Ռուս խաղաղապահները, ըստ երեւույթին, Արցախում կշարունակեն մնալ անգամ 2025-ից հետո, բայց, դրան զուգահեռ, ցավոք, հայերի մի ստված զանգված լքելու է Արցախը, ինչն այժմ էլ տեղի է ունենում: Ադրբեջանցիները բացառապես միջազգային բոլոր կոնֆերանսների ժամանակ բավական հստակորեն հայտարարում են՝ ամեն բան անելու են, որ ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքներից հնարավորինս շատ մարդ հեռանա:
Դրան զուգահեռ՝ ադրբեջանցիներով են բնակեցնելու Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի այն տարածքները, որոնք այժմ ադրբեջանական վերահսկողության տակ են անցել՝ Շուշին, Հադրութը, Մարտակերտի ու Ասկերանի շրջանի որոշակի գյուղեր: Իսկ ամիսներ առաջ հրապարակեցին բրիտանական լավագույն ճարտարապետների կողմից նախագծված Շուշի քաղաքի գլխավոր հատակագիծը, ըստ որի՝ մինչեւ 2030-ը Շուշին պետք է 20-22 հազար բնակիչ ունենա: Ինչ վերաբերում է Հադրութին ու հարակից գյուղերին, ապա այստեղի բնակչության թիվը պետք է հասցնեն 10-15 հազարի:
Ադրբեջանցիները նաեւ չեն թաքցնում, որ անում են հնարավորը, որպեսզի մինչեւ 2030-ը արցախահայերի թիվն 2 անգամ նվազի՝ դրան զուգահեռ 40-45 հազարի հասնի իրենց վերահսկողության տակ անցած ԼՂԻՄ տարածքների բնակչության թիվը: Ու երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակի պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված չէ, Ադրբեջանը բավական հանգիստ տոնով (երբ արդեն բնակչության թիվը հավասարեցված կամ հօգուտ իրենց փոխված կլինի) կասի՝ շատ լավ, եթե ուզում եք կարգավիճակ, հանրաքվե անենք: Իսկ այդ ժամանակ արդեն վերջնականապես կարող ենք փակել Արցախի պատմության վերջին էջը:
Ս. ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում