Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք գնացիք, տղերք, հայրենիքը մնաց»

Նոյեմբեր 20,2021 12:30

Խաչիկ Մանուկյանի պոեզիայի բնավորությունը

Վերջին շրջանում որոշ արդի բանաստեղծների ձեռագրերում նկատվում է նոր մոտեցում մտքի փիլիսոփայությանն ու ժամանակի հրամայականին։ Նշեցի փիլիսոփայությունը, որովհետեւ իմ երկար ուսումնասիրության ընթացքում պարզ դարձավ, որ գոյություն ունեցող երեւույթների բազմակողմանի բանաձեւումները կարելի է գտնել այնպիսի ստեղծագործություններում, որտեղ ոչ միայն կարեւորվել է պոետիկական նորմերը, այլ նաեւ ասելիքի որակական չափանիշն ու ժամանակի ընդգրկումը։

Իմ դիտարկումների առանցքում այս անգամ ժամանակակից բանաստեղծ Խաչիկ Մանուկյանի հետպատերազմական ժամանակահատվածի պոեզիան է` նոր բովանդակությամբ ու բառավորմամբ։ Որդեկորույս բանաստեղծը երգում է կարոտն ու վիշտը, հայրենիքի ցավը, կորսված համամարդկային արժեքներն ու երեւույթները, որոնք արդեն չեն զարմացնում նրան եւ բառ են դառնում` ընդգրկելով մեծ տարածություն, որտեղ ապրելու համար ուժ է հարկավոր։

Ժամանակի հասարակական-քաղաքական իրադարձությունները, դրանց ընթացքը, հայրենիքի ներքին եւ արտաքին կյանքին բացասաբար անդրադարձող երեւույթներին պատասխան է Խաչիկ Մանուկյանի այս ստեղծագործությունը.

Փողկապդ բեր կապեմ, Հայրենիք,
Հագցնեմ հանդերձդ տոնական,
Չեմ ուզում դու դառնաս խաղալիք
Արնածոր ձեռքերի մեջ ագահ,
Չեն թողել քեզ ներկա ու գալիք,
Փակել են ընթացք ու ճանապարհ,
Բայց պիտի քեզ պահեմ անառիկ,
Փշրելով ողբաձայն կոծ ու մահ–
Իմ որդու դեմքով ես դու հիմա,
Քեզ պիտի փայփայեմ ու պահեմ,
Ինչքան որ դավերին դիմանամ,
Ինչքան որ քո զավակն ու հայրն եմ:

Տեսնում ենք, թե հայրենիքի ցավն ինչպես է երգում բանաստեղծը՝ նոր սկզբունքայնությամբ, պատկերային շարժունակությամբ, ազատության տենչով ու հույսի անխռով հետքերով: Որդու դեմքով հայրենիքին փայփայելու գաղափարաբանական սլացքը բերում է քննարկման նոր դաշտ, ցույց տալիս բանաստեղծի հայրենասիրական դրսեւորումը, բայց այդքանով չի սահմանափակվում պոեզիայի ուղեգիծը, որը ուղիղ հանգրվանում է այնտեղ, որտեղ հենց ինքը՝ բանաստեղծը ե՛ւ որդի է, ե՛ւ հայր: Կարծում եմ, որ նմանօրինակ լեզվամտածողության, իրականության էական բառավորման տեսանկյունից այս ստեղծագործությունն առաջինն է հայ արդի պոեզիայում:

Դիտարկենք մեկ այլ ստեղծագործություն, որը կարելի է համարել նույնաբովանդակ ստեղծագործությունների շարքի շարունակություն:

Մենք ստի բուրգեր ենք կառուցում,
Նետվելով իրական անդունդը,
Կործանվող կյանքերի մատույցում
Իզուր է պտտվում այս գունդը–
Ստի մեջ չի աճի մեր հունդը,
Կմարի մեր ընթացքն անարեւ,
Չենք կարող շրջանցել անդունդը,
Ուր չարյաց խավարն է վարարել…

Խավարից դեպի լույս ձգվող իրականությունը նորովի է ընկալվում բանաստեղծի պոեզիայում: Երբ սուտն ու կեղծիքը առաջնային տեղերում են եւ հասարակական գիտակցության մեջ արդեն «տեղավորելի» են, իրոք, ինչպես Խաչիկ Մանուկյանն է գրում՝ իրական անդունդն ենք նետվում, ամեն ինչ անհամ ու անիրական է թվում, ձանձրալի, եւ տեսնում ենք, թե հեղինակի պոեզիայում ինչպես է մեկնաբանվում այս լողացող իրականությունը՝ ամեն պահ սպասելի «վերջը»:

Ուսումնասիրելով Խաչիկ Մանուկյանի պոեզիան, հասկանում ես, որ ոչ մի երանգ անպակաս չէ նրա տողերից, եւ ինչքան էլ բարդ է թվում որոշ ստեղծագործությունների ընկալումը, որոնք հոգեբանական խորը շերտերով են գրվել ի սկզբանե, միեւնույն է, նա կարողանում է խոսքն ու միտքը պահել բարձրության վրա՝ անժխտելի իրական արտացոլումներով:

Գրողի տողերում գաղափարախոսական արգելքներ չկան, դրանք նոր դուռ են բացում՝ մղելով մտածելու ինքնատիպ աշխարհ՝ ընկալել-գնահատելու ասելիքի ամբողջականությունը, հիմքեր ու եզրեր փնտրելու համար:

Երբ տողերում մարդն է՝ կորուստներով, անձնական ողբերգությամբ, ապրածի ու կորցրածի խաչմերուկում կանգնած, միանգամայն արագ փոխանցվում են հեղինակի այն զգացողությունները, որոնք հայի ճակատագրական արահետներին անպակաս են: Եվ գիտե՞ք, կա գաղտնիք: Խաչիկ Մանուկյանը փորձում է այդ գաղտնիքների միջոցով ներսուդուրս անել, քննել ու պարզ ստեղծագործությունները ասելիքի տարողունակությամբ մատուցել ընթերցողին:

Թվում էր, թե «Գոյամարտ» (Բարձունքը մերն է, տղերքը չկան…) բանաստեղծությունից հետո Խաչիկ Մանուկյանն այդչափ հարուստ բովանդակությամբ ստեղծագործություն այլեւս չի գրի, բայց ահա, երբ ընթերցում ես նրա վերջին ամիսներին գրած գործերը, հասկանում ես, որ բարձունք տանող ճանապարհն այդքան կարճ չէ, այլ անշեղելի ու հասանելի է:

Դուք գնացիք, տղերք,
Հայրենիքը մնաց,
Որբ կարոտն է վազում ձեր թաղերում,
Հիշողություններ են փլվում ուշագնաց,
Տանիքները ճեղքող անձրեւներ են մաղվում:
Չէր գոցվելու ոչինչ ձեր մեծ սիրո դիմաց,
Խորքում` անմահության շունչը վերին…
Դուք գնացիք, տղերք,
Հայրենիքը մնաց,
Ի՜նչ բալասան տանենք ձեր մայրերին:

Մանկությունից մինչեւ երիտասարդություն քառուղին արդեն որբացել է, եւ հիշողություններն այնքան բազմազան են, որ նրանք նույնպես կարոտից փլվում են: Այս տողերում բանաստեղծը նվիրյալ տղաների սիրո անջնջելի փաստն է ներկայացրել, այնուհետեւ նրանց ֆիզիկապես ներկա չլինելու արդյունքում գոյացող զգացողություններն է բառավորել:

Դիտարկենք Խաչիկ Մանուկյանի մեկ այլ ստեղծագործություն, որը հոր անկեղծ զրույցն է որդու հետ՝ դեպի երկինք, անհունություն, անավարտ ճախրանք:

Բա հիմա ո՞ւր են
տատրակներդ,
Թռչում են ու ինձ չե՞ն երեւում–
Կտուցներից կախ՝ կիսված սերդ
Ամբողջացնում են վերեւներում:
Քո հեռանալը ինձ չեն ներում
Հրեշտակները վրաս սահող–
Ե՛ս պիտի գայի անլուր հեռուն
Եվ քո փոխարեն դառնայի հող:

Այս տողերը ցույց են տալիս այն ընդերքը, որտեղ սկսում է ապրել բանաստեղծությունը՝ մի քիչ թաքուն, բայց ճակատը բաց, խոսքի մեջ հաստատուն: Այստեղ խոսում է ոչ միայն կյանքը, այլեւ սերը, մշտարթուն սիրո գիտակցումը: Հոր ձայնն ու որդու թռիչքն այնքան հարազատ են իրար, որ կարծես հեռու ու մոտիկ տարածքներում միահյուսվելով իրար՝ հողից դեպի երկինքն ու հակառակն են տանում կյանքի սլաքը:

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930