Հայ-ադրբեջանա-թուրքական հարաբերությունները հասել են մի հանգրվանի, որ այլեւս Հայաստանը համաձայն է Ադրբեջանի կողմից արվող ցանկացած առաջարկության հետ, քանզի վերջին պատերազմում մեր պարտությունից հետո, Ադրբեջանը դարձել է թելադրող եւ եթե սրան էլ ավելացնենք, որ պատերազմի հրադադարից հետո Ադրբեջանը վարում է սանձարձակ եւ լկտի քաղաքականություն, որի արդյունքում 2021թ. մայիսի 12-ից սկսած անարգել կերպով մտել եւ գրավել է սուվերեն Հայաստանի որոշակի տարածքներ ու գնալով դրանք աստիճանաբար ընդլայնում է եւ ավելի ամրապնդում իր դիրքերն այդ տարածքներում, ավելին՝ այդտեղ սկսել է կառուցապատման աշխատանքներ ու այսօր արդեն ունեն բավականին հիմնական կառույցներ, որոնք երկարատեւ նշանակության են եւ թշնամու միտումը միակն է, որ դրանք ավելի ամրացնի ու գնալով դրանց թիվն ավելի մեծացնի:
Փաստացի, ադրբեջանցիների կողմից այդ գրավյալ տարածքները՝ հարակից որոշակի շրջակայքերով, լիովին գտնվում են ադրբեջանցիների վերահսկողության տակ ու այս պահի դրությամբ չեն ուրվագծվում տեսանելի երաշխիքներ, որ դրանք երբեւէ կազատագրվեն ադրբեջանցիներից եւ ետ կվերադարձվեն մեզ: Փաստորեն, Արցախի տարածքի մեծ մասի հանձնումից հետո, Հայաստանի տարածքից ենք բավականին հատվածներ հանձնում եւ այս իրավիճակում ինչ խոսք կարող է գնալ հավասարը հավասարի հետ բանակցելու մասին: Շատ զարմանալի է, որ վերջերս մի օրինաչափության ենք հանդիպում. մերոնց վրա ադրբեջանցիների կողմից մի շարք անգամներ տարբեր տիպի կրակոցներ արձակելուց եւ անգամ մարդկանց սպանելուց հետո, ռուս խաղաղապահներն այնպես չեն խառնվում իրար եւ փորձում կրակոցի հեղինակներին հայտնաբերել ու վնասազերծել, ինչպես արեցին մի քանի օր առաջ, երբ ադրբեջանցիների կողմից արձակված կրակահերթից հետո, Արցախի հայ բնակիչներից մեկը զոհվեց, իսկ մի քանի հոգի վրավորվեցին, իսկ երբ զոհված հայի եղբայրը նռնակ նետեց ադրբեջանցիների պահակակետի վրա, ռուս խաղաղապահները մոտ 20 հոգանոց խմբով, շատ օպերատիվորեն ու նպատակասլաց քայլեր ձեռնարկեցին եւ ձերբակալեցին այդ նռնակ նետած հային, որը կրկնում եմ, փորձում էր իր եղբոր մահվան համար վրեժ լուծել:
Թվում է, թե խոսքը գնում է մասնավոր դեպքերի մասին, սակայն ռուսների խտրական մոտեցումը բերել է նրան, որ նոյեմբերի 16-ին ադրբեջանցիները ցինիկաբար գնդակոծեցին հայկական տարածքները, որի արդյունքում նրանք գերի վերցրեցին հայ զինծառայողների եւ սա այն դեպքում, երբ մեկ տարուց ավելի է, ինչ միջազգային ողջ հանրությունը տարբեր հարթակներից աղաղակում է, որպեսզի ետ վերադարձնեն Բաքվում գտնվող մեր մնացած ռազմագերիներին: Հիշում եք, որ Հայաստանի որոշ տարածքների գրավումից հետո, նրանք մեր 6 հայ զինվորներին եւս գերի վերցրին: Մի՞թե այս եւ մնացած բազմաթիվ նմանատիպ դեպքերը պարզորոշ չեն խոսում այն մասին, որ մեր եւ նրանց միջեւ խաղաղության մասին երբեք խոսք լինել չի կարող, այդ ամենն ուղղակի պարզագույն բլեֆ է:
Աշխարհին մոլորեցնում են եւ անամոթաբար բարձրաձայնում, որ իրենք խաղաղություն են ուզում, որ ուզում են հայերի հետ համագործակցաբար՝ կողք կողքի աշխատել, ապրել, սակայն 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարից հետո, եւ Արցախում, եւ Հայաստանի տարածքում հենց առաջին հնարավորության դեպքում, մշտապես կրակահերթերի տակ են պահում հայությանը, իսկ մենք ոչ մի համարժեք պատասխան չենք տալիս, քանի որ կա այդ «հրադադարի» պայմանավորվածությունը, եւ ամենագլխավորը. չէ՞ որ մենք խաղաղասեր ենք, համարյա՝ խաղաղության աղավնիներ:
Կարդացեք նաև
Հրադադար կնքած Ադրբեջանը նախորդ օրը հայկական տարածքներում գերեվարեց մեր 6 զինվորներին, մեր բնակիչները Կապան-Գորիս ճանապարհահատված անցնելիս պետք է ենթարկվեն մաքսային վերահսկողության, եւ բացի հոգեբանական ջախջախվածությունը, պետք է մաքսային գումարներ վճարեն ու այսպես շարունակ, ու այսքանից հետո մեր իշխանությունը փորձում է նույն այդ հրեշների հետ խաղաղության տարատեսակ բանաձեւեր մշակել ու կյանքի կոչել:
Վերջապես, մենք ո՞ւմ ենք խաբում. Ադրբեջանի՞ն, աշխարհի՞ն, թե՞ մեզ: Այս ի՞նչ մանկական խաղեր են, որոնց արդյունքում շարունակաբար հեղինակություն, տարածքներ ենք կորցնում եւ մշտապես զոհեր ենք տալիս: Հետաքրքիր է, էլ ի՞նչ պետք է լինի, որ մենք վերջապես հասկանանք, որ այս աշխարհում մենք լրիվ մենակ ենք եւ մեր հույսը դնենք միմիայն մեզ վրա: Եվ ամենակարեւորը. մենք իրո՞ք չենք հասկանում, որ Ռուսաստանն ունի իր մեծագույն շահերը եւ հանուն այդ շահի ու «հանուն հայերի նկատմամբ մեծ սիրո», միեւնույն է՝ պետք է վեր դասի իր շահը եւ աննկատ կերպով շատ ավելի պաշտպանի թուրքերի ու ազերիների նպատակները, քանզի հակառակ պարագայում նա կզրկվի այն մեծագույն շահերից, որը պետք է ստանա թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակների իրագործման պարագայում: Իհարկե, Ռուսաստանը թույլ չի տա, որ այդ տանդեմը Հայաստանը եւ հայությանը լրիվ վերացնի, սակայն եւ թույլ չի տա, որ հանուն պատմական ճշմարտության եւ Հայաստանի շահերի, ինքը զրկվի սպասվող քաղաքական եւ տնտեսական հզորագույն օգուտներից:
Աշխարհի հզորները եւս միարժեքորեն գնում են այս ճանապարհով, այնպես որ, քանի ամեն ինչ չենք կորցրել, պարտադրված ենք հասկանալ, որ այս վիճակից փրկության միակ ռեալ ճանապարհը՝ մեր հույսը միայն մեր վրա դնելն է, որն էլ հնարավոր է աշխարհի հայության բռունցքման ճանապարհով:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
19.11.2021