Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի խորհրդական․ Այլընտրանքային ճանապարհը շատ հեռու է լիարժեք լինելուց, բայց ինտենսիվ աշխատանքներ էին գնում․ «Հրապարակ»

Նոյեմբեր 20,2021 11:39

Մեր զրուցակիցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն է, որը շուրջ 1 տարի է, կարելի է ասել՝ տեղափոխվել է Սյունիքի մարզ եւ Սյունիքում Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի համարում ունի։

– Պարոն Ղուկասյան, ինչպե՞ս է կյանքը Սյունիքի՝ շրջափակման մեջ հայտնված բնակավայրերում՝ Շուռնուխում, Որոտանում, Բարձրավանում։

– Ես այժմ ավելի շատ Ծավի թեւի 6 բնակավայրերում եմ լինում, գիտեմ, որ, եթե չեմ սխալվում, սկսված օրից մինչեւ հիմա հացը տարվում-տրամադրվում է, ճանապարհների հետ էլ աշխատում են, ճանապարհներն են բարեկարգում։ Ինձ բոլորն էլ այդ գյուղերում ճանաչում են, դեռեւս հատուկ ինչ-որ խնդրով չեն զանգել մարդիկ, բայց, ինչ խոսք, բազմաթիվ խնդիրներ կլինեն, որովհետեւ գիտեմ, որ վերջնական ավարտված չեն ճանապարհները, եւ այդտեղ պետք է որ խնդիրներ լինեն։

– Իսկ այդ համայնքներում բնակիչները կարողանո՞ւմ են համայնքից դուրս գալ, այլ համայնքներ գնալ, ինչ-որ ճանապարհներ կա՞ն։

– Շուռնուխից գիտեմ, որ Շուռնուխ-Տանձավերը կա, եւ Շուռնուխից դեպի Քաշունիով այդ ճանապարհն է, աշխատում են այնտեղ, նաեւ Շուռնուխից Որոտանով Խոտ գյուղը տանող ճանապարհը կա, Բարձրավանից էլ դեպի Ձանձավեր գնացող ճանապարհը կա։ Ես մի 3 օր առաջ եմ այնտեղ եղել, տեխնիկան աշխատում էր, վարչական ղեկավարների հետ միշտ կապի մեջ եմ, գիտեմ, որ ինտենսիվ կառուցվում են ճանապարհները, մնացած բոլոր տեսակի խնդիրները, որ զանգում-բարձրաձայնում են, փորձում եմ դրանց օպերատիվ լուծումներ տալ։ Եթե չեմ սխալվում, այնտեղ «ՈւԱԶ» մեքենաներ էլ են տրամադրվել, եւ նաեւ 2 «ԿամԱԶ»-ներ կան, որ հրատապ դեպքերում օգնում են։ Այլ բան այս 3 գյուղերում գոնե ինձ չեն ասել վարչական ղեկավարները։ Իսկ մնացածը, բնական է, կյանքն այս պահին ավելի դժվարացել է։

– Երեկ տեսանյութ տարածվեց Կապան-Ճակատեն ճանապարհից, որտեղ դիակն ընկել էր մեքենայից՝ ճանապարհի անանցանելիության պատճառով։

– Դա ավելի շատ Գեղանուշ-Ճակատեն ճանապարհն է։ Ես այդ օրը, ճիշտ ասած, Ճակատենում եմ եղել․․․, ինձ ասել են, որ մամուլում կա նման բան, չգիտեմ։

– Այդ ճանապարհներն ընդհանրապես երթեւեկելի՞ են։

– Այն ճանապարհները, որոնք կառուցվում են, երթեւեկելի են ամենագնացների համար, բայց հիմա այդ ճանապարհը խճապատվում է։ Մյուսն էլ Մեղրիով է, բոլորին հայտնի, Շվանիձորով գնում է Մեղրի։ Այդտեղ փորձել եմ ամեն ինչ անել, բոլոր խնդիրները, որոնք բարձրաձայնվում են, օպերատիվ լուծումներ են ստանում։ Տրամադրել ենք նաեւ անհրաժեշտ քանակի վառելիք՝ տարբեր տեսակի, նաեւ վարչական շենքերում ենք թողել, որպեսզի, եթե պակասի, օգտագործեն։ Շարժական գազն է գնացել այնտեղ, որպեսզի մեքենաները լիցքավորվեն, վաղը, կարծում եմ, հեղուկ գազը կհասնի։ Բոլոր տեղերում, երբ մարդկանց ինչ-որ բան է պետք լինում, վարչական ղեկավարներին են ասում, համակարգում, կազմակերպում ենք, որ ժամանակին հասնի։ Այսինքն՝ ստեղծված իրավիճակում անում ենք ամեն ինչ, որ մարդիկ իրենց շատ նեղված չզգան, եւ կարծում եմ՝ պիտի այսպես անենք, մինչեւ այլընտրանքային ճանապարհը սկսի լիարժեք գործել։

– Ե՞րբ կսկսի գործել, աշխատանքներն ի՞նչ փուլում են։

– Ես մի քանի օր առաջ այնտեղ ոտքով քայլել եմ, բնականաբար, ասել, որ ճանապարհը լիարժեք է, շատ հեռու է լիարժեք լինելուց, բայց ինտենսիվ աշխատանքներ էին գնում։ Ես մեքենայով էլ եմ անցել, բարդ ճանապարհ է, եւ քանի որ աշխատանքներ են իրականացվում, դա հավելյալ էլի բարդացնում է, բայց համապատասխան մարմինները խոստացել էին, որ 2-3 օրվա մեջ կխճապատեն, եւ փակված ճանապարհին զուգահեռ ճանապարհը կսկսի գործել, որը կդառնա հիմնական։

 

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930