Վերջին օրերին «Փաստին» դիմում են մարտական գործողությունների մասնակից ուսանողները, նրանց ծնողները՝ ուսման վարձավճարների զեղչերի կամ փոխհատուցման հարցով: Հիմնական խնդիրն այն է, որ շատերը տարակուսանքի մեջ են, թե ի՞նչ սկզբունքով են զեղչվում իրենց վարձավճարները, ե՞րբ է հաշվի առնվում ՄՈԳ-ը և մի շարք այլ հարցեր: Պարզաբանման համար դիմեցինք ԿԳՄՍ նախարարությանը: Նշեցին, որ իրենց պաշտոնական կայքում խնդրին վերաբերող հրապարակումներ կան, որոնք կտան մեզ հուզող բոլոր հարցերի պատասխանները: Եվ այսպես՝ ամեն ինչի մասին ըստ հերթականության: 2020 թ.-ի դեկտեմբերի 10-ին կառավարության նիստում որոշում է կայացվել, որ պետությունը 100 տոկոս փոխհատուցում կտրամադրի 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողներին և մարտական գործողությունների մասնակիցների ուսանող զավակներին, կնոջը կամ ամուսնուն:
Այսպիսով՝ աբողջությամբ փոխհատուցվել է 2020 թ. առաջին կիսամյակի ուսման վարձավճարը: Հաջորդիվ՝ 2021 թ.-ի օգոստոսին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» կառավարության հեղինակած օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Պետության կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու համար օրենքում ավելացվել էին սովորողների առանձին խմբեր՝ մարտական գործողություններին մասնակցած, սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներ։ Այս տարվա սեպտեմբերի 14-ին ԿԳՄՍ-ն տեղեկացրել էր, որ պատերազմի մասնակից ուսանողները և այլ սոցիալական խմբերը կշարունակեն ստանալ ուսման վարձի զեղչ նոր կարգով: Նախարարությունը հիշեցրել էր՝ ուսվարձի փոխհատուցումը շարունակական դարձնելու և այն որպես սովորողի հիմնական իրավունք ամրագրելու նպատակով կառավարության նախաձեռնությամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին» օրենքներում:
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում