«Նախ պետք է հասկանանք՝ արդյոք գերի են այդ տղաները, թե՞ առեւանգվել են։ Պետք է քննություն անցկացնել։ Եւ ո՞վ ասաց, որ գերի են, եւ ո՞վ ասաց, որ հանձնվել են, միգուցե գողացել են այդ տղաներին, առեւանգել են ՀՀ սուվերեն տարածքից, նույն կերպ քաղաքացիական անձին էլ կարող են առեւանգել»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասում է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով նոյեմբերի 17-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը։ Հիշեցնենք, նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ սուվերեն տարածքի վրա՝ Սյունիքի արեւելյան հատվածում։ Ինչպես հայտնել է ՀՀ ՊՆ-ն, կրակը դադարեցված է, սակայն հայական կողմն ունի 1 զոհված, 13 գերեվարված զինծառայող, 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում։ Հայկական կողմը երկու մարտական դիրք է կորցրել։
Գերեվարվածների մասին հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասել է. «Ժամանակն է, որ մենք գերեվարման յուրաքանչյուր դեպք պատշաճ հետաքննենք։ ՀՀ զինված ուժերում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ ունի պարտականություններ։ Գուցե այստեղ ընդհանրապես սխալ ենք վարվել, նաեւ՝ էմոցիոնալ ֆոնի վրա։ Պետք է քննվի՝ ինչ է նշանակում գերի ընկնել, ինչ հանգամանքներում»։
Փաշինյանի այս հայտարարությունը բուռն քննարկման, ավելի ճիշտ՝ վրդովմունքի առիթ է դարձել, նրան շատերը քննադատեցին, նշելով, որ նման հայտարարությունն անընդունելի է, անմարդկային։
Գերեվարված, թե առեւանգված, իրավական խնդիր կա, եւ, ինչպես ասում է Կարեն Հովհաննիսյանը, դա պետք է հասկանանք եւ պարզենք, նաեւ պետք է հասկանանք՝ գերի՞ են, թե՞ ռազմագերի են։ «Գերիներն իրենք են հանձնվում, ռազմագերիները ռազմական գործողությունների արդյունքում հայտնվում են հակառակորդի ձեռքում։ Գերիները նրանք են, ովքեր զենքը վայր են դնում եւ հանձնվում։ Այսինքն, մինչեւ մենք չիմանանք, թե այդ մարդիկ ինչ կարգավիճակում են գտնվում, մենք բարոյական իրավունք չունենք որեւէ բան ասելու եւ պիտակավորելու»,-ասում է ռազմական փորձագետը։
Կարդացեք նաև
Թե ինչպե՞ս են ադրբեջանցիները հայտնվել այդտեղ, ինչո՞ւ նրանց հաջողվեց գրավել դիրքերը, եւ ովքեր են պատասխանատու դրա համար, այս հարցերին ի պատասխան Կարեն Հովհաննիսյանն ասում է՝ որքան էլ կառավարության ներկայացուցիչները փորձեն իրենց ուսերից թոթափեն պատասխանտվությունը, այդ ամենի պատասխանատուները, այդ դիրքերի եւ իրավիճակի համար պատասխանատուները՝ կլինի պաշտպանության նախարար, վարչապետ, թե զորամասի հրամանատար, ամբողջ պատասխանատվությունն այս մակարդակում է։
«Պատերազմից մեկ տարի հետո մեր դիրքերը կահավորված չեն, ինժեներական աշխատանքներ կատարված չեն, մեր տղաները գտնվում են բաց դաշտում, վրանների մեջ։ Թաքստոցներ, խրամատներ, խրամուղիներ, այս բոլոր ինժեներական կառույցները, որոնք հարիր են մարտական դիրքին, չկան, եւ միանշանակ, թշնամին կարող է մտնել ու գողանալ, ոչ թե գերի վերցնել, այլ գո-ղա-նալ, առեւանգել։ Խնդիրը սա է։ Եւ սա շատ լավ են գիտակցում իշխանության ներկայացուցիչները, գիտակցելով հանդերձ՝ փորձում են սլաքներն ուղղել այլ կողմ՝ մեղավոր են, որ հանձնվում են, պետք է իրենց պայթեցնեին եւ այլն, մինչդեռ իրականությունն այդքան էլ այդպես չէ»,-նշում է ռազմական փորձագետը։
Սյունիքում ռազմական գործողությունների ընթացքում ԱԽ քարտուղարը բանավոր հայտարարեց, որ դիմում են ՀԱՊԿ-ին, հետո ռուսական կողմից լուրեր էին գալիս, թե հայկական կողմը գրավոր չի դիմել։ Այս առնչությամբ, պարոն Հովհաննիսյանն ասում է՝ ռազմական փոխօգնության հարցերը կարգավորվում են անմիջապես պաշտոնակցի հետ միասին՝ կարող են ե՛ւ զանգահարել, ե՛ւ հրավիրել, ամեն հնարավորությունը կա. «Եւ հայկական կողմի հայտարարությունները խոսում են այն մասին, որ փորձում են ամբողջ պատասխանատվությունը գցել այլ պետության վրա՝ այ, այսպիսի բան եղավ, մենք մեղավոր չենք, ՌԴ-ն կամ ՀԱՊԿ-ն է մեղավոր, մենք դիմել ենք իրենց, իրենք էլ մեզ չեն օգնել։ Մինչդեռ դիմելն այդպես չէ, դիմելը գրավոր ընթացակարգով է տեղի ունենում։ Ընդ որում, բացի 1997 թվականի պայմանագրից, կա հիանալի պայմանագիր 2010 թվականին կնքված, կրկին ՀՀ-ՌԴ ռազմական փոխհամագործակցության մասին եւ կարող են այդ պայմանագրի հիման վրա դիմել»։
Փորձագետը նույնիսկ կասկածում է, որ այդ պայմանագրի մասին պատասխանատուները տեղյակ էլ չեն։
Սյունիքում ադրբեջանցիների հարձակման նպատակը, ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը, ինչպես ասում է Հովհաննիսյանը, Սյունիքի տարածքում միջանցք ունենալն է. «Այդ գործողություններն ու հետագա գործողություններն այդ տրամաբանության մեջ են։ Իրենք ամեն ինչ անելու են, որ հասնեն դրան։ Հիմա մենք պետք է ամեն ինչ անենք, որ իրենք ոչ թե չհասնեն, այլ մեր սահմանների մոտ ձեւավորենք անվտանգային գոտիներ, ինչի մասին բազմիցս հայտարարել է Արման Թաթոյանը, բայց չգիտես՝ ինչու, որոշում կայացնողները դրա մասին չեն էլ ուզում լսել»։
Այսպիսի պատերազմական իրավիճակում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին քաղաքացիական անձի եւ քաղաքական դեմքի՝ Սուրեն Պապիկյանի նշանակումը արդյոք տեղի՞ն էր։ Այս հարցին ի պատասխան Կարեն Հովհաննիսյանն ասում է՝ այդ պաշտոնին պետք է լինի ռազմական գործիչ, պատերազմի բովով անցած մեկը, որը շատ լավ է տիրապետում թե՛ ռազմի օրենքներին, թե՛ ընդհանրապես իրավիճակին, եւ շատ լավ է ճանաչում ռազմի դաշտը. «Այսինքն, ամբողջ Հայաստանի, Արցախի տարածքը պիտի լավ ճանաչի, եւ տիրապետի ամբողջ տեղեկատվությանը։ Այսինքն այդ մարդը պետք է լեյտենանտից հասած լինի գեներալի, այս ճանապարհն անցած լինի եւ երբ նրան զեկուցում են՝ կես բառից հասկանա, թե որտեղ ինչ է կատարվում»։ Հովհաննիսյանն ասում է՝ մյուս կողմից էլ պետք է նկատել, որ որ այդ պաշտոնին ում նշանակում են, որոշ ժամանակ հետո արժեզրկվում է այդ պաշտոնը, այդ մարդիկ շուտ կորցնում են իրենց բարի համբավը. «Եւ այս իրավիճակում ես չէի ուզի, որ որեւէ ռազմական գործիչ այդ ճանապարհով անցնի»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.11.2021