունքում հայկական կողմից եղել են զոհեր և վիրավորներ։ Սպանվել են նաև քաղաքացիական անձինք։
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, Հայաստանն ամեն ջանք գործադրում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ։ Սակայն, որպեսզի այս գործընթացն արդյունավետ լինի, ջանքերը պետք է երկկողմանի լինեն։
Ինչպիսի՞ ջանքեր է պատրաստ գործադրել Հայաստանը։
Երկու կողմերի հռետորաբանությունը մեծապես տարբերվում է։ Հայաստանը խոսում է հաղորդակցության բոլոր ուղիների բացման, մինչդեռ Ադրբեջանը պնդում է, այսպես կոչված, «միջանցքի» մասին (Նախիջևանի հետ, որը գտնվում է Հայաստանի, Թուրքիայի և Իրանի միջև, խմբ.)։ Հայաստանը, որպես բարի կամքի դրսևորում, պատրաստ է փոխանցել իր տրամադրության տակ գտնվող տարածաշրջանում տեղակայված ականների բոլոր քարտեզները, սակայն Ադրբեջանը, պարտավորություն ունենալով հանդերձ, ազատ չի արձակում հայ ռազմագերիներին։
Այն ժամանակ, երբ մենք խոսում ենք խաղաղության մասին, Ադրբեջանը բազմապատկում է այլատյաց հայտարարությունները։ Դրանց մասին են վկայում Ադրբեջանի նախագահի ելույթները, Բաքվում այս տարվա գարնանը բացված «Ռազմավարների պուրակը», որտեղ հայերը ներկայացված են նսեմացված և ծաղրի ենթարկված։
Մինչև ո՞ւր կարող է տանել ատելության այս քարոզը, որի մասին Դուք խոսում եք։
Այս բարդ հարցի պատասխանը գտնվում է Բաքվում։ Ատելությունը կարող է հանգեցնել բնաջնջման և ցեղասպանության։ Հայ ժողովուրդը գիտի դա։
Տևական խաղաղություն հնարավոր է, բայց հայկական բնակչության առկայություն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում դժվար է պատկերացնել։ Պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում այսօր որևիցե հայ չի ապրում, ինչն էթնիկ զտման փաստացի ապացույց է։
Քանի՞ ռազմագերի է պահվում Ադրբեջանում և ինչպիսի՞ պայմաններում։
Բազմաթիվ են վկայությունները՝ հայ ռազմագերիների հանդեպ կիրառվող անմարդկային և արժանապատվությունը վիրավորող վերաբերմունքի ու կտտանքների մասին։ Այս դեպքերը փաստագրված են տարբեր միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, այդ թվում՝ «Human Rights Watch»-ի կողմից։ Մեզ մոտ առկա են նաև փաստագրված տեսանյութեր և լուսանկարներ, որոնք վկայում են այդ անձանց գերեվարված լինելու մասին, սակայն Ադրբեջանը չի հաստատում նրանց գոյությունը։
Նրանք կարող են արտադատական մահապատժի ենթարկված լինել, պահվել ընդհատակյա բանտերում կամ մարդկային օրգանների թրաֆիքինգի զոհ դարձած լինել։ Ադրբեջանը հաստատել է 40 հայ ռազմագերիների առկայությունը, իսկ ևս 100-ինը՝ ժխտել։
Անցած չորեքշաբթի Դուք հանդիպեցիք Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանին, իսկ այնուհետև Ձեր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ մասնակցեցիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներգրավվածությամբ եռակողմ հանդիպմանը։ Ո՞րն է եղել վերջինիս արդյունքը։
Նախ և առաջ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Մակրոնին, ֆրանսիացի խորհրդարանականներին և բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերել Հայաստանին։
Ցանկանում եմ ընդգծել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցությունների վերսկսման կարևորությունը։ Անշուշտ, հակամարտության վերջնական կարգավորման հարցը օրակարգում է: Բայց այս փուլում մենք պայմանավորվեցինք առաջ շարժվել փոքր քայլերով՝ կապված ռազմագերիների ազատ արձակման, հումանիտար նպատակներով Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մուտքի ապահովման հետ, որը նպատակաուղղված կլինի հայկական պատմամշակութային ժառանգության վիճակի վերահսկմանը, քանզի Արցախի պատմամշակութային հուշարձանները գտնվում են Ադրբեջանի կողմից դիտավորյալ ոչնչացման սպառնալիքի ներքո։ Նման օրինակ է պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների կիրառմամբ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի ռմբակոծումը։ Արցախի շուրջ 1․500 մշակութային հուշարձաններ, 19․000 թանգարանային նմուշներ վտանգված են։
Ինչպիսի՞ դեր պետք է ունենա Ռուսաստանը, որը հրադադարի պահպանման նպատակով 2000 զինվոր է տեղակայել Լեռնային Ղարաբաղում։
Ռուսաստանին հաջողվել է դադարեցնել պատերազմը ռազմական գործողությունների 44-րդ օրը։ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է։ Ռուսական խաղաղապահ ուժերը ապահովում են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը և նպաստում են բնականոն կյանքի վերականգնմանը։ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները ուղղված են նաև ռուս խաղաղապահների հեղինակության դեմ։
Պատրա՞ստ է արդյոք Հայաստանը կարգավորել Թուրքիայի հետ իր հարաբերությունները և ընդունել Ադրբեջանը և Թուրքիան կապող միջանցքի առկայությունը։
Մենք մշտապես հայտարարել ենք, որ պատրաստ ենք կարգավորել մեր հարաբերություններն առանց նախապայմանների՝ չնայած Արցախի դեմ պատերազմի ընթացքում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերված հսկայական աջակցությանը՝ ինչպես քաղաքական առումով, այնպես էլ՝ սպառազինության մատակարարմամբ և հազարավոր օտարերկրյա վարձկանների տեղակայմամբ։
Մենք դրական ազդակներ ենք ստացել Թուրքիայի կողմից երկխոսությունը վերաբացելու ուղղությամբ, բայց այն խրթին է մնում։ Անկարան նոր պայմաններ է առաջադրում։ Դրանց թվում Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքն» է։ Դա բացարձակապես չի կարող քննարկման առարկա լինել։ Պետությունները պետք է տարանցում թույլ տան՝ պահպանելով սեփական տարածքի նկատմամբ ինքնիշխանությունը։ Տարածաշրջանի հաղորդակցության բոլոր ուղիները պետք է վերաբացվեն։
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ