Լրահոս
Օրվա լրահոսը

Անվասայլակը չի խանգարում «քայլել» երազանքի ճանապարհով

Նոյեմբեր 20,2021 12:00

Ռաֆիկը մարզվում է, մեդալներ ստանում ու օգնում ուրիշներին

Աշտարակ քաղաքում բնակվող շատ երիտասարդների համար Ռաֆիկը մեկն է, ումից կարելի է մշտապես օրինակ վերցնել: Ռաֆիկի մոտ հաշմանդամությունը նկատվել է դեռ այն ժամանակ, երբ նա 5 ամսական էր: Բժիշկները ծնողներին վստահեցրել էին, որ վիրահատության դեպքում միանշանակ կքայլի, եւ 11 տարեկանում վիրահատեցին, սակայն վիճակը չփոխվեց:

Հոր՝ Վանիկ Գրիգորյանի խոսքերով՝ Ռաֆիկը երբեք սայլակով տեղաշարժվելուց չի նեղվել. «Մենակ փոքր տարիքում շատ էր հարցնում՝ բա երեխեքի հետ չեմ խաղալո՞ւ»:

Ռաֆիկին փոքր տարիքում երեխաների հետ խաղալ չհաջողվեց, սակայն 19 տարեկանից սկսեց զբաղվել բազկամարտով, մասնակցեց Հայաստանում անցկացված հաշմանդամություն ունեցող մարդկանց բազկամարտի առաջնությանն ու արժանացավ արծաթե մեդալի, ավելի վաղ նաեւ բրոնզե մեդալ էր ստացել: Նա մասնակցել է նաեւ մի քանի բանավեճ-քննարկումների, իրազեկման դասընթացների եւ ստացել հավաստագրեր ու դիպլոմներ: Բակի ընկերներից Արամայիսը Ռաֆիկին բնորոշում է որպես կենսուրախ տղա, որը կարող է մեկ րոպեում բարձրացնել բոլորի տրամադրությունը:

«Մի օր, երբ դեռ փոքր էինք, խանութ պիտի գնայի, հոգնած էի, հավես չունեի, ասաց՝ Մայիս, նստի ավտոյովս (նկատի ունի անվասայլակը) տանեմ. նստեցի ծնկներին ու գնացինք»,-ժպտալով պատմում է ընկերը:

25 տարիների ընթացքում Ռաֆիկը հասցրել է սիրահարվել, մերժվել, տխրել, բայց միեւնույն ժամանակ ժպիտով հիշել իր միակ սիրուն:

Տարիներ են անցել, բայց նա Աննային մոռանալ չի կարողանում, փորձում է արդարացնել. «Դե դժվարություններ շատ կլինեին, մեղադրելու չի»:

Չնայած նրան, որ Ռաֆիկը երբեք չի բախվել հասարակության անտարբերությանը, այնուամենայնիվ, վստահ է՝ «հաստատ կան իմ նման մարդիկ, որոնց իրավունքները ոտնահարվում են: Հենց դրա համար էլ որոշեցի հիմնադրել հասարակական կազմակերպություն, որը կլինի իրենց շահերը պաշտպանող կենտրոն»:

Ճիշտ է՝ ո՛չ դեղորայքը, ո՛չ վիրահատությունը արդյունք չեն տվել, բայց Ռաֆիկը հիմա տնային պայմաններում շարունակում է իր մարզումները: Նա իր ապագան պատկերացնում է առանց անվասայլակի ու հենակների, հավատում է, որ հաստատ կստացվի:

Մարինա ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.11.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930