Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն ու Սինգապուրը համատեղ շատ բան կարող են անել. ես ցանկանում եմ Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների հանգույց դարձնել»․ Արմեն Սարգսյան

Նոյեմբեր 20,2021 12:11

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 19-ին այցելել է Սինգապուրի ազգային համալսարանի Քվանտային տեխնոլոգիաների կենտրոն, շրջել կենտրոնում, ծանոթացել գործունեությանն ու ծրագրերին:

Կենտրոնը հիմնվել է 2007 թվականին Սինգապուրի Ազգային հետազոտությունների հիմնադրամի և կրթության նախարարության աջակցությամբ: Որպես առաջատար հետազոտական կենտրոն, այն միավորում է ֆիզիկոսների, համակարգչային գիտնականների և ինժեներների՝ քվանտային ֆիզիկայի վերաբերյալ հիմնարար հետազոտություններ կատարելու և քվանտային երևույթների վրա հիմնված սարքավորումներ ստեղծելու նպատակով: Այստեղ հրավիրվում են աշխարհի առաջատար մասնագետներ:

Նախագահ Սարգսյանը հանդիպել է Սինգապուրի ազգային համալսարանի փոխնախագահ, պրոֆեսոր Ցուհան Չենի, Քվանտային տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Խոսե Իգնասիո Լատորեի, Ազգային հետազոտությունների հիմնադրամի «Խելացի ազգ և թվային տնտեսություն» բաժանմունքի ղեկավար Քեոկ Թոնգ Լինգի հետ:

Նրանք նախագահ Սարգսյանին ներկայացրել են կենտրոնի գործունեությունը, ծանոթացրել իրականացվող հետազոտություններին և տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև բժշկության մեջ դրանց կիրառմանը:

Հանդիպմանը քննարկվել են փոխշահավետ համագործակցության հնարավորություններին և ուղղություններին, մասնավորապես փորձի փոխանակմանը, երիտասարդ մասնագետների ու գիտնականների փոխանակման ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը՝ նշել, որ այն, լինելով ապագային միտված ծրագիր, կենտրոնանալու է երկրի գիտատեխնոլոգիական զարգացման, մասնավորապես արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման վրա։ Նախագահն ասել է, որ, հաշվի առնելով նաև, որ Սինգապուրն ունի զարգացած քվանտային էկոհամակարգ, ուրախ կլինեն գործընկերներ ունենալ նաեւ Սինգապուրից։ Ազգային համալսարանի, հետազոտությունների հիմնադրամի և քվանտային տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավարներն իրենց հերթին նշել են, որ հետաքրքրված են փոխգործակցությամբ եւ պատրաստ են այցելել Հայաստան՝ ուսումնասիրելու եւ քննարկելու համատեղ աշխատանքի կոնկրետ ուղղություններ:

Նախագահ Սարգսյանը մասնակցել է նաեւ Սինգապուրի ազգային համալսարանի բժշկագիտական դպրոցի (NUS Medicine) միջազգային խորհրդի ֆորումին, որտեղ խոսել է հայ-սինգապուրյան հարաբերությունների, գիտության, կրթության ոլորտներում փոխգործակցության ներուժի, պետությունների ապագա զարգացման գործում կրթության ու տեխնոլոգիաների դերի մասին, պատասխանել մասնակիցների տարաբնույթ հարցերին:

Անդրադառնալով հայ-սինգապուրյան հարաբերություներին՝ Հայաստանի նախագահը նշել է, որ Սինգապուրը շատ հայերի համար առանձնահատուկ երկիր է, քանի որ հայերն այստեղ ունեցել են և ունեն նշանակալի հետք ու ներկայություն:

Խոսելով Հայաստանի և Սինգապուրի ընդհանրությունների մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ երկու ժողովուրդներն էլ արժևորում են կրթությունն ու գիտությունը: «Դա լավ հիմք է կրթության, գիտության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու համար: Մրցունակ պետության հիմքը մրցունակ կրթությունն է, և մեր երկրում պետք է ամեն ինչ անենք կրթությունն ու գիտությունը, բարձր տեխնոլոգիաները զարգացնելու համար,- ասել է նախագահը: -Հայաստանն ու Սինգապուրը համատեղ շատ բան կարող են անել: Ես ցանկանում եմ Հայաստանը գիտության և տեխնոլոգիաների հանգույց դարձնել»:

Հայաստանի նախագահն ընդգծել է, որ Սինգապուրը լավ օրինակ է մեր երկրի համար։ «Չունենալով մեծ բնական ռեսուրսներ, լինելով փոքր երկիր՝ Սինգապուրն ուներ մարդկային ներուժ: Գաղափարի ուժ, տեսլական, ռազմավարություն. հենց սրանք են կերտել Սինգապուրը, -նշել է նախագահ Սարգսյանը: -Հույս ունեմ, որ այդ գաղափարի ուժն իմ երկիրը ևս կդարձնի հզոր և բարգավաճ, և ես կկարողանամ ասել, որ մենք կրկնել ենք Սինգապուրի օրինակը»:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930