Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Փաշինյանի այսպիսի հայտարարությունները կարող են «հրավեր» ծառայել հակառակորդի համար կրկին ՀՀ տարածք ներխուժելու համար․ «Փաստ»

Նոյեմբեր 20,2021 10:16

Վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի ներխուժումը Սյունիքի տարածք ու դրանց բռնազավթումը հերթական անգամ ի ցույց է դնում այն իրողությունը, որ անցյալ տարի սեպտեմբերին սկսված պատերազմն այդպես էլ չի ավարտվել, ուղղակի այլ փուլ է թևակոխել։ Այդ դեպքում կարող է հարց հնչել, թե ինչի՞ համար էր նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումը։

Դրա նպատակը մեկն էր՝ ֆիքսել հայկական կողմի կապիտուլ յացիան ու առանց դիմադրության, կոնկրետ ժամկետներում հանձնել Արցախի կենսագործունեության համար էական նշանակություն ունեցող տարածքները։ Եթե նոյեմբերի 9-ի հայտարարությունը լիարժեք գործեր, ապա Ադրբեջանը պատերազմի սանձազերծումից մեկ տարի անց արդեն բոլոր գերիներին հանձնած կլիներ, Արցախի ու Հայաստանի սահմաններին անընդհատ սադրանքների չէր դիմի, ճանապարհները բացած կլիներ և այլն։

Թերևս դրան նպաստում է նաև Հայաստանի իշխանությունների անողնաշար կեցվածքը, քանի որ տպավորություն է ստեղծվում, որ մեր երկրում ընդհանրապես իշխանություն չկա կամ, եթե կա էլ, նպաստում է վերոնշյալին։ Ու ընդհանրապես, ՔՊ-ական իշխանությունն ավելի շատ խնդիրներ է ստեղծում մեզ համար, քան լուծում է այդ խնդիրները։ Օրինակ՝ Փաշինյանը ԱԺ ամբիոնից հայտարարում է, թե Խորհրդային Ադրբեջանի տարածքներ կան, որ գտնվել ու գտնվում են Հայաստանի վերահսկողության ներքո։ Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ ադրբեջանական ագրեսիայի լեգիտիմացում։

Եթե հայտարարում ես, որ «ադրբեջանական տարածքներ» ես զբաղեցնում, ապա ինչո՞ւ ես դիմում ռուսական կողմին կամ միջազգային հանրությանը, որպեսզի օգնություն տրամադրեն կամ դատապարտեն ադրբեջանական ագրեսիան, քանի որ ստացվում է, թե Ադրբեջանը վերականգնում է իր վերահսկողությունն «իրեն պատկանող» տարածքների վրա։ Ալիևն էլ է նույնն ասում, ինչ Փաշինյանը, թե Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքներ կան։ Բացի այդ, Փաշինյանի այսպիսի հայտարարությունները կարող են «հրավեր» ծառայել հակառակորդի համար կրկին ՀՀ տարածք ներխուժելու համար։

Կամ, խոսելով Ադրբեջանի տիրապետության տակ անցած Հայաստանի 41 քառակուսի կիլոմետր տարածքի մասին, Փաշինյանն ասում է, որ այդ չափով տարածքի կորուստը եղել է դեռևս մայիսին, իսկ վերջին օրերի ռազմական գործողությունների հետևանքով այդ բալանսը որևէ կերպ չի փոխվել: Ակամայից տպավորություն է ստեղծվում, թե ՀՀ կառավարության ղեկավարը փորձում է արդարացնել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։ Ի վերջո, պետք է անդրադառնալ այն հարցին, որ նոր դիրքեր բռնազավթելով ու դիրքային բարելավումներ գրանցելով՝ ադրբեջանական զինված ուժերը հնարավորություն են ստանում մարտավարական առումով առավելություններ ձեռք բերել և ավելի մեծ տարածք պահել իրենց դիտարկման ներքո ու սպառնալիքներ ստեղծել սահմանամերձ շրջանների հայ բնակչության համար։

։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930