Այսօր Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում մեկ հարկի տակ էին հավաքվել արվեստագետներ, մշակութային գործիչներ: Առիթը ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի և թատրոնի և կինոյի դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Գալյա Նովենցի արխիվի հանձման արարողությունն էր:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը, որը կարևորեց սույն նախաձեռնությունը, որն արդեն իրականություն է, և նշեց՝ նրանք մասնակիցն ու ուղեկիցն են լինելու մեր հետագա մշակութային կյանքին՝ թանգարանի պատերից ներս:
ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանն էլ նշեց, որ Երվանդ Ղազանչյանը մարդկային խղճի, տաղանդի, բարության մարմնացում էր:
Կարդացեք նաև
«Չեմ կարող մոռանալ նրա ազնիվ կերպարը: Մարդ, ով գիտեր սատարել ու աջակից լիներ, գիտեր եղբայր լինելը: Երվանդը ամենատես ռեժիսոր էր և նրա լինելիության կարևորությունն անքննարկելի է»,-մասնավորապես ասել է Ռուբեն Մաթևոսյանը, խոսելով նաև Երվանդ Ղազանչյանի բեմադրած ներկայացումներից ու անցած ռեժիսորական ճանապարհից: Մաթևոսյանը նաև նշեց, որ Երվանդ Ղազանչյանը կարողացավ վերադարձնել օպերետային ներկայացումը: Ելույթի վերջում ժողովրդական արտիստը երգեց:
Երվանդ Ղազանչյանի անցած ճանապարհի մասին իրենց հուշերով կիսվեցին նաև ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն ու արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը: «Նա արեց մի բան, որը կանի միայն իսկական հայը: Մարդ, ով այնպես արեց, որ սիրվի: Իսկ Գալյա Նովենցը կարողացավ իսկական հայ կնոջ կերպարը խտացնել ու փոխանցել սերունդներին»,-ասաց Արմեն Էլբակյանը:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ, գրող Դավիթ Մուրադյանն իր ելույթում նշեց, որ Նովենցն ու Ղազանչյանն իրարով ներկայացնում էին բնության մեջ ոչ հաճախ պատահող երևույթ՝ անհատականությունների ներդաշնակությունը: «Իրար լրացնում էին,-նշեց Դավիթ Մուրադյանը, ապա առանձին-առանձին անդրադարձավ Գալյա Նովենցի ու Երվանդ Ղազանչյանի կերպարներին, նշեց, որ վերջինս նաև լավ մանկավարժ էր:-Երվանդ Ղազանչյանի մտածողությունը չէր սահմանափակվում միայն մեկ թատրոնով: Նրա մտածողությունը համամարդկային էր, կարելի է ասել՝ համազգային,-հավելեց Դավիթ Մուրադյանը»: Արդեն խոսելով Գալյա Նովենցի մասին, Մուրադյանը նշեց, որ դերասանուհի Գալյա Նովենցը կարծես իր արվեստով շարունակում է բնությանը: «Նրանք երկուսն էլ ոչ օրացուցային մարդիկ էին»,-իր խոսքն այսպես եզրափակեց Դավիթ Մուրադյանը:
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանն էլ իր ելույթում նշել է, որ Երվանդ Ղազանչյանն իր արվեստում շատ զորեղ ու պինդ էր, գիտեր «ինչն» ու «ինչպեսը»:
Նարինե Սարգսյանն ուսանել է Երվանդ Ղազանչյանի մոտ: Նա պատմեց և ներկայացրեց Ղազանչյանի հետ կապված որոշ հուշեր, հավելելով, որ անվերջ կարելի է խոսել արվեստի նվիրյալի մասին, որի արածն ու թողածը բարձր արժեք է: Նարինե Սարգսյանը ցավով նշեց, որ այսօր ԵԹԿՊԻ-ում թատերագիտական կուրս չունեն, բայց հույս հայտնեց, որ հայ թատրոնի պատմությանը նվիրված մարդիկ ավելի խորը կուսումնասիրեն Գալյա Նովենցի ու Երվանդ Ղազանչյանի արխիվը՝ պատմության ու արվեստի լավագույն էջերը գրելով:
Երվանդ Ղազանչյանի որդին՝ Հակոբ Ղազանչյանը շնորհակալություն հայտնեց բոլորին ներկա գտնվելու համար, նաև թանգարանի ղեկավարությանը՝ կարևորելով նման մշակութապահպանողական միջոցառումների անցկացումը:
Միջոցառման շրջանակում ելույթներ ունեցան արվեստի գործիչներ, ցուցադրվեց բեմական հագուստ, արխիվային լուսանկարներ ու փաստաթղթեր Գալյա Նովենցի և Երվանդ Ղազանչյանի արխիվից: Միջոցառումը երաժշտական կատարումներով համեմեցին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի արտիստները:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ