Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը նշանակում է զինվորական գործից կիլոմետրերով հեռու պաշտպանության նախարարի և հայտարարում է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին․ «168 ժամ»

Նոյեմբեր 20,2021 10:10

Մասնագիտությամբ՝ պատմաբան, աշխատանքի բերումով՝ գյուղապետերի համակարգող Սուրեն Պապիկյանի նշանակումը պաշտպանության նախարարի պաշտոնում կլիներ ծիծաղելի, եթե այդքան ողբերգական չլիներ։ Բայց բացի բոլոր հնարավոր վնասներից, որ ասֆալտարար այդ պաշտոնյան կարող է հասցնել առանց այդ էլ թուլացած հայկական բանակին, նրա նշանակումը վկայում է իշխանության, Նիկոլ Փաշինյանի հերթական մեգաստի մասին։ Նրա նշանակումը խոստովանություն է այդ ստի վերաբերյալ։

Արցախյան երկրորդ պատերազմից հետո գրեթե ամեն օր իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հայտարարում էին ու են, որ մտադիր են պրոֆեսիոնալ բանակ ստեղծել։ Այդ մասին գրված է նաև բազմաթիվ փաստաթղթերում՝ սկսած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրից՝ մինչև Կառավարության 2021-2026 թթ․ ծրագիր։

Այսպիսով, մի կողմից՝ իշխանությունը հայտարարում է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին, մյուս կողմից՝ պաշտպանության նախարար է նշանակում մեկին, որի ռազմական պրոֆեսիոնալիզմը սահմանափակվում է միայն հրամանատարի դանակահարությամբ։ Իհարկե, իշխանական քարոզիչները կարող են հայտարարել, որ պաշտպանության նախարարի մասնագիտությունը կապ չունի պրոֆեսիոնալ բանակի հետ, որ նախարարի պաշտոնը քաղաքական է, և այլն, և այդպես շարունակ։ Բայց նույնիսկ, եթե որևէ տեղ գրված չէ, որ պրոֆեսիոնալ բանակ ունեցող երկրի պաշտպանության նախարարը պետք է մասնագիտությամբ զինվորական լինի, այդ մասին հուշում է առաջին հերթին առողջ բանականությունը և պարզ տրամաբանությունը։ Նաև միջազգային փորձը։

Աշխարհում, իհարկե, կան պրոֆեսիոնալ բանակ ունեցող երկրներ, որոնց պաշտպանության նախարարները զինվորական չեն և անգամ տղամարդ չեն։ Բայց, նախ՝ դրանք բացառություններ են, և հետո՝ մինչև այդ մակարդակին հասնելը՝ սկզբնավորվել ու կայացել են պրոֆեսիոնալ զինվորականների ղեկավարությամբ։

Այսինքն՝ կարելի է ունենալ պրոֆեսիոնալ բանակ, սակայն ոչ պրոֆեսիոնալ պաշտպանության նախարար, բայց դրան հասնելու համար նախ պետք է կայացնել այդ բանակը, որը հնարավոր չէ առանց պրոֆեսիոնալ զինվորականի կառավարման։ Հայաստանը, սակայն, ինչպես մնացած գրեթե բոլոր հարցերում, այս դեպքում ևս գնում է հակառակ ճանապարհով՝ նշանակում է զինվորական գործից կիլոմետրերով հեռու պաշտպանության նախարարի և հայտարարում է պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու մասին։

 

Ռոբերտ ՏԵՐ–ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930