Լրահոս
Օրվա լրահոսը

Գեդիմինաս Գելգոտաս. «Ստեղծագործությունների մեր մատուցման ազդեցությունը հիպնոսացնում է»

Նոյեմբեր 20,2021 13:00

Առաջին անգամ Հայաստան է այցելել լիտվացի ճանաչված կոմպոզիտոր Գեդիմինաս Գելգոտասը իր NICO «Նոր գաղափարներ» կամերային նվագախմբով։ «Առավոտի» հետ զրույցում նա հայտնեց, որ 19 տարեկանում որոշում է ընդունել ստեղծել կամերային անսամբլ, որը հնչեցնելու էր եւ արտահայտելու էր իր գեղագիտական սկզբունքները։ Եվ արդեն 15 տարի NICO-ն հանդիսանալով ըստ էության «մեկ արտիստի սկզբունքների» արտահայտություն, հանդես է եկել Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Ասիայի երկրների հեղինակավոր համերգասրահներում, հանդիսատեսին ներկայացնելով դասական երաժշտությունն իր ողջ գրավչությամբ։ «Առավոտը» ներկա գտնվելով նվագախմբի գլխավոր փորձին, բացահայտեց, որ կոլեկտիվի հիմնական գաղափարը մեծապես որոշում է Գելգոտասի երաժշտական սկզբունքը, որտեղ դասական երաժշտության արտահայտչականությունը լրացնում է հանրաճանաչ երաժշտության, կարելի է ասել՝ թեթեւ «ակնարկներով»։

Իսկ կոմպոզիտորի սկզբունքը մինիմալիստական խորեոգրաֆիկ բաղադրիչների ներգրավումն է իր համերգային ծրագրերում։ Համակարծիք լինելով հնչեցրած մտքին, կոմպոզիտորը հավելեց. «Անպայման նկատեցիք, որ երաժիշտները նվագում են անգիր, օգտագործելով լարային գործիքների ոչ ավանդական տեխնիկա եւ ձայնարտաբերում։ Եվ այս ամենը միավորվելով, վստահ եմ՝ հատուկ գրավչություն է հաղորդում կատարմանը, նոր եզրեր հաստատելով ժամանակակից փորձարարական, մինիմալիստական արվեստի եւ հանրաճանաչ, այսպես կոչված՝ «mainstream» (գովազդային) երաժշտական ձեւերի միջեւ։ Նկատեցիք, որ ոչ միայն իմ ստեղծագործություններն են, այլեւ Վիվալդիի եւ իմ համերկրացիների՝ Ֆոն Բինգենի, Կոնստանտինաս Չուրլյոնիսի։ Իհարկե, որոշ ստեղծագործությունների փոխադրումների հեղինակը ես եմ»։

Մեր զրուցակիցը հավելեց, որ համերգին կհնչեն նաեւ Կոմիտասի ստեղծագործություններից՝ «Երկինքն ամպել ա» եւ «Էջմիածնի պար»։ Իսկ թե քանի՞ տարի է երկացանկում ունեն Կոմիտաս, Գելգոտասն ասաց. «Լիտվայում հաճախ է հնչում Կոմիտաս։ Կոնկրետ ես նրա ստեղծագործություններին ծանոթ եմ շատ վաղուց, Լիտվայի սիմֆոնիկ նվագախմբի համերգներից…»։ Նշեց նաեւ, որ որոշ ստեղծագործությունների կատարմանը իրենց կմիանան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) վեց երաժիշտներ՝ ֆլեյտահարների կոնցերտմայստեր Նարեկ Ավագյանի ղեկավարությամբ։ Դիտարկմանը, թե երբեւէ ինքը լսե՞լ է, որ նվագախմբի մատուցմամբ, օրինակ՝ հանրահայտ գործեր, ինչի ունկնդիրը եղանք՝ Վիվալդիի «Տարվա եղանակներից» «Ամառ», «Ձմեռ», կարծես հիպնոսացնում է, կոմպոզիտորը պատասխանեց. «Այո, այո։ Ստեղծագործությունների մեր մատուցման ազդեցությունը հիպնոսացնում է։ Հանդիսատեսը կարող է ինքնապարփակվել եւ տրվել մեդիտացիայի կամ վեր կենալ ու պարել։ Իսկ արդյունքը ոգեշնչող է բոլոր տարիքի հանդիսատեսի համար»։

Իսկ հիմա ներկայացնենք 35 տարեկան կոմպոզիտորի ձեռքբերումների մի մասը միայն։ Նրա ստեղծագործությունները կատարել են ճանաչված երաժիշտներ Սերգեյ Նակարյակովը, Դավիդ Գերինգասը, Քրիստիան Յարվինը, Ռոման Պատկոլոն, Լիդիյա Բայխը եւ այլն։ Իսկ ստեղծագործությունները հեռարձակվել են եւ ցուցադրվել հեղինակավոր TV-ներով, ռադիոկայաններով։ Կոմպոզիտորի հեղինակային ստեղծագործություններն ու փոխադրումները թողարկել են ճանաչված ֆիրմաներ, այդ թվում՝ Deutsche Gramophone-ը։

NICO կամերային նվագախմբի համերգը կկայանա այսօր, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որը նվիրված է Լիտվայի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։
Հոդվածը պատրաստ էր, երբ համացանցում տեսանք ռուս ճանաչված՝ խստապահանջ երաժշտագետ Նինա Ռոգոժինայի խոսքը NICO-ի, ավելի ճիշտ՝ նվագախմբի ղեկավար Գեդիմինաս Գելգոտասի մասին. «Հայացքների լայն շրջանակը, խորությունը, ազատությունը եւ ամենակարեւորը՝ արտահայտման անմիջականությունը ընդգծում են կոմպոզիտորի երաժշտական լեզվի գրավչությունը, որին հատուկ են ժամանակակից բազմաոճ ազդեցությունները, մեղեդիական գեղեցկությունը եւ ռիթմի հարստությունը…»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930