Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մի կանոնակարգված, պետականորեն համակարգված բան չկա ոչ մի բնագավառում. «Հրապարակ»

Նոյեմբեր 20,2021 10:42

Նիկոլ Փաշինյանը վերջին 3 տարում հարյուրավոր խոստումներ է տվել։ Խոսքը 2018 թ․ իշխանափոխության ժամանակ միլիոնավոր դոլարների ներդրումների, ներգաղթի, ազատ ու երջանիկ Հայաստանի վերաբերյալ խոստումների մասին չէ, այլ ընդամենը մեկ տարվա վաղեմության ճանապարհային քարտեզի։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի պահանջին ի պատասխան, ներկայացրեց իրավիճակի հանգուցալուծման 15 կետանոց ճանապարհային քարտեզ, որի 1-ին եւ 2-րդ կետերն են․ «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափով՝ Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի հարցի առաջնահերթության ընդգծմամբ: Ապահովել արցախցիների վերադարձն իրենց հայրենի օջախներ»։

«Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանի խոսքով՝ կացարանով ապահովվել է հադրութցիների մի քանի՝ մատների վրա հաշված ընտանիք։ Դա, մեր զրուցակցի խոսքով, չի կազմում անգամ զոհվածների ընտանիքների տասը տոկոսը։ «Էդ տեղավորելն էլ՝ իրենց քեֆին․ ոնց ուզում են, անում են։ Չեն ասում, որ դիմացինը մարդ է․․․ էս մի տարվա ընթացքում մարդ կա, որ մի 8-10 անգամ վարձու բնակարանի տեղը փոխել ա, չեն ասում, որ մարդ է՝ չի կարող էստեղից էնտեղ քոչել։ Ոչ մի կանոնակարգված, պետականորեն սիստեմավորված բան չկա ոչ մի բնագավառում»,-ասում է Հայրյանը։

Նրա կարծիքով՝ իրենց մասին Հայաստանի իշխանությունները մտածում են ոչ թե իրենց խնդիրները լուծելու տեսանկյունից, այլ որպես գլխացավանքի։ Այս պահին «Հանուն Հադրութի» շարժումը պահանջում է փախստականի կամ տեղահանվածի կարգավիճակ, որը չեն տալիս։ Լեւոն Հայրյանն ասում է․ «Մեզ ասում են՝ դուք ավելի բարձր կարգավիճակ ունեք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք։ Առանց էդ էլ էդ նույն միտքն օգտագործվում է հակառակ կողմից՝ Ալիեւի, որն ասում էր՝ Հադրութում մշտական բնակիչ չի եղել, դրանք Հայաստանի քաղաքացիներ են եղել, որոնք ժամանակավոր բնակվում էին Հադրութում։ Հիմա մենք խնդրում ենք, որ փախստականի կարգավիճակ տան, որպեսզի վաղը, երբ գոնե էդ չեղած թուղթը, որ կա, դրա կետերը որոշեք իրականացնել (նկատի ունի նոյեմբերի 9-ի պայմանագիրը), իրավունք ունենանք վերադառնալ մեր հայրենիք, ՀՀ-ի եւ Արցախի իշխանությունները խուսափում են․․․ նաեւ ուղիղ մեզ պատասխանելուց»։

Լեւոն Հայրյանն ասում է, որ իրենք մտովի հաշտվել են տարածքների կորստյան հետ, ու դրա համար էլ հադրութեցիների համար տներ են սարքում Ասկերանի շրջանում կամ Ստեփանակերտի մի թաղամասում ու կիսադատարկ, խուլ գյուղերում, որտեղ 1-2 դատարկ տուն կա։ «Երբ մենք ասում ենք, որ ավելի լավ է, որ մի որեւէ սահմանամերձ բնագծի մոտ մեզ համար ժամանակավոր բնակավայր սարքեք, որպեսզի էնտեղից մենք գոնե բարոյական ճնշում գործադրենք՝ մեր հողերը վերադարձնեն, դա էլ են անտեսում»։ Լեւոն Հայրյանն այս ամենից միայն մի բան է հասկացել, որ իշխանությունները դրանում շահագրգռված չեն եւ ինչ ասում են, ասում են՝ մանիպուլացնելու համար։ Ավելի կոնկրետ․ «Մեր գլուխներն արդուկելու համար, որ ժամանակ շահեն։ Եվ իրենց մոտ կոնկրետ քայլեր՝ Հադրութ կամ Շուշի վերադարձնելու, չեմ տեսնում։ Դրանց հակաքայլեր շատ եմ տեսնում»։

 

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930