Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածուն ահազանգում է. «Մեր թիմակիցներից մարդիկ կան, ովքեր աշխատում են որոշակի տեղեր, փորձում են իրենց էլ վախեցնել»

Նոյեմբեր 19,2021 23:23

Ինչպես տեղյակ ենք դեկտեմբերի 5-ին Վանաձորում նախատեսվում են ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով: «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու Արմեն Այվազյանն այն կարծիքին է, որ Վանաձորյան ընտրություններում մարդկանց փորձում են խաբել: Նրա խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Մամիկոն Ասլանյան» դաշինքը պատրաստվում են կոալիցիա կազմել, սակայն ընտրողին այդ մասին տեղյակ չեն պահում. «Քանի որ մարզային իշխանության ներկայացուցիչն ուղիղ եթերում հայտարարեց, որ չարաշահումներ կան եւ դրանից հետո իրավական գնահատական չկա, իմ մոտ կասկածներ է առաջանում, որ իրենք մտածված այդպես են անում, որ Գյումրու կրկնությունը լինի եւ ՔՊ-ն հետագայում կոալիցիա կազմի «Ասլանյան դաշինքի» հետ: Դրա համար ինձ որպես եւ՛ քաղաքացի, եւ՛ թեկնածու հետաքրքիր է իրենց դիրքորոշումը: Հստակ հարց եմ տալիս, որպես վանաձորցի, հնարավո՞ր է կոալիցիա միմյանց հետ: Կարող է իրար միանան ու քաղաքացին ընտրելով «Ասլանյան դաշինքին» ընտրել է ՔՊ, կամ հակառակը: Որովհետեւ իրենք հիմա սկզբունքորեն տարբեր քաղաքական ճամբարներով են գնում: Մյուս թեկնածուներից էլ Արկադի Փելեշյանն ասում էր, որ միանալու էր այս կամ այն կուսակցությանը: Ես ուզում եմ մեր բնակիչների հետ արդար լինեն, իրենք ընտրվում են ավագանու անդամ դառնալու, թե սրան-նրան միանալու համար: Եթե իրենք իսկզբանե չեն բացառում եւ ասում են հնարավոր է, դա քաղաքացիների հանդեպ ոչ արդար վերաբերմունք է»:

Մեր այն հարցին, թե «Ապրելու երկիր» կուսակցությունը պատրաստվում է այլ կուսակցության հետ կոալիցիա կազմել, պատասխանեց. «Ոչ, մենք չենք նախատեսում ոչ մի կուսակցության հետ կոալիցիա կազմել, մենք հիմա չենք կարող բացառել որեւէ կուսակցությանն հետ կոալիցիա կազմելը, բայց հիմա առանձին մասնակցում ենք եւ մեր պլաններում որեւէ մեկին միանալու ցանկություն մենք չունենք: Մեզ կարող են առաջարկ անել միանալու, մենք կմտածենք՝ այո, թե՞ ոչ»:

Բացի այդ, Այվազյանը նշում է, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կիրառում է նաեւ վարչական ռեսուրսը. «Մարզպետարանի ամբողջ անձնակազմը քարոզարշավի է մասնակցում եւ գնում են աշխատանքի: Վարչական ռեսուրսն այնքանով են կիրառում, որ բոլորին, նաեւ մեր թիմակիցներից մարդիկ կան, ովքեր աշխատում են որոշակի տեղեր, փորձում են իրենց էլ վախեցնել: Բայց ամենավատն այն է, որ համավարակի պայմաններում մտնում են մարդկանց տներ եւ ասում են՝ եկել ենք ձեզ ներկա-բացակա անելու, եւ դուք ո՞ւմ եք ընտրելու: Եվ գնում են առանց դիմակի: Նման դեպքեր հանդիպել են գրեթե բոլոր կուսակցությունների կողմից: Մարզային իշխանության ղեկավարը՝ Արամ Խաչատրյանը, որ փոքր գովազդային վահանակներն ամբողջ քաղաքով փակցրել է, ես վստահ եմ, որ քաղաքապետարանի հետ պայմանագիր չունի ինքը եւ դրա համար քաղաքապետարան ավագանիով սահմանված վարձավճարները չի վճարվում»:

Թեկնածուի խոսքով՝ այս օրերին տարբեր մարդիկ այցելում են տներ եւ առաջարկություններ անում. «Գնում են մարդկանց տներ եւ ասում ինչի՞ կարիք ունեն՝ դեղի, սննդի: Եվ դա համատարած բնույթ է կրում»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930